Երևան +30°
copy image url
Միտք Ներքին 4 շաբաթ առաջ - 09:00 28-03-2024

Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները

Երբ Կիկերոնը (Marcus Tullius Cicerō) մրցում էր հայտնի քաղաքական, ռազմական գործիչ, մեծ ունեցվածքի տեր, նախկին փոխպրետոր Կատիլինայի (Lucius Sergius Catilina) հետ Հռոմի կոնսուլի աթոռի համար, շատերը թյուրիմացաբար կարծում էին, որ պոպուլիստ Կիկերոնը լինելու է ունեզուրկների, տոկոսի տակ մնացածների պաշտպանը, քանի որ համեստ, հասարակ էր հագնվում, մեծ ունեցվածք չուներ, ոչ էլ փառավոր անցյալ։ Սակայն ընտրվելուց հետո նա չպաշտպանեց աղքատների շահերն, այլ ծանրացրեց նրանց վիճակը, խստացրեց օրենքները, հարկերը, վարկային տոկոսները, իսկ քաղաքական մրցակիցներին հալածեց, արտաքսեց կամ սպանեց։

Նիկոլ Փաշինյանի հետ հույսեր են կապվել 2018-ի հեղափոխության օրերին, թե նա սոցիալական պետություն կդարձնի Հայաստանը, կվերանան մենաշնորհները, կոռուպցիան, կնվազի աղքատությունը, անարդարությունը և այլն։ Սակայն համընդհանուր բարեկեցության վերաբերյալ սոցիալական տեսիլքն ավելի է հեռացել և գրեթե ծածկվել հորիզոնում։

Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը հայկական կոստյում է հագնում, էժան գլխարկ դնում, կարկանդակ և եգիպտացորեն ուտում դրսում, չի բուժում ատամները, ցույց տալով, որ աղքատ քաղաքացիներից չի տարբերվում, հարկատուների միջոցներն անտեղի չի վատնում անհարկի ճոխությունների վրա։ Այսպիսով՝ փորձում են նվաճել աղքատների, ընչազուրկների համակրանքն ու վստահությունը։ Կենսաթոշակների բարձրացումը կամ 10 տոկոսանոց քեշբեքը ներկայացնում են իբրև մեծ առաջընթաց, անվերջ հիշեցնում այդ մասին։ Չի բացառվում որ 10-20 դրամով կէժանացնեն նաև հացը, որպեսզի շահեն այս սոցիալական շերտի սերը։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հասարակության սոցիալապես խոցելի հատվածը, որը ոչ պաշտոնական տվյալներով 30 տոկոսից ավելի է, ՔՊ համակիր է, ընտրող։ Սակայն տեղեկատվության հանրամատչելիությունը թույլ է տալիս հասկանալու, որ չհաշված նախկին որոշ օլիգարխների նկատմամբ ուղղորդված հալածանքները, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեծահարուստ քաղաքացիների շահերը չի ոտնահարել, աղքատների, աշխատավարձով ապրողների հոգսը չի թեթևացրել։ Այսինքն՝ թեև աղքատներն են ընտրում Փաշինյանին, սակայն երկիրը վայելում են հարուստները։

Ավելին՝ նախընթաց տարիներին ՔՊ-ական օլիգարխներ են աճել։ Նրանք են հաղթում պետական մրցույթները, նրանց միջոցով են իրականացվում տնտեսական ծրագրերի մեծ մասը, իրանական կաթի տարանցման և վորոնեժյան ծխախոտային արտահանման ոսկեբեր սխեմաները։ Նրանք են տնօրինում Արևմուտքից եկող միլիոնավոր դոլարների շարժերն ու ստանում ահռելի շահույթներ։

Նիկոլ Փաշինյանը պոպուլիստական ողջ զինանոցով և մանիպուլյատիվ հնարքներով չի կարողացել նույնիսկ աշխատանքի նկատմամբ հանրային վերաբերմունքը փոխել։ Հարկ վճարելու փիլիսոփայությունը շփոթում են անցումային շրջանում տարածված առևտրային «ռեկետի» մոտեցումների հետ։ Այդ տարիներին ասում էին՝ «վճարիր, որ թույլ տանք մեր քուչում առևտուր անես»։ Ներկայում Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «եթե հարկեր չեք վճարում, ապա մեր նորոգած փողոցներով մի երթևեկեք»։

Առավել խոսուն են հարկման սանդղակները, որոնք հարմարացված են այնպես, որ մեծ եկամուտ ու շահույթ ունեցող գործարարն ավելի քիչ է հարկվում, քան միջին աշխատավարձ ստացողը, որը հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ Հաշվի առնելով նաև այն, որ ՔՊ-ական իշխանության քաղաքականությունը որոշում են օլիգարխները, ուստի՝ չեն կարող ընդունվել օրենքներ, որոնք խոշոր գործարարների շահերին դեմ կլինեն։ Ի դեպ՝ ժառանգությունը ՀՀ-ում չի հարկվում։ Կապիտալի արժևորման հարկ ևս Հայաստանում չկա։ Այսինքն, եթե մարդը բաժնետոմս է գնել 1000 դրամով, բայց այն ժամանակի ընթացքում արժևորվել ու դարձել է 1 միլիոն դոլար, ապա դրա համար բաժնետերը հարկ չի վճարվում։ Այս և այլ սողանցքները թույլ են տալիս, որ միլիոնավոր դոլարների գործարքներ կատարող օլիգարխները քիչ հարկ վճարեն և ավելի հարստանան, իսկ աշխատավարձով գոյատևող քաղաքացիներն իրենց եկամտի զգալի մասը տրամադրեն ընդհանուր նպատակներին։

Պարզ ասած՝ Հայաստանը հարմար վայր է հարուստների համար, եթե նրանք իշխանության հետ հաշտ են։ Եթե այսպես շարունակվի, ապա տեսանելի ապագայում ՀՀ-ն կվերածվի հարավկովկասյան օֆշորի։ Իսկ եթե գործարկվի նաև Խաղաղության խաչմերուկը, ապա շատ մեծ փողեր կարող են պտտվել ՀՀ-ում, բայց ժողովրդի զգալի մասը կմնա աղքատության մեջ, գործազրկության սարսափելի ցուցանիշները կպահպանվեն, և քչերը հայրենիքի, անկախության կամ ժողովրդավարության մասին մտածելու ժամանակ կունենան։

Թաթուլ Մկրտչյան