Երևան +14°
copy image url
Ներքին Միտք 2 շաբաթ առաջ - 21:00 01-05-2024

Փաշինյանի մանիպուլյացիան. 4 գյուղերի հանձնումը ոչ միայն տեղացիների, այլև ՀՀ ողջ բնակչության խնդիրն է

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Տավուշի մարզի 4 գյուղերի հանձնման համատեքստում ստեղծված ճգնաժամային իրավիճակը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոն, չնայած իշխանականների այն հավաստիացումներին, թե, իբր գյուղերը հանձնելուց հետո հնարավոր կլինի հայ-ադրբեջանական սահմանի առնվազն այդ հատվածում խաղաղություն հաստատել։ Նման երաշխիքներ ՔՊ-ական երեսփոխաններն ու պաշտոնյաները նաև Արցախի լիակատար հանձնումից հետո էին տալիս, սակայն ժամանակը փաստեց, որ Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Արցախի բռնազավթմամբ և հաջորդիվ իր պահանջներն ուղղելու է Հայաստհանի Հանրապետության ինքնիշխան տարածքին։

Օրերս Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում հանդիպել էր Կիրանց գյուղի բնակիչների հետ, որից հետո վերջիններիս ունեցած մտահոգությունները ոչ միայն չեն փարատվել, այլև ավելի են խորացել։ Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ խորհրդային ժամանակներում արված սահմանազատումը հիմք չեն ընդունելու, և սահմանը կարող է անցնել նույնիսկ գյուղի միջով, ինչը բնակիչների շրջանում կրկին վախ ու անորոշություն է առաջացրել։

Ավելին՝ Փաշինյանը, ինչպես նախորդ դեպքերում, կիրանցցիներին չի երաշխավորել, որ Ադրբեջանի պահանջները կատարելուց հետո հնարավոր կլինի խաղաղություն հաստատել։ Թեև կառավարության ղեկավարը բնակիչներին հայտնել է, որ այս գործընթացների ավարտից հետո գյուղերում սահմանապահներ կտեղակայվեն, սակայն դրանից հետո մարդիկ կարող են 7 օր անվտանգ ապրել, իսկ 8-րդ օրն այլևս անվտանգ չի լինի։

Այս համատեքստում, անվտանգային մարտահրավերներից զատ, ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է Ադրբեջանին պատրաստվում է որևէ բան հանձնել, վերջինս հանդիպում է բացառապես տվյալ բնակավայրի բնակիչների հետ և միայն նրանց է համոզում, որ ստեղծված իրավիճակից միակ ելք թշնամու պահանջների կատարումն է, այլապես կորուստներն անհամեմատ ավելի մեծ կլինեն։ Փաշինյանը բնակիչներին խոստանում է, որ բնակավայրերն Ադրբեջանին հանձնելուց հետո կառավարությունը կփոխհատուցի իրենց բնակարանները, հողատարածքները կորցրած բնակիչներին, որպեսզի վերջիններս հնարավորինս քիչ ընդդիմանան սեփական բնակավայրերի հանձնմանը։

Փաշինյանը նման կերպ փորձում է ներքին լսարանին և միջազգային հանրությանը համոզել, որ բնակավայրերի հանձնումը թշնամուն միայն տեղի բնակիչների խնդիրն է, որոնց պահանջներն էլ նախքան հանձումը ինքը բավարարում է։ Կառավարության ղեկավարը նման կերպ վարվեց Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ հակառակ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որը սահմանում էր, որ բացի Արցախի 3 շրջանների հանձնումից մնացած հատվածներում զորքերը կանգ էին առնելու իրենց զբաղեցրած բնագծերում, Ադրբեջանին էր հանձնում Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխի մի հատվածը և այլն։

Հիշեցնենք՝ չնայած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոստանում էր կարճ ժամանակահատվածում Շուռնուխի՝ Ադրբեջանին հանձնված հատվածի 13 տների բնակիչների բնակարանային խնդիրը լուծել, սակայն առ այսօր գյուղի նոր թաղամասը պատրաստ չէ։ Շուռնուխի նոր թաղամասի շահագործման հանձնելու արարողությունը 5-րդ անգամ հետաձգելուց հետո պետք է կայանար 2024-ի մարտին, սակայն այն հերթական անգամ հետաձգվեց։

Իրականում Փաշինյանի նման գործելակերպը ոչ այլ ինչ է, քան պարզագույն մանիպուլյացիա, որով նա փորձում է Հայաստանի բնակչության ուշադրությունը շեղել այն անվտանգային խնդիրներից, որոնք ծագելու են Տավուշի գյուղերը թշնամուն հանձնելուց հետո։ Այստեղ ցանկանում ենք ընթերցողի ուշադրությունը հրավիրել այն բանին, որ ոչ միայն Տավուշի 4 գյուղերի, այլև ՀՀ ցանկացած բնակվայրի խնդիրը հավասարապես վերաբերում է ոչ միայն տեղի բնակչությանը, այլև երկրի ողջ ազգաբնակչությանը, որը Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանին տարածքներ հանձնելու մանդատ չի տվել։

Բացի այդ, Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման գործընթացի անվան տակ տարածքների հանձնումը ապօրինի է, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն տարածքային ցանկացած փոփոխություն պետք է կատարվի բացառապես հանրաքվեի միջոցով։

Նկատենք, որ Փաշինյանի կառավարության կողմից Ադրբեջանին տարածքների հանձնման փուլերից և ոչ մեկի ժամանակ հանրաքվեի չի անցկացվել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ այդ գործընթացներն ապօրինաբար են իրականացվել, իսկ իշխանափոխությունից հետո դրանք քրեաիրավական գնահատական են ստանալու։

Այսպիսով՝ փաստենք, որ Փաշինյանը հերթական անգամ առաջնորդվում է բաժանիր, որ տիրես սկզբունքով՝ փորձելով նման կերպ լեգիտիմացնել թշնամուն կատարվող զիջումները։ Սա գործող իշխանությունների կողմից նոր գործելակերպ չէ. այն նկատելի էր դեռևս 2018 թվականից, երբ իշխանականները հանրությանը բաժանում էին սևերի և սպիտակների, նախկինների ու ներկաների՝ պնդելով, որ ովքեր իրենց չեն աջակցում «հակապետական ուժեր են և գործում են ՀՀ-ի շահերի դեմ»։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի