copy image url
Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 09:00 27-04-2024

Ինչպե՞ս է ՔՊ-ական իշխանությունը շահարկում իր դեմ բողոքի ալիքը

Տավուշի հատվածում սահմանազատումը բողոքի կրքեր բորբոքեց։ Այն որակվեց միակողմանի, քանի որ այսպես կոչված սահմանազատումը հատվածական բնույթ է կրում, տեղի է ունենում միայն Տավուշի հատվածում, որտեղ ՀՀ վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ ուղղակի հանձնվեցին Ադրբեջանին։ Այսինքն՝ ՀՀ-ն սահմանազատման շրջանակներում Ադրբեջանին է հանձնում նախկին ադրբեջանական ԽՍՀ-ի որոշ տարածքներ, որոնք հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում անցել են ՀՀ վերահսկողության տակ, սակայն Ադրբեջանը նույն սահմանազատման շրջանակում ՀՀ-ին չի հանձնում նախկին Հայկական ԽՍՀ-ի որոշ տարածքներ, որոնք հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Քաղաքացիները գիտակցաբար կամ ինքնապահպանման բնազդով դիմադրում են ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները չբարեկամին հանձնելուն։ Եթե սա սահմանազատում է, ապա մարդիկ ակնկալում են, որ ՀՀ-ին վերադարձվի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ՀՀ տարածքները։ Սակայն այդ մասին ոչինչ չի խոսվում և դա ավելի է գրգռում ժողովրդի զգացումները։ Մթնոլորտը հավելյալ սրում են իշխանությունները, որոնք անկեղծորեն չեն բացատրում ժողովրդին, թե ինչ են անում և ինչ են անելու վաղը, մյուս քայլով։ Այսինքն՝ ՔՊ-ական իշխանությունները ոչ համարժեք են արձագանքում իրավիճակին։

Փոխարենը՝ ՔՊ-ական իշխանությունները, հատկապես՝ նրա «ճշտախոս» հատուկենտ ներկայացուցիչները բացահայտ ներկայացնում են, թե իրենց հակաժողովրդական քայլերի դեմ բողոքող քաղաքացիները, հատվածական սահմանազատման դեմ ցույցերի կազմակերպիչները ազգայնական են, ռուսական գործակալ, նախկիններ են, դեմ են անկախությանն ու ժողովրդավարությանը, կողմ են պատերազմին և այլն։ Հաշվի առնելով լուրջ կասկածները, թե հատվածական սահմանազատումը ինչ ռիսկեր է պարունակում, ենթադրելի է, որ եթե առաջիկայում ՀՀ-ի դեմ ռուվ-ադրբեջանական ագրեսիա սկսվի, ինչի մասին բազմաթիվ կանխատեսումներ են եղել, կամ եթե ԱՄՆ-ն, ԵՄ-ն պակասեցնեն աջակցությունը ՀՀ-ին, ապա այդ ամենի մեղավորներն արդեն կարգված են։ Ինչպես այսօր ուրիշների վրա են բարդում Արցախի հարցում պարտությունները, Արցախի հանձնումն ու հայաթափումը, նույնկերպ արդեն ունեն քավության նոխազներ, որոնց մեղադրելու են գալիք, ենթադրյալ պարտությունների մեջ։

Եթե առաջին օրերին ցույցերին մասնակցում էին տավուշցիները, և նրանց պահանջը միայն իրենց հողերին ու անվտանգությանն էր վերաբերում, ապա հաջորդող օրերին նրանց շարքերում սկսեցին երևալ քաղաքական հայացքներով մարդիկ, որոնք փաշինյանական հակաժողովրդական այս նախաձեռնությունը փորձեցին տեղավորել քաղաքական տարատեսակ համատեքստերում։ ՔՊ-ականները դրանք արդեն դասավորում են դարակներում, որ երբ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին մեղադրի հերթական կորուստների մեջ, նրանք սեղանին կդնեն նոխազների թղթապանակները։

Նկատի ունենանք, որ մայիսի 20-ը վճռորոշ է տարածաշրջանի համար։ Այդ օրը տեղի է ունենալու Հարավ-հյուսիս միջազգային ճանապարհի խորհրդանշանական բացումը։ Ենթադրելի է, որ իշխանությունները իրենց ոչ համարժեք արձագանքներով ամեն ինչ կանեն, որպեսզի բողոքի այս ցույցերը ձգվեն մինչև մայիսի 20-ը, որպեսզի Հարավ-հյուսիսի խորդանշական բացումը կհետաձգվի ՀՀ-ում լարված իրավիճակի պատճառով։

Պարզ ասած՝ ՔՊ-ական իշխանությունն իր ոչ համարժեք քայլերով գրգռելով ժողովրդին, նպաստելով ներքին խաղաղության խախտմանը, ստեղծելով ներքաղաքական լարված մթնոլորտ, ստեղծում է վտանգավոր իրավիճակ, պատերազմի իրական վտանգ, որից, ենթադրաբար՝ տուժելու է Հայաստանը, հայ ժողովուրդը, հետաձգվելու են միջազգային նախագծերը, ճանապարհ բացելով Ռուսաստանի և Թուրքիային դիրքերի ամրացմանը տարածաշրջանում։

Թաթուլ Մկրտչյան