copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 21:00 16-04-2024

Ոճիր՝ ողջ մարդկության դեմ. ցեղասպանությունները միայն թշնամիներն են ժխտում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիտական Գերմանիայի և նրա դաշնակիցների կողմից իրականացվեց հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի հետևանքով ոչնչացվեց ընդհանուր առմամբ 6 միլիոն հրեա։ Հրեաներից բացի նացիստների կատարած ցեղասպանության զոհ են դարձել նաև ազգային ու սոցիալական այլ խմբերի ներկայացուցիչներ, ներառյալ գնչուներ, անբուժելի հիվանդներ, ինչպես նաև լեհեր ու այլ սլավոններ, ԽՍՀՄ քաղաքացիներ, խորհրդային ռազմագերիներ, քաղաքական հակառակորդներ, միասեռականներ, Եհովայի վկաներ, ինչի արդյունքում ընդհանուր առմամբ ոչնչացվել է մինչև 17 միլիոն մարդ։

Գաղտնիք չէ, որ ի տարբերություն Հայոց ցեղասպանության, Հոլոքոստը ժամանակին ճանաչվեց ու դատապարտվեց միջազգային հանրության կողմից, ավելին՝ այդ թվում Հոլոքոստի արդյունքում հրեաներին 1948 թվականին հաջողվեց իրականացնել իրենց դարավոր երազանքն ու անկախ պետություն ունենալ։ Հրեաները դարեր շարունակ երազում էին իրենց պատմական հայրենիքում անկախ պետականություն ստեղծել, որն իրենց համար քաղաքականապես երաշխավորված ու կայուն ապաստան կլիներ։ Բացի այդ, հրեաներն առ առ այսօր Գերմանիայից ֆինանսական ահռելի փոխհատուցում են ուղղվում, որը նախևառաջ ուղղվում է պետության զարգացմանը։

Այսօրվա դրությամբ միջազգային հանրությունն ու աշխարհի երկրների գերակշիռ մասը ճանաչում և դատապարտում է Հոլոքոստը՝ կասկածի տակ չառնելով ոչ դրա եղելությունը, ոչ էլ ներկայացվող զոհերի թիվը։ Ավելին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2005 թվականի նոյեմբերի 21-ին Ավստրալիայի, Իսրայելի, Կանադայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ընդունվել է բանաձև, որը մերժել է Հոլոքոստի` որպես պատմական իրողության ժխտումը` կոչ անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ծրագիր պատրաստել «Հոլոքոստը և Միավորված ազգերի կազմակերպությունը» թեմայով։

2007 թվականի հունվարի 26-ին` Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա նախօրեին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան «Հոլոքոստի ժխտում» անունով հատուկ բանաձև է ընդունել, որով առանց նախապայմանների քննադատվում է Հոլոքոստի ժխտման ցանկացած փորձ։ Բանաձևը «կոչ է անում բոլոր անդամ պետություններին անառարկելիորեն մերժել Հոլոքոստի ժխտման ցանկացած դեպք` լինի դա ամբողջական, թե մասնակի, և ցանկացած այլ գործողություն այդ նպատակով»։ Փաստաթղթի նախագիծը Գլխավոր ասամբլեայի քննարկմանն են ներկայացրել ՄԱԿ-ի 192 անդամ երկրներից 103-ը։ Միակ երկիրը, որը դեմ է արտահայտվել բանաձևի ընդունմանը, եղել է Իրանը։

Հատկանշական է, որ չնայած միջազգային հանրության կողմից ճանաչման և դատապարտման փաստին, աշխարհում կան այնպիսի գործիչներ ու շրջանակներ, որոնք կասկածի տակ են դնում Հոլոքոստը՝ պնդոլով, որ այն առհասարակ տեղի չի ունեցել, կամ այն չի եղել այնպես, ինչպես ներկայացնում է ժամանակակից հրեական պետությունը։ Հոլոքոստը ժխտողները հաճախ պնդում են, որ պատմական իրողությունները գիտակցորեն կեղծվել են սիոնիստների կողմից՝ Գերմանիայից ու նրա դաշնակիցներից դրամ շորթելու, ինչպես նաև Իսրայել պետության ստեղծումն արդարացնելու նպատակով։ Արհեստավարժ մասնագետներից շատերը Հոլոքոստի ժխտումը բնորոշում են որպես ոչ գիտական ու քարոզչական գործունեություն։ Նրանք նշում են, որ ժխտողները հեգնում են հետազոտությունների գիտական մեթոդը` հաճախ քարոզելով հակահրեականություն և նեոնացիստական տեսակետներ։

Ժխտման թեզը հաստատելու համար հիմնականում ներկայացվում են հիշյալ փաստարկները․

Հրեաների զանգվածային անհետացումն իրենց բնակավայրերից տեղի է ունեցել ոչ թե նրանց բնաջնջման, այլ վերաբնակեցման արդյունքում։

Հրեաների ոչնչացման մասին փաստաթղթերի ու հրամանների բացակայությունը վկայում է, որ դրանք երբեք էլ չեն եղել, քանի որ կազմակերպիչները շտապ նահանջի պայմաններում չէին կարող դրանք ամբողջությամբ ոչնչացնել։

Հոլոքոստի իրողության վերաբերյալ շատ ավելի քիչ տեղեկություններ կան, քան ընդունված է համարել, իսկ եղածներն էլ հաճախ հակասում են իրար։

Գազով զանգվածային թունավորումը և զոհերի մարմինների այրումն այն քանակությամբ, որ բերվում է պաշտոնական պատմագրության մեջ, տեխնիկապես և տնտեսապես հնարավոր չէր իրականացնել։

Ժխտողների մի մասը, սրանով հանդերձ, ընդունում է, որ նացիստները մեծ թվով հրեաների փակել են համակենտրոնացման ճամբարներում, որտեղ նրանցից շատերը մահացել են սովից և որ նացիստներն արևելյան ռազմաճակատում գնդակահարել են հրեաների։

Հատկանշական է, որ Հոլոքոստի ժխտման հիմքեր ստեղծել են հենց նացիստները. երբ հասկանալի դարձավ, որ հնարավոր է պատերազմը տանուլ տալ, Հիտլերը հրամայել է ոչնչացնել ցեղասպանության հետ կապված փաստաթղթերը։ 1945 թվականի ապրիլին նա պաշտոնական հրամանագիր է ստորագրել, որ համակենտրոնացման ճամբարներում գտնվող ոչ մի բանտարկյալ «կենդանի չընկնի թշնամու ձեռքը»։

Հոլոքոստի առաջին ժխտողը, ով հանրաճանաչություն է ձեռք բերել, ֆրանսիացի Պոլ Ռասինյեն է, որը պատերազմի տարիներին եղել է Դիմադրության շարժման մեջ և Բուխենվալդի գերիներից, իսկ պատերազմից հետո դարձել է խորհրդարանի պատգամավոր։ 1948 թվականին նա լույս է ընծայել «Սահմանների հատում» գիրքը, որում, չհերքելով ահաբեկչության քաղաքականությունը և հրեաների ոչնչացումը համակենտրոնացման ճամբարներում, ողջ մեղքը դնում է արտոնյալ գերիների` կապոների վրա, որոնք հսկում էին բարաքները։ Ռասինյեն կասկած է հայտնում և՛ զոհերի թվի, և՛ գերմանացիների՝ հրեաների դիտավորյալ սպանության վերաբերյալ։

1961 թվականին Ռասինյեն հրատարակում է «Ուլիսի խաբկանք» գիրքը, իսկ 1964 թվականին՝ «Եվրոպացի հրեաների դրաման» գրքերը։ Ռասինյեն փորձում էր ապացուցել, որ մահացել է ընդամենը 0.5-1.5 միլիոն հրեա և կրկնում էր Բարդեշի պնդումը, որ նրանք մահացել են ոչ թե այն պատճառով, որ գերմանացիները սպանել են նրանց, այլ որ չեն կարողացել հարմարվել պատերազմական դաժան պայմաններին։ 1964 թվականին Ռասինյեն ժխտողներից առաջինը հայտարարեց, որ ոչ մի գազի խցիկ գերմանացիները չեն ունեցել։

Այդ շրջանում Հոլոքոստի ժխտումը Եվրոպայում թռուցիկ երևույթ էր, քանի որ պատերազմի մասին հիշողությունները թարմ էին, և շատ ականատեսներ դեռևս կենդանի էին։

Բացի այդ, հետազոտողներն առանձնացնում են հոգեբանական հիմնական 5 եղանակներ, որոնց միջոցով մոտիվացվում է ցեղասպանության, այդ թվում՝ Հոլոքոստի ժխտումը․

Կարևոր է վերականգնել ճշմարտությունը։ Մարդիկ չէին կարող այդպիսի հրեշային արարքներ գործել, որոնք վերագրվում են նրանց։

Գիտությունը չունի արժանահավատ ու ճշգրիտ փաստեր ցեղասպանության մասին, իսկ ոչ լիարժեք տեղեկատվություն պետք չէ մատուցել, քանի որ դա շփոթեցնում է մարդկանց։

Ներկայումս կարիք չկա քննարկելու հնում կատարված իրողությունները, քանի որ դա չի բարելավում ժամանակակից աշխարհը։

Եթե ցեղասպանությունը ճանաչվի, ապա զոհերի սերունդները կահաբեկեն հետապնդողների սերունդներին։

Զոհերն իրենք են մեղավոր իրենց հետ կատարվածի համար։

Հոլոքոստի ժխտման հիմնական մոտիվներն են համարվում նեոնացիզմը և հակասիոնականությունը, որոնք սերտորեն առնչվում են հակասեմականությանը։

Միևնույն ժամանակ կա տեսակետ, որի համաձայն սիոնիստները միտումնավոր չափազանցրել են Հոլոքոստի զոհերի թիվը, ինչը նրանց բարոյական առավելություն է տվել Իսրայել պետության հիմնադրման հարցում։ Որոշ ժխտողներ նաև պնդում են, որ փոխհամաձայնություն է եղել նացիստների և սիոնիստների միջև հրեաների ոչնչացման հարցում։ Մասնավորապես, ռուս հասարակական գործիչ Յուրի Մուխինը, պնդելով, որ Եվրոպայում նացիստները հրեաներին չեն ոչնչացրել, գրում է, որ խորհրդային հրեաներին սպանել են սիոնիստների ցուցումով։

Հայտնի անտիսիոնիստ ժխտողներից մեկն էլ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադն է։ Նա բազմիցս արտահայտել է այն կարծիքը, որ Հոլոքոստը «սուտ է` հենված անապացուցելի ու առասպելական պնդումների վրա», և որ այդ ստի հիմքով Պաղեստինի տարածքն օկուպացվել է սիոնիստների կողմից։ ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների, Ռուսաստանի ներկայացուցիչները խստորեն քննադատել են Իրանի նախկին նախագահի ու նրա արտահայտությունները, որոնցով նա ժխտում էր Հոլոքոստը և սպառնում «ջնջել Իսրայելը երկրի երեսից»։

Հոլոքոստի ժխտումը, որ կապված է հակասիոնիզմի հետ, տարածված է իսլամական երկրներում, որտեղ բնակչության հիմնական մասը հրաժարվում է ընդունել Իսրայել պետության գոյությունը, հատկապես` Սիրիայում, Եգիպտոսում, Սաուդյան Արաբիայում։

Ինչպես արդեն նշեցինք, Իսրայելի ստեղծումը պատմականորեն կապված է Հոլոքոստի հետ, ուստի այդ համատեքստում գիտնականների ու փորձագետների մի խումբ կարծում է, որ ժխտողների ակտիվությունը, մասնավորապես Մահմուդ Ահմադինեջադինը, բնորոշվում է նրանց հակասիոնական ու հակասեմական համոզմունքներով, ոչ թե պատմական ճշմարտությունը վերհանելու ձգտումով։ Նրանց նպատակն է Իսրայելի քաղաքական մեկուսացումն ու ոչնչացումը։ «Իրանի նախագահի կողմից Հոլոքոստի ժխտման գլխավոր պատճառն այն է, որ իսլամական Իրանի ղեկավարությանն անհրաժեշտ է իրենց կողմից Իսրայելի ոչնչացման գաղափարախոսությունն արդարացնելու հակադրույթներ ներկայացնել` աշխարհի քննադատական կարծիքն այս դիրքորոշման նկատմամբ մեղմացնելու նպատակով, քանի որ Իսրայելը Հոլոքոստն օգտագործելու եղանակով հալածում է պաղեստինցիներին»,- կարծում է արևելագետ Վլադիմիր Մեսամեդը։

Միայն 2013 թվականի սեպտեմբերին Ահմադինեջադի իրավահաջորդը՝ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանին CNN-ին տված իր հարցազրույցում ընդունել ու դատապարտել է Հոլոքոստը` այն համարելով նացիստների կողմից «մեծ հանցագործություն» հրեաների դեմ։

Այպիսով՝ փաստենք, որ ցեղասպանությունները մարդկության դեմ ուղղված համընդհանուր հանցագործություններ են, որոնք պետք է ճանաչել ու դատապարտել՝ անկախ քաղաքական և այլ դրդապատճառներից։ Ցեղասպանության ենթարկված ժողովուրդներն անասելի մեծ ցավ ու տառապանք են ապրել, որոնք ժամանակակից աշխարհում կարող են հերքել միայն այն երկրները, կազմակերպությունները, կամ գործիչները, որոնք կա՛մ ուղիղ ներգրավվածություն ունեն այդ գործընթացում, կա՛մ որոշակի խնդիրներ ունեն ցեղասպանված ժողովուրդների ու նրանց պետությունների հետ։

Ցավալի է, որ Իսրայել պետությունը, որի ժողովուրդը ցեղասպանության ու անմարդկային տառապանքների է ենթարկվել, առ այսօր չի ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Առավել մտահոգիչ է, որ Հայոց ցեղասպանության հանգամանքն Իսրայելի իշխանությունների և ներկայիս վարչապետ Բենիամին Նաթանյահուի կողմից պարբերաբար օգտգործվում է Թուրքիայի նկատմամբ ճնշումներ գործադրելու և քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով, իսկ երբ երկկողմ հարաբերություններում լարվածությունը հաղթահարվում է Հայոց ցեղասպանությունը կրկին մոռացության է մատնվում։

Իրավմամբ կարող ենք պնդել, որ եթե ա աշխարհը ժամանակին ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, ապա Հոլոքոստը և դրան հաջորդած մյուս ցեղասպանությունները տեղի չէին ունենա։ Հրեա ժողովրդի դեմ սեփական ոճրագործությունը նույն կերպ արդարացնում էր նաև ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը՝ հայտարարելով․ «այսօր ով է հիշում հայերի կոտորածները»։

Մտահոգիչ է նաև, որ արդեն Հայաստանի Հանրապետթյունում են որոշ գործիչներ սկսել քողարկված կերպով կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության եղելությունը՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է անուն-ազգանուններով նույնականացնել 1․5 մլն զոհերին։ Իրականում, ինչպես պնդում են ցեղասպանագետները և թեմային ծանոթ մյուս մասնագետները, ցեղասպանությունն ուղղված է թիրախային խմբի ոչնչացմանը, որի պարագայում ցեղասպանված անձանց թիվը էական չէ։

Այլ կերպ ասած՝ ցեղասպանությունը շատ մարդկանց սպանությունը չէ, իսկ նման պնդումները անողները կա՛մ սեփական անգրագիտությունն են ցուցաբերում, կա՛մ էլ միտումնավոր կերպով սպասարկում են թշնամու օրակարգը։ Հիշեցնենք, որ հենց Թուրքիան է տասնամյակներ շարունակ պնդել, որ իրականում «Հայոց ցեղասպանության զոհերի թիվը 1․5 մլն չի եղել, և հայերը միտումնավոր կերպով ուռճացրել են այն»։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի