Ներքին 2 տարի առաջ - 20:30 23-03-2024

Հայաստանը՝ Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտության հաջորդ թատերաբեմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 21-22-ին Բրյուսելում մասնակցելով Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին, ընդամենը մի քանի օր անց՝ ապրիլի 5-ին, վերադառնալու է Բելգիայի մայրաքաղաք, որտեղ նախատեսվում է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ գագաթնաժողովի անցկացում։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մամուլի ներկայացուցիչներին հաղորդել է, որ ապրիլի 5-ին նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը, որտեղ կքննարկվեն ավելի սերտ համագործակցության ուղիների որոնման հետ կապված հարցեր։

Արմեն Գրիգորյանը նաև հայտնել է, որ տվյալ հանդիպումն ուղղված է «Հայաստանի կայունության ամրապնդմանը»։ Այլ մանրամասներ հաղորդելուց ԱԽ քարտուղարը ձեռնպահ է մնացել, հայտարարելով միայն, որ մոտ ապագայում «այդ իրադարձության մասին ավելի մանրամասն խոսակցելու» հնարավորություն կստեղծվի։

Ակնհայտ է, որ վերջին տարիներին Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում Ռուսաստանից՝ Արևմուտքում որոնելով «անվտանգության ապահովման» նոր տարբերակներ, ուստի այդ նպատակով Վաշինգտոնի և Բրյուսելի հետ անցկացվող հանդիպումները միայն ակտիվանում են։

Ինչ վերաբերում է կոնկրետ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ գագաթնաժողովին, ապա այդօրինակ հանդիպում կանցկացվի առաջին անգամ։ Եվ դա, ըստ վերլուծաբանների, հաստատում է Արևմուտքի լուրջ նպատակադրվածությունը՝ Հարավային Կովկասում Հայաստանի միջոցով ամրապնդելու իր դիրքերը։

Ըստ ամենայնի, նաև հարկ է ակնկալել, որ Բրյուսելում անցկացվելիք գագաթնաժողովին Հայաստանը պաշտոնապես հայտարարելու է Եվրամիությանն իր անդամակցության քաղաքական որոշման մասին, ինչից հետո, առաջիկա ամիսների ընթացքում, ներկայացնելու է անդամության պաշտոնական հայտը։

Եվրամիությանն անդամակցելու՝ Հայաստանի մտադրության մասին օրերս հայտարարել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ում խոսքով՝ Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելու հայտը կներկայացնի ոչ ուշ, քան մինչև աշուն։

Իր հերթին, Ռուսաստանը բացահայտորեն զգուշացնում է, որ Եվրամիությանն անդամակցելը կարող է «թանկ նստել» Հայաստանի Հանրապետության համար։ Դատելով ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններից, Հայաստանին լավագույն դեպքում սպասվում է «ուկրաինական սցենարը», իսկ վատագույն դեպքում՝ որպես ինքնիշխան պետություն, աշխարհի քաղաքական քարտեզից ՀՀ անհետացումը։ Թե ինչ տարբերակով են ռուսական ուժերը պատրաստվում ներգործել Հայաստանի վրա՝ չի ճշտվում, թեև ակնհայտ է, որ Մոսկվան «պատժիչ մեխանիզմների» մեծ գործիքակազմ ունի։

Այս առումով, ապրիլի 5-ի բրյուսելյան եռակողմ բանակցությունները կարող են հանգեցնել մի այնպիսի իրավիճակի, որ Ռուսաստանը, հնարավոր է, Հայաստանի նկատմամբ կիրառի տնտեսական, քաղաքական, ինչպես նաև՝ ռազմական բնույթի ճնշումներ։ Եվ դեռ հարց է՝ արդյո՞ք արևմտյան գործընկերները կկարողանան, կամ նույնիսկ, կցանկանան պաշտպանել Հայաստանին այդ մարտահրավերներից։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ Ազգային Կոնգրես կուսակցության՝ մարտի 19-ին տարածած հայտարարությունում հստակ զգուշացված է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի Հանրապետության պաշտոնական հայտը խիստ վտանգավոր է։ «Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի փորձը պետք է որ ցույց տված լիներ, թե մարդկային կյանքի, տարածքների և տնտեսական ինչպիսի հսկայական կորուստների հետ են կապված եղել ոչ պատշաճ միջավայրում և ոչ պատշաճ ժամանակաշրջանում կատարված քայլերը։ Այդ ռիսկերը բազմապատկվում են գլոբալ հակամարտության այսօրվա աննախադեպ իրավիճակում», նշում է ՀԱԿ-ը՝ հավելելով․ «Հայաստանի իշխանությունները պարտավոր են ներկայացնել հանրությանը Եվրոպական Միության անդամության թեկնածուի կարգավիճակի համար պաշտոնապես դիմելու արդյունքում առաջացող սպառնալիքների, մարտահրավերների և ռիսկերի մանրամասն հաշվարկ, ինչպես նաև դրանց հաղթահարման համար անհրաժեշտ երաշխիքների և այլընտրանքների գոյության և հնարավորությունների մանրակրկիտ հիմնավորում», հավելել է Հայ Ազգային Կոնգրեսը։

Հետևելով առաջիկայում կանխատեսվող զարգացումներին՝ փաստենք, որ անկախ բոլոր հայտարարվող կանխատեսումներից, լինեն դրանք ողջամիտ կամ ոչ, Հայաստանի ներկա իշխանությունների վարած քաղաքականությունն ամենահակահայն է և ուղղված է միայն տարածաշրջանում մեր երկրի դիրքերի թուլացմանը և, ի վերջո, Հայաստանի Հանրապետության լուծարմանը։ Սա՛ տեղի չունենալու համար է պետք բոլոր կարող ուժերի միավորումը և իշխանափոխությամբ կանխելու աղետը։

Ամենից շատ դիտված

22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
11:13 «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-ին և 18-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման