Միտք Արտաքին 2 տարի առաջ - 13:15 30-04-2024

Ադրբեջանի իրականացրած աշխատանքն անարդյունավետ է, բայց սովորույթի համաձայն «մեղքը» Հայաստանինն է

Վերջին օրերին Ադրբեջանի պետական տեղեկատվական համակարգն անընդհատ տարածում է ականապատ տարածքների պայթյունների մասին տեղեկություններ։

Ըստ հաղորդագրությունների, Ադրբեջանի ականազերծման պետական գործակալությունը (ANAMA) աշխատանքներ է իրականացնում «օկուպացիայից ազատագրված» (խոսքը վերաբերում է օկուպացված Արցախին – հեղ․) տարածքներում, որտեղ, ինչպես Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն է ասել, «տեղադրված են միլիոնավոր ականներ»։ Հենց այդ ականներն են պայթում և ադրբեջանցի սակրավորների շրջանում կորուստներ ավելացնում։

Ընդ որում, հերթական պայթյունների մասին պաշտոնական հաղորդագրությունները տարածվում են միանգամից 3 գերատեսչության անունից՝ համատեղ։ Դրանք են՝ Ականազերծման պետգործակալությունը, Պետական անվտանգության ծառայությունը և դատախազությունը։

Հայտնի է, որ 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի պահանջով, Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին հանձնարարվել է իրենց ադրբեջանցի գործընկերներին փոխանցել ականապատ տարածքների քարտեզները։ Դրանք, բնականաբար, տրվել են ըստ պատշաճի․ այլ որակ ներկայիս հայ-ադրբեջանական հարաբերություններում չի էլ արձանագրվում, հատկապես հայաստանյան կողմից։ Սակայն Ադրբեջանում դժգոհ են, գտնում են, թե Նիկոլ Փաշինյանն ինչ-որ տեղ իրեն ազնիվ չի պահում, ոչ բոլոր քարտեզներն է տալիս, կամ հնացած տեղագրական տվյալներով քարտեզ է տալիս, այլ կերպ ասած՝ «քցում» է իրենց։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանում սկսել են վարել հատուկ վիճակագրություն․ ականների պայթյունների հետևանքով տուժել է շուրջ 370 մարդ, որից մոտ 70-ը՝ զոհվել է։ Եվ, հասկանալի է, որ այդ «լրացուցիչ» զոհերի մեղավոր են համարվում Իլհամին քարտեզ խոստացող, բայց արդյունքում սխալ քարտեզ փոխանցող մարդիկ ու նրանց աշխատակիցները։

Հատկանշական է նաև այն, որ ականների պայթյուններ են գրանցվում հիմնականում այն տարածքներում, որոնք արդեն գրեթե 4 տարի գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Հայտնի է, որ ականազերծման աշխատանքներում Ադրբեջանին ծավալուն օգնություն են տալիս եվրոպական երկրները, հատկապես Մեծ Բրիտանիան։ Խոսքը վերաբերում է թե՛ ֆինանսական, թե՛ նյութատեխնիկական, և թե՛ կադրային վերապատրաստման տեսքով աջակցություններին, որ ստանում է Ադրբեջանն աշխարհի զարգացած երկրներից։ Բայց միևնույն է, ականների պայթյուններ են գրանցվում մեծ մասով հենց այդ տարածքներում։ Սա կարող է նշանակել, որ կամ մասնագիտական և այլ ուղղություններով ցուցաբերվող աջակցությունը «տեղ չի հասնում», (այսինքն՝ գործում է ամենազոր կոռուպցիան – հեղ․), կամ Ադրբեջանը Հայաստանին նաև այս տեսակի շանտաժ է անում՝ մշտապես մեղադրելով ականային ահաբեկչության, դրա հետևանքով պատճառված զոհերի և վնասների մեջ։

Ամեն դեպքում, ականների վնասազերծման ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած աշխատանքը, եթե դատենք իրենց մամուլում տեղ գտնող հրապարակումներից, բավական անարդյունավետ է, և դժվար թե այդ ցածր մակարդակն արձանագրվում է Հայաստանի «մեղքով»։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը