Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 15:00 24-04-2024

Ցեղասպանության սպառնալիքը բացառելու համար պիտի խոստովանեք ու զղջաք

Շնորհակալություն ու երախտագիտություն հայտնենք հայ ժողովրդի բարեկամ ժողովուրդներին, երկրներին, պետություններին, միջազգային կառույցներին Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևեր, հայտարարություններ, օրենքներ ընդունելու համար։ Դրանք ցույց են տվել, որ մարդկությունն ունի խիղճ, մեծ ներդրում են ունեցել նաև հայ ժողովրդի ճանաչման հարցում և ձևավորել Հայաստանի հետ գործընկերային հարաբերություններ զարգացնելու պոտենցիալ։ Ցավոք այդ պոտենցիալը լիարժեք չի օգտագործվել ՀՀ իշխանությունների վարած անհեռատես, անհաշվենկատ քաղաքականության պատճառով։

Նկատելի է նաև նահանջ Ցեղասպանության ճանաչման և հատուցման սկզբունքներից։ ՔՊ-ական իշխանությունը, արհամարհելով 1,5 միլիոն զոհերի մարդկային արժանապատվությունը մտադրություն է հատնում հրապարակել նրանց անունները։ Իսկ հատուցման պահանջ կամ որևէ պահանջ ընդհանրապես չկա։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձի առանցքային հարցադրումը հետևյալն էր՝ «Ի՞նչ պիտի անենք և ի՞նչ պիտի չանենք, որպեսզի հաղթահարենք ցեղասպանության հոգեցնցումը և բացառենք այն որպես սպառնալիք»։ Ուղերձի մնացած մասում ստվերվում է Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքական և միջազգային նշանակությունը և ցույց է տրվում, որ ՀՀ-ն միջազգային հանրության մոտեցումները չի կիսում, ժողովրդավարական երկրների հետ քաղաքակրթական ընդհանուր թիրախներ չի փնտրում։

Ներկայում, ցավոք, ցեղասպանության սպառնալիքն առկա է։ 1991-ից հետո շատերին թվում էր, թե 1915-ին պետություն չունեինք, դրա համար ցեղասպանվեցինք։ Իսկ Սեպտեմբերի 21-ից հետո արդեն անկախություն ունենք և ցեղասպանության սպառնալիքը վերացել է։ Քաղաքական համայնքի մեծ մասը այնքան էր վստահ, որ սպառնալիքը վերացել է, որ չէր նկատում իր ահավոր սխալները, որոնք ավելի խորացան 2018-ից հետո ու հանգեցրին 2020-ի ողբերգություններին։ Այդ ժամանակ համոզվեցինք, որ պետության գոյությունը երաշխիք չէ։ Երբ իշխանությունները վարում են ահավոր սխալ քաղաքականություն, ապա ժողովուրդը կարող է ցեղասպանության ենթարկվել։ Ու քանի դեռ շարունակվում է նույն սխալ կուրսը, ցեղասպանության սպառնալիք կա։ Ի վերջո՝ պետք է հասկանալ, որ անկախ այն բանից՝ հարևանդ բյուզանդացի է, թուրք, թաթար, ռուս կամ ադրբեջանցի, ցեղասպանություն իրականացնող հակամարդկային բարաբարոսներ միշտ էլ կգտնվեն։

Եթե փորձենք կարճ պատասխանել Փաշինյանի հարցադրմանը, ապա կարող ենք ասել, որ եթե ՔՊ-ական կամ նրան փոխարինող իշխանությունները սխալ, հակապետական քաղաքականություն չվարեն, ապա ցեղասպանություն չի լինի։ Այս առումով՝ Փաշինյանի և նախորդ կաբինետների անդամները կարող են հրապարակավ, ամենայն մանրամասնությամբ ու համակարգված խոստովանել իրենց սխալները, որոնք հանգեցրին Արցախի բռնազավթմանն ու արցախցիների բռնի տեղահանմանը, որն, ի դեպ՝ նույնպես մարդկության դեմ կատարված հանցագործություն է, մերօրյա ցեղասպանություն։ Եվ այն պիտի համարժեք քաղաքական և իրավական գնահատականներ ստանա, որոնք հիմք կդառնան, որպեսզի արցախցիներն առաջիկայում վերադառնան Արցախ և կրկին բարձրացնեն ինքնորոշման իրավունքը։ Նույնկերպ սփյուռքահայերը, 1915-ի Ցեղասպանության զոհերի իրավահաջորդները պիտի իրավունք ստանան վերադառնալ իրենց պապերի բնակության վայրեր և բարձրացնել Հայաստանի Հանրապետությանը միանալու ինքնորոշման իրավունքը։

Պարզ ասած՝ սխալների խոստովանությունն է ցեղասպանության սպառնալիքը բացառելու բանալին։ Պետք է ամենայն խոնարհությամբ ի սրտե զղջաք և ծնկաչոք ներողություն աղերսեք ժողովրդից, մարդկությունից, աշխարհից և Աստծուց ձեր գործած աղետաբեր սխալների համար։ Ենթադրելի է, որ պետության հաջորդ ղեկավարները կուսումնասիրեն բարձր պաշտոնյաների խոստովանությունն ու չեն կրկնի նույն սխալները, և կբացառվի սպառնալիքը։ Այդպիսով նաև գալիք դարերում կարող ենք ապահովագրվել պետություն կորցնելու և ցեղասպանության տակ ընկնելու գոյաբանական կամ գոյութենական սպառնալիքներից։

Թաթուլ Մկրտչյան