Ներքին 2 տարի առաջ - 16:34 17-06-2024

Խորհրդարանում հյուրընկալվել է Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը

ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը եւ բարեկամական խմբի անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 17-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակի հետ:

Ողջունելով հյուրին՝ Շիրակ Թորոսյանը նշել է վերջին տարիներին հայ-ավստրիական հարաբերությունների նշանակալի առաջընթացը: «Մեզ համար շատ կարեւոր է Ավստրիան՝ որպես Եվրամիության առանցքային երկիր: Հայ-ավստրիական հարաբերությունների խորացումը, այդ թվում՝ միջխորհրդարանական մակարդակով եւ բազմակողմ ձեւաչափով, մեզ համար շատ կարեւոր է»,- ընդգծել է բարեկամական խմբի ղեկավարը: Նա հավելել է, որ հայ-ավստրիական հարաբերություններն առաջընթաց են գրանցում նաեւ Հայաստանում գործող Ավստրիական զարգացման գործակալության գործունեության արդյունքում: Ընդգծվել է վերջին տարիներին երկու երկրների միջխորհրդարանական կապերի սերտացումը տարբեր ձեւաչափերով:

Շիրակ Թորոսյանը Նիկոլաուս Շերակին ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող սահմանազատման գործընթացը, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարեւորել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ապաշրջափակման գործընթացը, ճանապարհների բացման եւ նորմալ հաղորդակցությամբ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը: Այս համատեքստում բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է սահմանային կայունությունը, ինչում իր զգալի դերակատարությունն է ունեցել ԵՄ քաղաքացիական առաքելությունը: Նշվել է, որ առաքելության գործունեության ընթացքում էապես կայունացել է սահմանային իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Հանդիպման ընթացքում հայ պատգամավորներն անդրադարձել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցին, Հայաստանում Ավստրիայի դեսպանություն ունենալու կարեւորությանը, տարածաշրջանային խնդիրներին:

Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը կարեւորել է մեր երկրի հետ հարաբերությունների սերտացումը, անդրադարձել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի դժվարություններին, ընդգծել ժողովրդավարության կարեւորությունը:

«Մեզ համար շատ կարեւոր է լավ հարաբերություններ ունենալ տարածաշրջանում, եւ մեզ համար լավագույն գործընկերը Հայաստանն է»,- մասնավորապես ասել է Նիկոլաուս Շերակը՝ անդրադառնալով տարածաշրջանային հարցերին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները