Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 11:00 24-05-2024

Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ․ Վահե Հովհաննիսյան

Ակնհայտ է, որ վարչապետի փոփոխությունը շարժման հիմնական պահանջն է, պրոցեսի առաջին տրամաբանական հանգրվանը։ Եվ միանգամայն հասկանալի է լայն շրջանակների ու տարբեր խմբերի բնական հավաքական պահանջը՝ լսել (ձևակերպել, ընտրել, որոշել) նոր վարչապետի թեկնածուի անունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Մենք գնում ենք դրան։ Սա է տրամաբանությունը, և սա է ուզում հասարակությունը։

Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ՝ անկախ նրանից, թե գործող իշխանությունն ինչ տեխնիկական խնդիրներ կստեղծի գրանցման շուրջ։ Գուցե մենք սա հիմա լավ չենք պատկերացնում, բայց դա լինելու է, և նոր իրավիճակը մեզ համար նոր խնդիրներ է ձևակերպելու ու նաև աշխատանքի նոր հնարավորություններ տալու։ Այն է՝ իշխանությունը միայն վարչապետը չէ, և խորքային փոփոխությունները, որոնց մասին է հենց այս շարժումը, հնարավոր չէ իրականացնել մեկ հոգու փոփոխությամբ։ Իսկ հարցի մյուս, նույնքան կարևոր կողմը պետական ներքին կայունության ապահովումն է, պետության ներքին հոմեոստազի ապահովումը։

Փոփոխություններ և կայունություն

Առաջին փուլի փոփոխությունները չեն կարող սահմանափակվել միայն վարչապետի փոփոխությամբ։ Դա չի տա բավարար արդյունք։ Ոչ ոք չի չեղարկել արտաքին ռիսկերը, և մենք դա 24 ժամ պետք է հիշենք։ Արագ փոփոխությունների ծավալը պետք է ներառի.

1. Վարչապետի փոփոխություն

2. Անվտանգության խորհրդի կազմի փոփոխություն (որպես կոլեկտիվ պատասխանատվության մարմին պետք է ներառի գիտելիք ու փորձ ունեցող գործիչների՝ կարևորագույն հարցերը քննարկելու համար, ու որպես հակակշիռ «նորերի» իշխանության)

3. Նախագահի փոփոխություն (չափազանց կարևոր է պետական կարևորագույն ինստիտուտի վերակենդանացման ու ներքին հաշտության ու այլ կարևոր պրոցեսների երաշխավորը լինելու համար)

4. ԱԺ նախագահի փոփոխություն

Կայունության ապահովում

Վերը նշված կետերի իրականացման պարագայում.

ա. Աժ-ն պետք է շարունակի իր բնականոն աշխատանքը, և ՔՊ խմբակցությունը պետք է շարունակի իր բնականոն աշխատանքը։

բ. Փոխնախարարների մակարդակով՝ ցանկության և ունակությունների դեպքում, պետք է շարունակվի բնականոն աշխատանքը։ Այսինքն պետք է ոչ թե խնդիր չդնել, այլ առավելագույնս բացառել փոխնախարարների կադրային ջարդը։

գ. Պետական համակարգը, քաղծառայողների համակարգը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը։ Դա պետության համակարգն է, և ոչ՝ փոփոխվող իշխանությունների։

դ. Բացառվում է ուժային և իրավապահ համակարգերում պատահական, անգամ՝ վաստակած «շարժման տղերքի» նշանակումը։ Մենք 1991-ից դա գիտենք՝ ինչ է դա և ինչի է բերում։ Միայն մասնագետներ, պրոֆեսիոնալներ՝ համակարգի ներսից կամ համակարգերում աշխատած։

Նոր խաղի կանոններ

Ա/ Պետական համակարգ պետք է վերադառնան փորձառու մասնագետները, ովքեր անարդարացիորեն հեռացվել են կամ չեն ցանկացել աշխատել այս կառավարության հետ (դիվանագետներ, սպաներ և այլն)։

Բ/ Բացառել «արհեստական քվոտավորված մասնակցության» սկզբունքը՝ էսքան մարդ այսինչի կողմից, այսքան՝ այնինչի։ Եթե փոփոխությունները կատարվում են համաժողովրդական ճնշման տակ, ապա «ֆորմալ ազդեցիկների» ինստիտուտը կորցնում է իր գինը։ Պետությունը կարիք ունի գրագետ, ունակ մարդկանց, այլ ոչ թե՝ սրա կամ նրա ներկայացուցիչների։

Բ/ Կոշտ ձևով պետք է կասեցվի ֆեյքերի ֆաբրիկայի գործունեությունը և սկսվի լուրջ բաց հետաքննություն՝ պարզելու համար, թե ինչ մեխանիզմներով, ինչ փողերով, ինչ կազմերով է իրականացվել մեդիա տեռորը հայ հասարակության հանդեպ։ Սա շատ կարևոր է՝ հասարակության սթափ բանականությունը վերականգնելու, ներքին հաշտության մթնոլորտի և առողջանալու պրոցեսի համար։

Գ/ Պետք է բացառել որևէ անհատական կամ ինստիտուցիոնալ վրեժ, անձնական քինախնդություն, անձնական հողի վրա վատություն՝ նոր «նախկինների» դեմ։ Սա պետք է լինի գերիշխող մթնոլորտը ու նաև՝ ուժայինների հստակ պարտականությունը»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ