Երևան +15°
copy image url
Արտաքին Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 22:30 23-04-2024

Փաշինյանը վախենում է․ թիրախում ոչ միայն Բագրատ Սրբազանն է, այլև Հայ Առաքելական եկեղեցին

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում մի քանի կորցրել է անկախ պետականությունը, ընդ որում երբեմն շատ երկար ժամանակով։ Պետականության բացակայության պայմաններում, երբ Հայաստանի տարածքը բաժանված էր մի քանի պետության միջև, օտար նվաճողները միշտ էլ փորձել են ձուլել հայ ժողովրդին՝ հետագա խնդիրներից խուսափելու նկատակով։

Անկախ պետականության բացակայության ժամանակ դարեր շարունակ հայ ժողովրդին միավորելու, նրա ձուլումը թույլ չտալու, ինչպես նաև օտարերկրյա նվաճողների դեմ պայքարի հանելու առաքելությունը ստանձնել էր Հայ Առաքելական եկեղեցին, և պետք է արձանագրենք, որ եկեղեցուն հաջողվել է պատվով կատարել այդ առաքելությունը։ Ավելին՝ եկեղեցին ոչ պաշտոնապես համարվում էր հայ ժողովրդի ներկայացուցիչը, որի կարծիքի հետ հաշվի էին նստում անգամ Օսմանյան կայսրության բարձրագույն իշխանությունները։

ՀՀ ներկայիս իշխանություններն իրենց պաշտոնավարման առաջին օրերից ի վեր անհանդուրժող կեցվածք են ունեցել Հայ Առաքելական եկեղեցու և անձամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի նկատմամբ, ինչն առանձնապես չեն էլ փորձել թաքցնել։ 2018-ին հենց նորաթուխ իշխանությունների գործուն աջակցությամբ, կամ լուռ համաձայնությամբ նախաձեռնվեց տխրահռչակ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, որի անդամները գրավել էին վեհարանը, բռնություն էին գործադրել կաթողիկոսի նկատմամբ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը, իսկ ՔՊ-ական իշխանությունը հրաժարվել էր վեհափառին պետական պահպանություն հատկացնել։

Եկեղեցի-իշխանություններ հարաբերություններն էլ ավելի լարվեցին այն բանից հետո, երբ 44-օրյա պատերազմից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ վերջերս էլ վերահաստատեց իր հորդորը։ Վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցին կրկին հայտնվել է իշխանությունների թիրախում, քանի որ վերջինս իր խիստ անհամաձայնությունն է հայտնել Տավուշի մարզի 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի կառավարության որոշման կապակցությամբ ։

Փաշինյանին աջակցող քաղաքական ու փորձագիտական շրջանակների, ինչպես նաև լրատվամիջոցների թիրախում է հայտնվել հատկապես Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ով կանգնել է բողոքի դուրս եկած տավուշցիների կողքին ու անձամբ մասնակցում է 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու դեմ ծավալվող պայքարին։ Բնականաբար, Բագրատ Սրբազանի ներկայությունը յուրօրինակ համախմբող հանգամանք է, ինչը չի կարող չանհանգստացնել գործող իշխանություններին։

Իշխանական գործիչները շատ լավ գիտակցում են, որ ներկայիս իրավիճակում եկեղեցին մարդկանց կարող է իր շուրջը համախմբել և այդպիսով վիժեցնել Տավուշի գյուղերը հանձնելու ծրագրերը։ Նման մտավախությունների հետևանքով իշխանական լրատվամիջոցներն այս օրերին Բագրատ Սրբազանի վերաբերյալ այնպիսի կեղծ ու մանիպուլյատիվ տեղեկություններ են տարածում, որոնց մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին քիչ թե շատ ծանոթ ու կրթական որոշակի ցենզ ունեցող մարդն անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող հավատալ․

Իշխանամերձ լրատվամիջոցները մի դեպքում սրբազանին մեղադրում են «Տավուշում ոստիկանների հետ բախումներ հրահրելու», մյուս դեպքում «ՌԴ-ում գործող տարբեր շրջանակներից ֆինանսական աջակցություն ստանալու», «Տավուշ քրեական հեղինակությունների բերելու» և զանազան այլ բաների համար, որոնք իրականության հետ աղերս անգամ չունեն և միայն մեկ նպատակ են հետապնդում․ մանիպուլացնել հասարակությանը և ամեն գնով թույլ չտալ, որ վերջինս համախմբվի՝ ընդդեմ Տավուշի գյուղերը թշնամուն հանձնելու վերկուսակցական և վերքաղաքական օրակարգի։

Բնականաբար Բագրատ Սրբազանի դեմ այս քարոզչությունն ու թիրախվորումներն իրականացվում են Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ, գուցե նաև համակարգմամբ։ Ավելին՝ երբեմն մի շարք երկրորդ, երրորդ, կամ ավելի ցածր աստիճանի քարոզիչներ, սրբազանին թիրախավորելիս անցնում են նաև կոռեկտության սահմաններն ու կարմիր գծերը՝ վերջինիս հասցեին հնչեցնելով տարբեր բնույթի վիրավորանքներ, որոնք կոռեկտ չենք համարում անգամ վերաշարադրել։

Իրականում գործող իշխանությունների այս արշավն ուղղված է ոչ միայն Բագրատ Սրբազանի, այլ նաև ողջ Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Նման թիրախավորումներով թեև իշխանականները փորձում են պախարակել Բագրատ Սրբազանին, նվազեցնել հանրության շրջանում վերջինիս հեղինակությունը, այնուամենայնիվ դրանով նախևառաջ հարվածում են Հայ Առաքելական եկեղեցուն, որպեսզի վերջինս որևէ պարագայում չկարողանա միավորել հայ ժողովրդին՝ ընդդեմ գործող իշխանությունների և նրանց պարտվողական քաղաքականությունը։

Այսպիսով՝ փաստենք, որ գործող իշխանությունների և վերջինիս աջակիցների համար առաջնայինն իշխանության պահպանումն է, իսկ այդ ճանապարհին կարելի է հատել բոլոր կարմիր գծերը՝ թիրախավորելով անգամ Հայ Առաքելական եկեղեցու ու նրա սպասավորներին։

Իշխանությունների նման գործելակերպն ուղղված է ոչ միայն եկեղեցու, այլև բոլոր այն կառույցների ու գործիչների դեմ, ովքեր կարող են վտանգներ ստեղծել իրենց համար։ Նման կերպ 2021-ի փետրվարին թիրախավորվեց նաև բանակը, երբ մի խումբ զինվորականներ՝ ԳՇ այն ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ նա ոչ միայն հրաժարական չտվեց, այլև այն համարեց հեղաշրջման փորձ ու պաշտոնանկ արեց գրեթե բոլոր զինվորականներին, ովքեր ստորագրել էին Գասպարյանի հայտարարության տակ։

Դավիթ Գույումջյան