copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 16:15 02-05-2024

Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը վերածել են հագուստի խանութի

Արդեն հայտնել էինք, որ մարտի 1-ից Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը փակվել է։ Oragir.News-ին տված հարցազրույցում Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի տնօրեն Ներսես Մարգարյանը ասել էր, որ կինոթատրոնը փակվելու է մեկ ամսով, բացառապես վերանորոգման աշխատանքների համար։ Սահմանված ժամկետից 2 ամիս անց շենքում վերանորոգման ոչ մի աշխատանքներ չեն սկսվել, կինոթատրոնը փակ է, բայց կինոթատրոնի մի հատվածը վերածվել է հագուստի սրահի, մանկական հագուստ են վաճառում։

Փորձեցինք առևտրականից պարզաբանում ստանալ, բայց նա մեր հարցերին չպատասխանեց, նշելով, որ արդեն մի քանի ամիս է՝ իրենք շենքում հագուստ են վաճառում։




Oragir.News-ի տեղեկություններով «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքը դառնալու է զվարճությունների կենտրոն, և տանիքին ուզում են հարկ ավելացնել, ինչին դեմ է արտահայտվել Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Կինոթատրոնի հարեւանությամբ ապրողներից շատերը չեն հասկանում, թե ինչ է կատարվում, եւ առհասարակ՝ ինչ է լինելու այս պատմական շենքի հետ։

«Կա՛մ պիտի հանձնեն, կա՛մ պիտի ծախեն։ Ըսոնք ուրիշ բան հո չեն կռնա։ Հարյուր տարվա շենքը, ես չիդեմ՝ ինչ կենեն, կա՛մ ըսոնք վաբշե՝ ինչ կհասկնան։ Քրջի բազար են դարձրել էս շենքը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է «Հոկտեմբեր» կինոթատրոնի հարևանությամբ ապրողներից մեկը։

Անցած տարի «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքի օտարման մասին աղմուկ բարձրացավ։ Մամուլում անուններ շրջանառվեցին։ Տեղեկություն տարածվեց, որ շենքը ձեռք է բերել շվեցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը, ով Գյումրիի պատմական միջուկում տարբեր շինություններ ունի։

Հետո գործարար Արման Սահակյանի անունն էլ շրջանառվեց։ Այս պահի դրությամբ նրա անվան հետ է կապվում «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքը։ Գյումրեցիները դժգոհում են, որ կինոթատրոնի շենքը վերածել են առևտրի կենտրոնի։ Խոսակցություններ կան, որ շենքի տանիքում ուզում են լողավազան և սրճարան սարքել։



Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետարանը 2003 թվականին ավագանու որոշմամբ՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնը վաճառվել էր «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին։ 2003 թվականին (այդ ժամանակ Գյումրու քաղաքապետը Վարդան Ղուկասյանն էր) ավագանու որոշմամբ՝ շենքը վաճառվել է ընդամենը 25 միլիոն դրամով։ Այնինչ՝ դրա կադաստրային արժեքը 2004թ. դրությամբ կազմել է 203 միլիոն 918 հազար 820 դրամ:

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
10:20 Եթե մենք այսօր չպայքարենք, վաղը ապրելու տեղ չենք ունենա. մանկավարժ
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա