Ապրիլի 2-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես աուտիզմի իրազեկման միջազգային օր։
Երևանում կան աուտիզմ ունեցող մարդկանց խնամքի կենտրոններ, որտեղ իրականացվում են ծառայություններ, նպաստում աուտիզմի խնդիր ունեցող մարդկանց զարգացմանը, ստեղծում հասանելի ժամանցային հնարավորություններ և ներգրավում նրանց իմաստավորված գործունեության մեջ։
Դրանցից մեկը Աուտիզմի ազգային հիմնադրամի կողմից ստեղծված «Իմ ուղին» կենտրոնն է, որի գործունեությունը ապահովվում է բարերարների և դրամաշնորհների շնորհիվ։
Oragir.News-ը խոսեց «Իմ ուղին» կենտրոնի փոխտնօրեն Կարինե Հարությունյանի հետ, ով պատմեց կենտրոնի աշխատանքի մասին․
«Հիմնադրամը պետական հոգածության տակ գտնվող ցերեկային կենտրոն է, որտեղ երեխաները գալիս են առավոտյան 9:30 մինչև ժամը 16:30։ Մեր մասնագետները տիրապետում են աուտիկ և այլ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու բոլոր ժամանակակից մեթոդներին։
Իրականացնում ենք տարբեր թերապիաներ՝ վարքային, կավագործություն, նկարչություն, երաժշտաթերապիա, սպորտ-թերապիա, մերսումներ։ Բոլոր թերապիաները, որոնք աշխարհում ընդունված են, ունենք։ Մենք անում ենք սոցիալացում։ Դա նշանակում է, որ երեխաներն իրենց մասնագետների հետ դուրս են գալիս և գնում տարբեր միջոցառումների՝ թատրոն, կինո, զվարճանքի կենտրոններ, գազանանոց։ Գնում են խանութ և սովորում են առևտուր անել։ Այդպիսով՝ իրենք լինում են հասարակության մեջ։
Մեզ մոտ եկող երեխաների տարիքը սկսվում է 1.5 տարեկանից մինչև անսահմանափակ՝ ունենք նույնիսկ 30-անց սաներ։ Ցավոք սրտի՝ այս խնդիրը բուժում չունի, և այդ պատճառով իրենք այստեղ մեծանում են և դպրոցն ավարտելուց հետո չեն դադարում գալ։
Իրենք ապրում են իրենց ընտանիքներում՝ ընտանիքից կտրված չեն, և իրենց ծնողներն էլ այդպիսով կարող են աշխատել։ Կարևոր կետն այստեղ այն է, որ իրենք ներառվեն հասարակության մեջ, բայց ապրեն ընտանիքում»։
Հարցին, թե ովքե՞ր են աշխատում աուտիկ երեխաների հետ, և ինչպես է իրականացվում դասապրոցեսը, Կարինե Հարությունյանը պատասխանեց․
«Իրենց հետ աշխատում են համապատասխան կրթություն ունեցող հատուկ մանկավարժներ, հոգեբաններ և լոգոպեդներ։ Ունենք Նոր Նորքում մասնաշենք, որտեղ իրականացվում են դասերը։ Մի շենքը նախատեսված է փոքրերի, իսկ մյուսը 14 տարեկանից բարձր անձանց համար։
Մասնաշենքերում դասերն իրականացվում են դասացուցակով, առավոտյան ծնողները երեխաներին բերում են։ Մի խմբում կարող է լինել 3-4 հոգի։ Իսկ փոքրերի հետ աշխատում ենք անհատական։ Իրենց դասապրոցեսն իրականացվում է այլ կերպ՝ ֆիզիկա և մաթեմատիկա չէ, սպեցիֆիկ դասեր են, որ երեխաները գույներն ու կենդանիները տարբերեն»։
Հարցրեցինք, թե մարզերից եկող աուտիկ երեխաներն ինչպե՞ս են ներգրավվում ծրագրին․
«Այս տեսակ դիագնոզ ունեցող երեխաների համար դժվար է տրանսպորտ նստելը, իրենք չեն սիրում աղմուկ և շատ մարդ։ Շատ հեռու մարզերից չեն կարող գալ այստեղ, բայց որոշ մարզերում կան այսպիսի ցերեկային կենտրոններ։ Մենք ունենք մի քանի հոգի մոտակա շրջաններից եկող երեխաներ, ամենահեռուն Էջմիածնից են», - ասաց Կարինե Հարությունյանը։
Նշենք, որ այս կենտրոնը ստեղծվել է Աուտիզմի ազգային հիմնադրամի կողմից։ Հիմնադիրները այս խնդիրն ունեցող երեխաների ծնողներ են՝ ովքեր ուսումնասիրելով այս խնդիրը, ծանոթացել են խնդրին առնչվող մասնագետների հետ ու հրավիրել նրանց այլ երկրներից։