copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 09:00 16-04-2024

ՔՊ-ն վտանգավոր ռիսկեր է առաջացնում միլիոնուկես զոհերի անունները հաշվառելով 

Հայոց Ցեղասպանության զոհերի անվանացանկը կազմելու ՔՊ-ական նախաձեռնությունը հիշեցրել է խորհրդային բռնազավթման տարիների հայտնի մի անեկդոտ։

Քննություն ընդունող դասախոսն ուսանողին հարցնում է՝ «Խորհրդային քանի՞ քաղաքացի է զոհվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»։ Ուսանողը պատասխանում է՝ «20 միլիոն»։ Դասախոսը հանձնարարում է՝ «Դե՝ այդ 20 միլիոնի անունները հերթով ասա»։

«Երբ ասում ենք միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում մենք կարողանանք հանենք, դնենք, և Ցեղասպանության թանգարանի էդ պատը պետք է լրացված լինի էդ ազգանուններով»,- ապրիլի 14-ին ասել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» հետ հարցազրույցում, շեշտելով՝ «Ամենակարևորը՝ պետք է ունենալ այդ միլիոնուկեսի ազգանունները՝ որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում կոտորվեցին, որպեսզի դա լինի շատ թիրախային»։

Առաջին հայացքից շատ աշխատատար, տասնամյակների աշխատանք պահանջող նախաձեռնություն է։ Իրականում, սակայն, նոր ռիսկեր է ստեղծում։ Եթե Նիկոլ Փաշինյանը ձգտում է հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ, ապա այսպիսի նախաձեռնությունը կարող է հավելյալ լարվածություն առաջացնել հայ-թուրքական բանակցություններում, ձգձգել հարաբերությունների կարգավորումը՝ մինչև հաշվառեն բոլոր միլիոնուկես զոհերի անունները։ Այսպիսով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կհետաձգվի մի քանի տարի, եթե ոչ տասնամյակներ։ Եթե հաշվի առնենք, որ հայ-թուրքական սահմանն, ըստ էության ՀՀ-ԵՄ առևտրային սահմանն է, ապա այսպիսի նախաձեռնությունը կարող է երկար ժամանակով հետաձգել դրա բացումը, եվրաինտեգրման գործընթացը։

Հանրային մտավախություն կա նաև, թե անփութությամբ և ապաշնորհությամբ հայտնի ՔՊ-ական իշխանությունը գործը գլխառադ է անելու, մի քանի հազարի անուն է գրելու և ավարտի հաշվառումը, կեղծիքի մեջ մեղադրելով բոլորին, որոնք կհամարձակվեն պնդել, թե միլիոնուկես հայ է զոհ գնացել։ Այսպիսի վերանայումը կարող է էապես գցել Հայաստանի վարկանիշն աշխարհում, հատկապես՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այն երկրների աչքում, որոնք բարձր մակարդակներով ճանաչել և դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը։

Հաջորդ ռիսկը սոցիալ-հոգեբանական է։ Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է սոցիալ-հոգեբանության վրա Ցեղասպանության ծանր ազդեցության մասին, մյուս կողմից՝ այս նախաձեռնությամբ ավելի է ծանրացնում է այդ ազդեցությունը, ավելի ծանր առողջական ռիսկեր առաջացնելով։ Եթե մինչ հաշվառումը հայ մարդը խոսում էր մեկուկես միլիոն զոհերի մասին, դրանցից մի քանիսի ողբերգական պատմությունների օրինակով վերապրում աղետը, ապա բոլորի անունները հաշվառելու պարագայում այդ վերապրումը ահավոր ծանրանալու է։ Ու հնարավոր է՝ մարդկանց մեծ մասը չդիմանա ծանրությանն ու հոգեբանական ծանր խնդիրներ ձեռք բերի։

Կա, իհարկե, նաև լավատեսական կարծիք, թե այս նախաձեռնությամբ ՔՊ-ն փորձում է ընդհանրություն կառուցել Ցեղասպանության ճանաչման և հատուցման խնդրի գլխավոր ջատագովներից երկուսի՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու և ՀՅԴ-ի հետ։ Այս ենթադրությունը հիմնավոր է, քանի որ ցանկացած դեպքում Ցեղասպանության զոհերի հաշվառմանը պետք է ներգրավվեն ՀԱՍԵ-ն և ՀՅԴ-ն, քանի որ նրանք ամենաշատ տվյալներն ունեն Ցեղասպանությունից հետո աշխարհում ցրված սփյուռքահայերի մասին, որոնց վկայություններով էլ կազմվելու են այդ անվանացանկերը։ Եթե այս համահայկական կառույցները հրաժարվեն գործակցել ՔՊ-ական իշխանության հետ, ապա վերջինս կարող է կիսատ թվեր հրապարակել ու պաշտոնապես հերքել միլիոնուկեսը, մեղադրել ՀԱՍԵ-ին ու ՀՅԴ-ին տվյալներ տրամադրելուց չարամտորեն հրաժարվելու մեջ։ Այս անցանկալի հեռանկարից վախենալով, ՀԱՍԵ-ն ու ՀՅԴ-ն, ենթադրաբար՝ համերաշխություն կհայտնեն Փաշինյանին այս նախաձեռնությանը, և այս գործակցությունը հասարակական լայն համերաշխության բանալի կդառնա։

Թաթուլ Մկրտչյան