Ներքին 2 տարի առաջ - 15:44 20-04-2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Հայոց ցեղասպանության վերապրող և վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի ազգականներից ստացավ արժեքավոր իրեր։

Նրա հորեղբորորդու թոռնուհիները՝ Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը, թանգարան-ինստիտուտին հանձնեցին Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և լուսանկարներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն այդ առթիվ իր ելույթում նշեց, որ միջոցառումը թանգարանի համար իսկապես բացառիկ է, քանի որ ֆոնդերը համալրվում են կարևոր նշանակություն ունեցող նմուշներով, որոնք եզակի են ինչպես պատմական, այնպես էլ գիտական առումով։

«Թեհլիրյանի օրագրությունը ներկայացնում է մի ժամանակաշրջան, որը մեզ համար խիստ կարևոր է մի քանի տեսանկյուններից։ Թանգարանին հանձնված լուսանկարները նոր լույսի ներքո են ներկայացնում մեր հերոսին, ով իր արարքով ցեղասպանության արհավիրքի միջով անցած հայ ժողովրդին թույլ տվեց հասնել արդարադատության հանգրվանի։ Այն, ինչ տեղի ունեցավ Բեռլինում, երբ Թեհլիրյանը գնդակահարեց Հայոց ցեղասպանության անմիջական ու գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային, ու այն, ինչ տեղի ունեցավ դրան հաջորդած դատավարության արդյունքում, իրավական տեսանկյունից խիստ նշանակալից է։ Դա փաստորեն Ցեղասպանության վերաբերյալ առաջին դատավարությունն էր, քանի որ Թեհլիրյանի դատը վերածվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող դատավարության, որն ունեցավ փաստահեն հիմք ու ճանաչվեց որպես անժխտելի իրողություն»,- ասաց Գզոյանը։

Թանգարանի տնօրենը հպարտությամբ նշեց, որ Սողոմոն Թեհլիրյանը ոչ միայն հայ ժողովրդի հերոս զավակն է, այլև պատկանում է առաջադեմ մարդկությանը։ Նրա խոսքով՝ Թեհլիրյանն իր հերոսական արարքով հետագայում հիմք տվեց Ցեղասպանության կոնվենցիայի հաստատմանը, որի ակունքներում կանգնած իրավագետ Ռաֆայել Լեմկինը տևական ժամանակ հետևել է Թեհլիրյանին, ուսումնասիրել նրա կյանքն ու Էական ներդրում ունեցել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան ընդունելու գործում՝ ներկայացնելով կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը հանգամանորեն ներկայացրեց Սողոմոն Թեհլիրյանին առնչվող և նրա հետ անմիջական կապ ունեցած ցուցանմուշները, որոնք այսօր պահվում են Էջմիածնի Մայր տաճարի թանգարանի, Հայ Հեղափոխական Դաշնակցության պատմության թանգարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուներում։ Նա երախտագիտությամբ նշեց, որ նոր ցուցանմուշներն ավելի կհարստացնեն ու բովանդակալից կդարձնեն հայ հերոսի նյութական ժառանգությունը։

Սողոմոն Թեհլիրյանի հորեղբորորդու թոռնուհիներից Արփի Օսկանյանը, թանգարանին նվիրաբերելով հայ վրիժառուի օրագրությունը, ասաց, որ այդ փաստաթուղթն իրենց ընտանիքի համար ունեցել է շատ մեծ կարևորություն և խնամքով բավականին երկար ժամանակ պահվել է ընտանեկան արխիվում։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
23:25 Փաշինյանը պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք․ Սամվել Կարապետյան
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը