Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 22:32 27-05-2024

Փող և իշխանություն. ինչու չեն մասնակցում աղետի հետևանքների վերացմանը

Ի՞նչն է միավորում հեղափոխական ՔՊ-ականներին։ Հնարության մի մասին վրդովվեցրել է, թե հեղափոխականներն ինչպիսի անվրդով անտարբերությամբ են հետևում ջրհեղեղի հետևանքով աղետի գոտու վերածված Ալավերդիում տիրող իրավիճակին։ Կամավորական խմբեր կազմած կուսակցականները չեն մասնակցում աղետի վերացման աշխատանքներին։ Հավանաբար՝ օրինակ են վերցնում առաջնորդից, որը կոստյումով եկել էր ջրհեղեղից տուժած գոտի և շոյում էր երեխաների գլուխները որպես հոգատարության ցույց։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հանդիմանում էր բնական աղետների վայր կոստյումով այցելող բարձրաստիճան պաշտոնյաներին, մատնացույց անում վերջիններիս անտարբերությունն ու կեղծ հոգատարությունը, ակնարկում, որ նրանք պետք է թևերը քշտած աշխատեն, ոչ թե հեռվից հետևեն աշխատանքներին։ Ներկայում նույն իրավիճակում հայտնվել է ՔՊ-ն իր առաջնորդով հանդերձ։

Խոսքն այստեղ չի վերաբերում ՏԻՄ մարմինների, ՆԳՆ-ի և այլ կառույցների ու գերատեսչությունների աշխատանքին, որոնց պարտականությունների շրջանակում է նման աղետների հետևանքների վերացման գործը։ Խոսքը վերաբերում է իշխանության կուսակցությանը, քաղաքական մեծ ու փոքր գործիչներին, որոնք այստեղ պասիվ դիտորդի դերում են։ Իսկ ի՞նչ կարող են նրանք անել։

Նշենք, որ նախընտրական շրջանում ՔՊ-ն միլիոնավոր դոլարներ է հավաքագրում։ Նշանակում է՝ նրանք ունեն այդքան անդամներ, աջակիցներ ու ազատ միջոցներ։ Նրանք կարող են կամավորական խմբեր կազմել, մեկնել աղետի վայր, օգնել փրկարարներին, ոստիկնաններին, ՏԻՄ մարմիններին, մասնակցել աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։

Այսպիսի ակտիվ վարքով նրանք ցույց կտան, որ, իրոք, հոգատար վերաբերմունք ունեն պետության և ժողովրդի նկատմամբ, անշահախնդիր են, նվիրված, կկիսեն աղետի զոհերի վիշտն ու տուժածների տառապանքը։ Նրանց վարք օրինակ կծառայի նաև մյուս կազմակերպությունների համար, որոնք ևս կարող են կամավորական խմբեր կազմել և մեկնել աղետի գոտի։ Աղետից տուժածներն իրենց միայնակ չեն զգա այս պարագայում։ Այսպես կստեղծվի նաև հասարակական համերաշխության մթնոլորտ, որն անհրաժեշտ է պետության առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար։

Համեմատության համար բերենք պատմական մի օրինակ ՔՊ-ի սիրած ժամանակաշրջանից։ Նրանց նման մի հեղափոխական կառույց էր նաև նախորդ դարում աշխարհը ցնցած, ներկայում պատմության աղբանոց նետված բոլշևիկյան կուսակցությունը, որի առաջնորդին փորձում է նմանվել լենինյան կեպի դնող Նիկոլ Փաշինյանը։ Շատերին է հայտնի գերանն ուսին դրած Լենինի նկարը, որտեղ պատկերավոր ցույց է տրվում առաջնորդի մասնակցությունը սոցիալիստական շաբաթօրյակին։ Դրանից զատ՝ այդ հին հեղափոխական ժամանակներում կար բարոյական մի նորմ՝ «պարտմինիմում»։ Բոլշևիկ պաշտոնյաները ՔՊ-ականների նման ստանում էին բարձր աշխատավարձ։ Սակայն դրա մի մասը վերադարձնում էին պետությանը, իրենց թողնելով կենսական նվազագույն պահանջները բավարարելու համար անհրաժեշտ գումարը։ Ժուժկալության այսպիսի ցույցը տպավորիչ ազդեցություն էր թողնում, որ հեղափոխական պաշտոնյան փողի և իշխանության գերի չի, գաղափարի նվիրյալ է, հոգատար վերաբերմունք ունի պետության և ժողովրդի նկատմամբ։ Ի տարբերություն իրենց սիրելի բոլշևիկների՝ ՔՊ-ականներին խորթ է ժուժկալությունը, իսկ հանրության նկատմամբ հոգատարությունը սահմանափակվում է խոսքերով։

Կարելի է ենթադրել, որ ՔՊ-ն այսպիսի անտարբեր վարք է դրսևորում է, քանի որ չունի վեհ արժեքներ, քաղաքական սկզբունքներ, իսկ մարդու, հասարակության մասին պատկերացումների առանցքում փողն է, ավելի ճիշտ՝ հարկատուների միջոցներն ու դրանք տնօրինելու իշխանությունը, որն միավորում է ՔՊ անդամներին։ Պարզ ասած՝ ՔՊ-ն ապաքաղաքական և ապամշակութային կառույց է։ Եվ սա է պատճառը, որ նրանք արհամարհում են ժողովրդին, մանավանդ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին։

Թաթուլ Մկրտչյան