Հուլիսի 16-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դադարեցնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։
Քննելով Արդարադատության նախարարության հարուցած կարգապահական վարույթը՝ ԲԴԽ-ն որոշում էր կայացրել, որ Աննա Դանիբեկյանը էական կարգապահական խախտում է թույլ տվել, ինչի հետևանքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերն արդյունավետ չեն քննվել, և վերջերս ազատվել է քրեական պատասխանատվությունից։
Արդարադատության նախարարությունը Աննա Դանիբեկյանի նկատմամբ վարույթը հարուցել էր ԲԴԽ աշխատակազմի պատրաստած աղմկահարույց տեսանյութի հիման վրա, որում դատավորը մեղավոր էր հռչակվել Ռոբերտ Քոչարյանի գործը տապալելու համար, չնայած այն բանին, որ վերջինիս մեղսագրվող արարքներից սահմանադրական կարգի տապալման հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական Բարձր դատարանի որոշման արդյունքում, իսկ մյուս՝ կաշառքի գործով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։
Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելուց հետո ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր իր հարցազրույցների մեկում վստահություն էր հայտնել, որ արդեն նախկին դատավորը Ռոբերտ Քոչարյանից խոշոր գումար է ստացել։
Oragir.News-ն ուսումնասիրել է Աննա Դանիբեկյանի 2023 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը, որը վերջինս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել այս տարվա մայիսի 31-ին։
Աննա Դանիբեկյանը տարեկսզբին հայտարարագրել է 2 բնակարան Երևան քաղաքում, որոնցից մեկը միանձնյա սեփականությամբ, իսկ մյուսը բաժնային (1/3): Տարեվերջին Դանիբեկյանի հայտարարագրած 2 բնակարանն էլ պահպանվել է։
Տրանսպորտային միջոցներ Աննա Դանիբեկյանը չի ունեցել և տարվա ընթացքում ձեռք չի բերել։
Նախկին դատավորը առևտրային բանկերում ներդրել է ընդհանուր 37․001․000 դրամ արժողությամբ 3 ավանդ, ինչպես նաև հանձնել է 55 մլն դրամ ընհանուր արժեքով փոխառություն։
Դանիբեկյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 16․074․226 դրամ, որից 12․691․977 դրամը Բարձրագույն դատական խորհրդից ստացած աշխատավարձն է, 3․382․249-ը՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը։
Աննա Դանիբեկյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է ընդհանուր 954․429 դրամ և 40 եվրո, որոնք տարեվերջին աճել են՝ հասնելով 1․477․938 դրամի։ Նախկին դատավորի կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 100․000 դրամ, 600 եվրո և 200 դոլար, իսկ տարեվերջին 6․500․000 դրամ, 0 եվրո և 0 դոլար։
Դեկտեմբերի 31-ի դրությամբ Աննա Դանիբեկյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմվել է։
Դանիբեկյանը հայտարարագրել է նաև 2․848․000 դրամ ծախս՝ որպես հանգստի համար կատարված ճանապարհածախս։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 62․401․633 դրամ։