Երեկ՝ ապրիլի 7-ին, օգտատերերից մեկը ֆեսբուքյան իր էջում հրապարակում էր արել՝ տեղեկացնելով, որ 2023 թվականի 2-րդ դասարանի մաթեմատիկայի դասագրքի բազմապատկման և բաժանման աղյուսակում վրիպակ կա։
«Հետաքրքիր ա՝ էն վ-ֆ-ի նման սա նույնպե՞ս «հատուկ մեթոդոլոգիա» ա: Չասեք՝ դե վրիպակ ա էլի: 2-րդ դասարանի դասագրքում բազմապատկման և բաժանման աղյուսակում վրիպակ չպիտի լինի: Բա էլ ինչի՞ համար ա մի ամբողջ հանձնաժողով մեր վճարած հարկերի դիմաց էնտեղ «աշխատում»»:
Oragir.News-ը կապ հաստատեց ֆեսբուքյան օգտատիրոջ հետ, ով մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ մյուս տարվա դասագրքերում նման վրիպումներ չեն լինի։
«Պարզապես ֆիքսել եմ իմ էջում, և գրառման տակ դասարանի մյուս ծնողներն էլ են արձագանքել։ Կարծում եմ՝ բոլորն էլ նկատած կլինեն վրիպակը։ Հուսով եմ՝ մյուս տարվա հրատարակություններում նման բան չի լինի։ Քանի որ այս տարվանն արդեն բաժանված է երեխաներին, չեմ կարծում, որ ինչ-որ բան հնարավոր կլինի անել»,- եզրափակեց ծնողը։
Oragir.News-ը զրուցեց նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության փորձագետի հետ, ում խոսքով՝ դասագրքերում առկա վրիպակների հարցով նախարարությունը աշխատանքեր է տանում․
«Եկեք խոսենք այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են նախարարության կողմից այդ վրիպակները շտկելու և վերացնելու նպատակով։ Հաշվի առնելով և՛ ուսուցիչների, և՛ մասնագետների, և՛ հանրության արձագանքները՝ նախարարությունը հանձնարարել է դասագրքերի հեղինակներին շտկել այդ բացթողումները, անհամապատասխանություններն ու վրիպակները և ներդիրի տեսքով ներկայացնել նախարարությանը։ Այդ ներդիրը դասագրքի հետ կկիրառվի, և դասագրքի էլեկտրոնային տարբերակում արդեն շտկված կլինի»։
Հարցին, թե երբ հասանելի կլինի արդեն շտկված տարբերակը, նախարարության աշխատակիցը դժվարացավ կոնկրետ ժամկետ նշել․
«Այդ ուղղությամբ աշխատանքը տարվել է, և հնարավոր է՝ արդեն իսկ լինի։ Չեմ կարող հստակ ասել՝ արդեն առկա է, թե ոչ։ Բայց այդ ուղղությամբ բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ են տարվել։ Նախարարությունը այդ հարցին անտարբեր չի վերաբերվել»,- եզրափակեց նախարարության փորձագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։