copy image url
Ներքին 2 օր առաջ - 23:10 27-06-2024

Ո՞վ է հովանավորում խուլիգանական գրոհներն Oragir.News-ի լրագրող Անի Ներկարարյանի ընտանիքի դեմ

Oragir.News-ի դեմ ուղղորդված հարձակումները շարունակվում են։ ՔՊ աջակից և մոդել Անիտա Հարությունյանը Oragir.News-ի դեմ հարձակումից հետո շարունակում է սպառնալ, վիրավորական արտահայտություններ անել Oragir.News-ի աշխատակից Անի Ներկարարյանի հասցեին, թիրախավորելով վերջինիս ընտանիքի անդամներին և երեխաներին։ Նկատենք, որ երեխաներին և ընտանիքի անդամներին թիրախավորելը ոչ այլ ինչ է, քան անբարոյականություն։ Եվ իրավապահներն ու իրավապաշտպաններն պարտավոր են համարժեք արձագանքել այս փաստին։

Oragir.News-ը հիմքեր ունի կասկածելու, որ իր և իր աշխատակցի դեմ հարձակումներն ուղղորդվում են իշխանությունների կողմից, քանի որ հարձակման և սպառնալիքների փաստերով ահազանգերին ոստիկանությունը համարժեք չի արձագանքել, չի նախաձեռնել վարույթ, միջոցներ չի ձեռնարկել, չի փորձել կասեցնել մամուլի և լրագրողի դեմ շարունակվող հարձակումները։ ՄԻՊ-ը ևս չի արձագանքել Oragir.News-ի և լրագրողների դեմ հարձակման փաստին։ Կասկածներ կան, որ իշխանություններն են գործիք դարձրել հիշյալ մոդելին և նրա միջոցով ահաբեկում են Oragir.News-ին ու նրա աշխատակից Անի Ներկարարյանին։ Այսպիսի գործելաոճը բնորոշ է ահաբեկչական կազմակերպություններին, որոնք իրենց աջակից կանանց միջոցով գրոհներ են կազմակերպում թիրախների, այդ թվում՝ ազատ մամուլի և լրագրողների դեմ։

Հիշյալ մոդելը, հավանաբար, իր նվիրումն առ ՔՊ-ն ու նրա ղեկավարը հաստատելու համար է շարունակում սպառնալ Oragir.News-ի աշխատակից Անի Ներկարարյանին, կարծելով, թե իշխանությունների սխալներն ու վրիպումները քննադատող ազատ մամուլի և լրագրող Անի Ներկարարյանի դեմ հարձակումների և սպառնալիքների համար Փաշինյանը նրան կշնորհի վաստակավոր խուլիգանի կամ ատելության խոսքի վարպետի պատվավոր կոչում ու դրամական պարգև կտա։

Արդյո՞ք իրավապահ համակարգն ու ՄԻՊ-ն օրենքն ու իրավունքը պաշտպանելու փոխարեն խրախուսում են խուլիգանությունը, ատելության խոսքը, մամուլի և լրագրողի դեմ շարունակվող սպառնալիքները, իսկ ՔՊ-ն իր աջակցին սաստելու փոխարեն, խրախուսում է նրա խուլիգանական, հակահասարակական վարքը։ Եվ արդյո՞ք սա ուղերձ չէ բոլոր խուլիգաններին, որոնք կարող են իրենց սերը հայտնել առ ՔՊ և անպատիժ խուլիգանություն անել։ Գուցե Փաշինյանը միտումնավո՞ր է գրոհներ կազմակերպում ազատ մամուլի և լրագրողների դեմ, որ արժանանա միջազգային գործընկերների արհամարհանքին։

Օրենքի, մարդու իրավունքների խախտման, լրագրողի դեմ սպառնալիքների և մամուլի ազատության դեմ շարունակվող արշավը կանխելու համար Oragir.News-ը ստիպված է դիմելու այլ միջոցների՝ խնդրին ներգրավելով նաև միջազգային իրավապաշտպան կառույցներին, ՀՀ-ում օտարերկրյա դեսպաններին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակից, մոդել Անիտա Հարությունյանն հունիսի 20-ին, ժամը 18։00-ի սահմաններում, մի կնոջ հետ ներխուժել է Oragir.News լրատվական կայքի խմբագրություն, հայհոյանքներ հնչեցրել, ապա հավաքել սեղաններին դրված համակարգիչներն ու սպառնացել դրանք պատուհանից դուրս շպրտել։ Այդ ընթացքում խափանվել է Oragir.News-ի բնականոն աշխատանքը։

Oragir.News-ը այդ կնոջ կողմից լրագրողական աշխատանքին միջամտելու և խոչընդոտելու, ինչպես նաև առերևույթ խուլիգանության դեպքի առնչությամբ ահազանգել է Ոստիկանություն, սակայն վերջիններս այդպես էլ չեն ժամանել։

Փաշինյանի աջակից, մոդել Անիտա Հարությունյանին դուր չի եկել Oragir.News-ի հրապարակումը, որտեղ մեր աղբյուրը հայտնել է, որ նա Դուբայում սեքս ծառայություն է մատուցում։

Անիտա Հարությունյանը խմբագրությունում սպառնացել է նյութը չհեռացնելու դեպքում խմբագրության համակարգիչները ջարդել։ Նյութը մի պահ փակվել է, սակայն նրանց հեռանալուց հետո կրկին վերահրապարակվել է։

Այդ ընթացքում Անիտա Հարությունյանը պարբերաբար կրկնել է «Կոնջորյան» ազգանունը։