Ամեն ինչ միտված է լինելու խաղաղության օրակարգին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Հարցին՝ կրակոցներով խաղաղություն լինո՞ւմ է՝ Քոչարյանը պատասխանեց. «Կրակոցներ պետք է չլինեն, բայց կրակոցներն արդեն 30 տարի է, ինչ մեզ ուղեկցում են։ Մի վախեցեք։ Կրակոցները պետք է, վերջիվերջո, կանգնեն։ Այս թշնամանքը երկար տարիների արդյունք է, դա հաղթահարելը հեշտ չի լինելու։ Խաղաղության հասնելն ավելի բարդ է, քան պատերազմելը։ Իսկ շատ դեպքերում պատերազմ անում են՝ խաղաղության հասնելու համար։ Խաղաղության հասնելու համար մենք ամեն օր պետք է մեր ԶՈՒ կարողոություններն ավելացնենք»։
Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ միգուցե կրակոցին կրակոցով պատասխանենք, Ադրբեջանը դադարի կրակել՝ Քոչարյանը նշեց.«Եթե դրա կարիքը լինի, դուք դրան էլ ականատես կլինեք։ Ի դեպ, Հայաստանից փախած Պաշտպանության նախկին նախարարը խոսում է կրակել- չկրակելուց։ Խոսքը Արշակ Կարապետյանի մասին է։ Չկրակելու որևէ հրաման գոյություն չունի, եթե հրամանատարը գտնում է, որ պետք է պատասխան տրվի, նա այդ պատասխանը կտա»։
Լրագրողի դիտարկմանը, թե Արշակ Կարապետյանը քաղաքական հայտ է ներկայացրել, Քոչարյանն արձագանքեց. «Որտե՞ղ ա ինքը, դուք տելեվիզորով ե՞ք տեսել, նայե՛ք, այնքան տպավորված է «Մերիոթ»-ում համագումարից, համագումարի դահլիճը ինչ՞ու ցույց չտվեցիք, միայն էկրանն էր՝ Արշակ Կարապետյանով»:
Դիտարկմանը, թե դուք փաստորեն հետևում եք, Անդրանիկ Քոչարյնաը պատասխանեց՝ իհարկե, բա ոնց կարող եմ չհետևել Հայաստանից փախած Պաշտպանության նախարարների հետագծին․ «Ես պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն եմ, Արշակ Կարապետյանին վաղուց եմ հետևում, թեման փակվեց՝ Արշակ Կարապետյանին սպասում ենք Հայաստանում, բոլորս ենք սպասում»։ Հարցին, թե Կարապետյնաը տրիբունալ է ստեղծում արձագանքեց. «Քոռանամ ես, Արշա՜կ, տուն արի, արի տրիբունալ այստեղ ստեղծենք»: