copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 09:00 18-04-2024

Նիկոլ Փաշինյանը մերժվում է Արևմուտքից և նմանվում ՌԴ-ին

ԱՄՆ-ն և ժողովրդավարական երկրները կարծես՝ չեն աջակցում ՔՊ-ական իշխանությանը։ Կարծես՝ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելն առաջնահերթություն չէ, և ՀՀ-ն ժողովրդավարությանը չի վերաբերում որպես քաղաքակրթական ընտրություն։ Այսպիսի ենթադրություն կարելի է անել ՔՊ խմբակցության քարտուղարի՝ ժողովրդավարության մասին աղմկահարույց հայտարարությունից հետո։

«Ամենայն հարգանքով Freedom House-ի մեր գործընկերների նկատմամբ, սակայն Freedom House-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ»,- ապրիլի 15-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Freedom House-ի վերջին զեկույցին, ասել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ապա հավելել «ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով աշխատում է իր ժողովրդավարությունն ամրացնելու վրա։ Գնահատում ենք միջազգային գործընկերների զեկույցները, ելնում ենք դրանից և զարգացնում մեր ժողովրդավարությունը»։

1996-ի հետընտրական խնջույքի ժամանակ Վանո Սիրադեղյանի խոսքը Քլինթոնի մոր վերաբերյալ ազդեցություն է թողել հայ քաղաքական գործիչների վրա։ Եթե ՔՊ-ն, իրոք, գնահատում է միջազգային գործընկերների զեկույցները, ինչպես նշում է ՔՊ խմբակցության քարտուղարը, ապա նրա այս հայտարարությունը տեղին չէ։ Այսպիսի բան կարող է ասել այն իշխանությունը, որը ժողովրդավարության վերաբերյալ ուրույն ընկալումներ և պատկերացումներ ունի, որոնք չեն համընկնում ժողովրդավարական երկների՝ ԱՄՆ-ի, ԵՄ երկրների ընդհանուր պատկերացումների հետ։ Օրինակ՝ Ռուսաստանը, Բելառուսը հակաժողովրդավարական երկրներ են, սակայն իրենց համարում են ժողովրդավար, քանի որ իշխանությունը ձևավորվում է ընտրություններով։ Այս երկրների համար ժողովրդավարությունը կառավարման ձև է, բայց քաղաքակրթական արժեք չէ։ Այս երկրների ղեկավարները մերժված են ազատ աշխարհի երկրների կողմից։ Եվ այս երկրներում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներն արհամարհում են։

Պարզ ասած՝ Արթուր Հովհաննիսյանի հայտարարությունը բանալի կոդ է, որը հիմք է տալիս ենթադրելու, որ Նիկոլ Փաշինյանը Արևմուտքի կողմից մերժվել է որպես քաղաքակրթական դաշնակից։ Իրականում՝ ժողովրդավարության հետընթացը ոչ միայն կոռուպցիայի, ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառման, ընդդիմության նկատմամբ ճնշումներ բանեցնելու փաստերով է հիմնավորվում, այլև Ռուսաստանի, որպես հակաքաղաքակարթական երկրի, հետ ունեցած իներցիոն հարաբերությունները պահպանելու և խորացնելու փաստով։ Եվ ենթադրաբար՝ Freedom House-ի զեկույցը աշխարհում մտավախություն է առաջացրել, որ ՀՀ-ն ձգտում է ասոցիացվել ոչ թե ԵՄ-ի հետ, այլ ՌԴ-ի։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2023-ի հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում հայտարարել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար քաղաքակրթական ընտրություն է, որից հետ նա արժանացել է հոտընկայս ծափահարությունների։ Այս ելույթը, ենթադրաբար, նպաստել է, որ Freedom House-ը բովանդակային զեկույց հրապարակի ՀՀ-ի մասին։ Եթե զեկույցում բարձրացված հարցերը համարժեք լուծում չստանան, ապա ժողովրդավարության պատկերն ավելի կմռայլվի, շատ կմոտենա Ռուսաստանի կամ Բելառուսի պատկերին։ Իսկ ՔՊ խմբակցության քարտուղարի հայտարարությունը մտավախություն է առաջացնում, որ ՀՀ-ն ընտրել է ՌԴ-ի նման հակաժողովրդավարական երկիր դառնալու ուղին, ինչը գործնականում անհնար է։

ՔՊ խմբակցության քարտուղարի հայտարարութունը նաև քայքայիչ ազդեցություն կարող է ունենալ։ Պետական կառույցները, մանր ու մեծ իշխանավորները կարող են ընդօրինակել նրա գնահատականը, ոգևորվել և ավելի կոպտորեն խախտել մարդու իրավունքները, ոտնահարել մարդու արժանապատվությունը, թաթախվել կոռուպցիայի մեջ, վարչական ռեսուրսներ կիրառել քաղաքական մրցակցության ժամանակ, արհամարհել ժողովրդավարական արժեքները, նորմերը, ՀՀ անկախության ու ժողովրդավարության դեմ քայլեր անել ու դրանից հետո ասել, որ իրենց կարծիքով՝ ՀՀ-ն ժողովրդավար երկիր է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված