Ինչի՞ է պատրաստում ժողովրդին Փաշինյանը
copy image url

Ինչի՞ է պատրաստում ժողովրդին Փաշինյանը

Ներքին 1 տարի առաջ - 16:20 25-03-2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին Գյումրի քաղաքում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան, հինգ ժամից ավելի դռնփակ հանդիպումներ է անցկացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարության և համակիրների հետ, իսկ նախօրեին տնտեսագիտության վերաբերյալ դասախոսություն է կարդացել Տնտեսագիտական համալսարանի տեղական մասնաճյուղում, թեև նա մասնագիտորեն ընդհանրապես կապ չունի տնտեսագիտության հետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այս ձևաչափով քաղաքական քննարկումներ, որոնք նախկինում անցկացվել են այլ քաղաքներում, կանցկացվեն Հայաստանի ևս 3 մարզերում։

«Այս կարգի հանդիպումներում մենք հիմնականում քննարկում ենք գաղափարական բնույթի հարցեր, որոշ դեպքերում՝ վարչապետի ելույթներից առանձին դրվագներ»,- նշել է Ալեքսանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը։ Ակնկալվում է, որ կքննարկվեն Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարները, ինչպես նաև անվտանգության հնարավոր երաշխիքները, որոնք Արեւմուտքը պատրաստ է առաջարկել պաշտոնական Երևանին։

Այսպիսով, Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպումը կարող է որոշիչ դառնալ Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցման ուղին որոշելու հարցում։

Այս ֆոնին Մոսկվայից Երևանի ուղղությամբ պարբերաբար հնչող «նախազգուշացումները» միանշանակ են՝ «Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք և Եվրամիությանն անդամակցելու որոշումը կարող է հանգեցնել արյունահեղության և նույնիսկ հայկական պետության անհետացմանը աշխարհի քաղաքական քարտեզից»:
Բայց իսկապե՞ս կապ կա Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպման և Գյումրիում Փաշինյանի անցկացրած փակ քննարկումների միջև։

Այս հարցին Վահագն Ալեքսանյանի պատասխանը շատ խուսափողական է հնչել. «Եթե թույլ տաք, այս հարցը բաց թողնենք»,- լրագրողներին ասել է իշխող կուսակցության ներկայացուցիչը։ -Բայց պարզ է, որ մենք բարձր ենք գնահատում գործընկերությունը թե՛ Եվրամիության, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, և, բնականաբար, մեր ակնկալիքներն ու հույսերը միանգամայն դրական են։ Ես կարող եմ սա՛ ասել, նույնիսկ՝ սրանից ավելին, բայց ձեր թույլտվությամբ՝ չպատասխանեմ»։

Այդուհանդերձ, լրագրողների ճնշմամբ, Վահագն Ալեքսանյանը հաստատել է, որ հանդիպմանը քննարկվել է Տավուշի մարզի չորս գյուղերը Ադրբեջանին վերադարձնելու հարցը։ Նա նշել է, որ այս թեման քննարկելիս պետք է չափազանց զգույշ լինել, քանի որ Հայաստանում որոշ ուժեր փորձում են դա շահարկել։ Ալեքսանյանը նաև ընդգծել է, որ (ինչպես Նիկոլ Փաշինյանի կողմից անվանվում են - խմբ․) «Բաղանիս Այրում, Գըզըլհաջիլի, Խեյրիմլի և Աշաղի Ասկիպարա» գյուղերը, որոնք ենթադրաբար պետք է հանձնվեն, «Հայաստանի տարածքը չեն, ուստի բուն հայկական բնակավայրերը Ադրբեջանին փոխանցելու մասին խոսք լինել չի կարող»։

Հիշեցնենք, որ այս կապակցությամբ Փաշինյանն օրեր առաջ այցելել էր Տավուշի մարզի՝ Ադրբեջանին սահմանակից գյուղեր և նրանց բնակիչներին զգուշացրել, որ եթե մոտ ժամանակներս այդ չորս գյուղերը չվերադարձնեն Ադրբեջանին, ապա պատերազմ կսկսվի։

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, ադրբեջանական կողմի հերթական պահանջը կատարելու համար մեղադրելով Փաշինյանին ժողովրդին միտումնավոր ահաբեկելու մեջ, հայտարարել էր, որ եթե այդ գյուղերը հանձնվեն, ադրբեջանական բանակը, մինչև 15 կիլոմետր խորությամբ, լիակատար վերահսկողություն կհաստատի Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ։

Տիգրան Աթանեսյան