copy image url
Միտք Ներքին 5 օր առաջ - 10:30 27-06-2024

Փաշինյանը թշնամիների խոսույթն է տարածում ու դարձյալ թիրախավորում նախկիններին

Անցյալի սխալները հասկանալու և չկրկնելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանը անցյալը քննում է թշնամիների ներկայիս հակահայկական քայլերն արդարացնելու և պարտությունների մեջ նախկինների և ժողովրդի մեղքի բաժինն ընդգծելու համար։ Նրա խոսքի գլխավոր խնդիրն իրենից դուրս մեղավորներ փնտրելն ու իր մեղքերն ուրիշների վրա բարդելն է։ Կարծիք կա, թե Փաշինյանը չի կարողանում կամ չի համարձակվում աշխարհին նայել քաղաքական գործչի հայացքով։ Նա, անշուշտ, կարողանում է գնահատել իրավիճակը, մարտահրավերները, ֆիքսել սպառնալիքների աղբյուրները, սուբյեկտներին, դրանք նկարագրել զգայացունց տեքստերով, սակայն չի համարձակվում իրերն իրենց անուններով կոչել, լուծումներ, ծրագրեր, գաղափարներ առաջարկել, քաղաքական դիրքորոշում արտահայտել, իսկ երբեմն էլ ուղղակի հանրայնացնում է թշնամիների խոսույթը։

Թշնամու խոսույթը հանրայնացնելու մանիպուլյատիվ հնարքը հայտնի է վաղուց։ Օրինակ՝ բռնազավթման թիրախում հայտնվող երկրներում կեղծ դիմադրության շարժման անունից թռուցիկներ են տարածվում, որտեղ գրված էր զավթիչների վայագությունների, հզորության, ագրեսիվ հավակնությունների մասին, սակայն դրանց համարժեք դիմագրելու, դրանց դեմ պայքարելու մասին գրեթե ոչինչ չէր ասվում, մի քանի վերացական բառ։ Բռնազավթված երկրների ժողովուրդները սարսափով են լցվում։ Իսկ երբ զավթիչները ներխուժում են այդ երկիրն, ապա վախեցած ժողովուրդը դիմադրություն ցույց չի տալիս ու հանձնվում է։

Օրեր առաջ Հանքավանում, ՔՊ քաղաքական ժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է Ռուսաստանից և Ադրբեջանից եկող սպառնալիքների մասին։ Ռուսաստանին առնչվող սպառնալիքի վերաբերյալ նա ասել է. «Կան նաև մեծ երկրներ, միջազգային խաղացողներ, որոնք ասում են՝ մի րոպե, ո՞նց թե՝ դու ուզում ես ապրես, դու մոռացե՞լ ես՝ դու ով ես, դու քո ինքնությանը դավաճանո՞ւմ ես։ Դու ախր ապրող ժողովուրդ չես, դու տառապող ժողովուրդ ես։ Դու պետք է տառապես, պետք է գաղթես, կոտորվես, մաքառես, և այդ ամեն ինչի միջոցով գաս, ինձնից փրկություն աղերսես, ու ես պետք է գամ քեզ փրկեմ, որ դու շարունակես կոտորվել, մաքառել»։ Իսկ Ադրբեջանին առնչվող մարտահրավերը ձևակերպել է այսպես. «Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես։ Պիտի վրեժս քեզանից լուծեմ»։

Ակնհայտ է, որ Փաշինյանը զարգացնում է թշնամիների նարատիվները ժողովրդին վախեցնելու, նրա արժանապատվությունը ոտնահարելու համար։ Այդ սարսափով ու նվաստացմամբ կոտրելով ժողովրդին, Փաշինյանըմ հավանաբար, ձգտում է զիջոմներ անելու հող պատրաստել։ Օրինակ՝ եթե վաղը Ադրբեջանը պահանջի անկլավները կամ Ներքին Հանդը, ապա ժողովուրդն անակնկալի չի գա։ Փաշինյանն էլ անվրդով կարող է կեղծել տարածք հանձնելու հանրաքվեները, հիմնավորելով, որ ժողովուրդը տարածք չի ուզում, այլ՝ պարզապես ապրել։

Եթե Փաշինյանը գիտակցեր, որ քաղաքական գործիչ է, զբաղեցնում է պետության ամենաբարձր ու պատասխանատու պաշտոնը, ապա ուղիղ կտար Ռուսաստանի անունն ու կնշեր, թե ինչ գործիքներով, քայլերով, ինչ ժամանակահատվածում են մտադիր չեզոքացնել ռուսական վտանգը։ Եթե քաղաքականություն որոշողն ասում է՝ «կան մեծ երկրներ» ու չի տալիս Մոսկվայի անունը, ապա մոլորեցնում է հանրությանը, ատելություն ու թշնամանք ներշնչում մեծ երկրների նկատմամբ ընդհանրապես, ինչը հակաքաղաքակրթական ու վտանգավոր մոտեցում է։

Ուշագրավ է նաև 30 տարվա մասին ընդգծումը։ Այսպիսով՝ Փաշինյանը Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները պայմանավորում է նախկիններով։ Այսինքն՝ ակնարկում է, որ նախկին 30 տարվա իշխանություններն են մեղավոր, որ Ադրբեջանը թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ, ուզում է վրեժ լուծել ժողովրդից։ Այսպես Փաշինյանն արժեզրկում է նաև Արցախի ազատության պայքարը, այն ներկայացնում է ադրբեջանական և ռուսական նարատիվների տեսանկյունից։

Կասկած կա, թե ադրբեջանական վրեժի մասին խոսքն ուղիղ թելադրված է Բաքվից։ Այն, հավանաբար, դուր է եկել Փաշինյանին, քանի որ ինքը, որոշ ընդդիմախոսների գնահատմամբ՝ անձնական վրեժ է լուծում նախկիններից։ Ադրբեջանական վրեժի մասին խոսույթով Փաշինյանը նաև արդարացնում է Բաքվի ապակառուցողականությունը, ստեղծում պատկեր, թե Բաքուն ոչ թե Մոսկվայի ճնշմամբ է տորպեդահարում Խաղաղության համաձայնագիրը, այլ, իբր, մտադիր է վրեժ լուծել հայ ժողովրդից։ Ենթադրելի է, որ ՔՊ հանքավանյան ժողովում Նիկոլ Փաշինյանն նաև իր թիմին է ներկայացրել զիջումների փաթեթը, հանձնարարել, որ թիմակիցները մարդկանց վախեցնեն սարսափելի պատկերներով, որպեսզի ժողովուրդը չընդվզի գալիք զիջումների դեմ։

Պարզ ասած՝ Փաշինյանը ստեղծված իրավիճակում քաղաքական լուծումներ չունի։ Նրա միակ խնդիրը ՀՀ-ում ռուսական ազդեցությունը պահպանելն է ու Բաքվի պահանջները բավարարելը։ Այս խնդիրների սպասարկմանն է ուղղված նաև հանքավանյան հավաքում նրա խոսքը մեծ երկրների ոչ բարեկամական վերաբերմունքի և ադրբեջանական վրեժ մասին։ Եվ այս խոսքի թիրախում դարձյալ նախկիններն են ու արցախյան հաղթանակները կերտած ժողովուրդը։

Թաթուլ Մկրտչյան
adv_banner

Ամենից շատ դիտված

21:23 Գյումրիում ինքնասպան եղած 22-ամյա տղան արցախցի էր. մանրամասներ
13:45 Մայրը մահացել է, որդին վերակենդանացման բաժանմունքում է․ ավտովթարի ենթարկված ընտանիքը թաղում էր գնում
17:25 Վերջին անգամ ժպիտը դեմքին տնից դուրս գնաց ու երեխուս էլ չտեսա. ի՞նչ է պատմում  ինքնասպան եղած տղայի մայրը
21:42 Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել. ժամանել են մեծ թվով հրշեջներ․ shamshyan.com
23:16 Ժամանակի հետևից վազող ու հետ մնացող Փաշինյանը կպարտվի
00:14 Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ. shamshyan.com
11:30 Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար․ Ալիև 
21:00 Պայթուցիչներ, նռնակներ, փափուշտներ․ Արմավիրի մարզում հայտնաբերել են մի ամբողջ զինանոց. shamshyan.com
22:30 Ջալիլի՞, թե՞ Փեզեշքիան․ ով կլինի Իրանի հաջորդ նախագահը, ինչ կփոխվի հայ-իրանական հարաբերություններում
22:00 Աննա Հակոբյանն իրեն առաջին կնոջ նման չի պահում, հագուկապը լավը չէ․ հարցում