Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:30 22-05-2025

Աննա Հակոբյանի դահլիճը դատարկվում է. ՔՊ-ի պարտվելու ռիսկը մեծանում

Մայիսի 21-ին պարզ դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է կարևորում «Կրթվելը նորաձև է» շարժումը, կարծես՝ այն ավելի կարևոր է, քան կառավարության ղեկավարի պարտականությունները։ «Սիրելի բարեկամներ․ շատ կարեւոր խոսակցություն է տեղի ունենում այս հանդիպումների ընթացքում։ Ընտրեք, թե որ հանդիպումն է Ձեզ հարմար, գրանցվեք՝ կտեսնվենք, կխոսենք»,- իր էջում մայիսի 21-ին գրել է Նիկոլ Փաշինյանը, գովազդելով «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումները, քաղաքացիներին հրավիրելով մասնակցելու դրանց։

Այստեղ ուշագրավ է «շատ կարևոր» ընդգծումը։ Ինչո՞ւ է վարչապետը շատ կարևոր համարում այս արշավն ու քաղաքացիների ներգրավվածությունը։

Փաշինյանի գրառումից ենթադրելի է, որ այս հանդիպումներին քիչ մարդ է գալիս, մեծ մասին բերում են զոռով։ Ովքեր բան ունեին ասելու Աննա Հակոբյանին կամ Նիկոլ Փաշինյանին, արդեն օգտվել են առիթից ու ասել են նախորդ հանդիպումներում։ Եվ բնականաբար, առաջիկա հանդիպումներին քիչ մարդիկ են ցանկություն հայտնել մասնակցելու։ Այսինքն՝ նկատելի է, որ «Կրթվելը նորաձև է» արշավի դահլիճը դատարկվելու միտում ունի։ Ու եթե առաջիկա հանդիպումներն անցնեն կիսադատարկ դահլիճում, ապա արշավը կարող է տապալվել։

Թատրոնի մարդկանց ծանոթ է խնդիրը։ Նոր ներկայացումը սկզբում լցնում է դահլիճը։ Սակայն ժամանակի ընթացքում հանդիսատեսի հետաքրքրությունը մարում է։ Երբ կազմակերպիչները տեսնում են, որ հանրությունը բավարար հետաքրքրված չէ ներկայացմամբ, այսինքն՝ ռիսկ կա, որ դահլիճ չի լցվի, ապա գովազդ են անում։ Եթե գովազդն էլ արդյունք չի տալիս, ապա ներկայացումը ժամանակավոր հանում են թատերաշրջանի ծրագրից։

Չնայած՝ «Կրթվելը նորաձև է» շարժումը թատերական ներկայացում չէ, սակայն գլխավոր գործող անձինք նույնն են, նույն կերպարի մեջ նույն բաներն են ասում։ Ի տարբերություն թատրոնի, այստեղ տոմս չի վաճառվում։ Սակայն եթե դահլիճը չլցվի, ապա ռիսկ կա, որ նվիրատուներն արշավի համար փող չեն տա։ Հանրության մեծ մասը որևէ պատկերացում չունի, թե հանդիպումների ժամանակ բանախոսներն ի՞նչ են խոսում։ Միայն վերնագրերն են հայտնի։ Թատրոնի հանդիսատեսը կիսվում է տպավորություններով։ Իսկ արշավի բանախոսությունների ունկնդիրները չեն պատմում դրանց մասին, չեն կիսվում իրենց էջերում, տպավորություն ստեղծելով, թե այլ հետաքրքրությամբ են գտնվել այդտեղ։

Ենթադրելի է, որ եթե Նիկոլ Փաշինյանի գովազդը չաշխատի, այսինքն՝ նրա հրավերով էլ մարդիկ չգան, հանդիպումներին մասնակցելու բավարար հետաքրքրություն չդրսևորեն, ապա շարժումը կանգնելու է երկընտրանքի առաջ՝ կա՛մ մի քանի ամսով դադարեցնել արշավը, պատկերավոր ասած՝ ներկայացումը հանել խաղացանկից, կա՛մ հանդիսատեսի հետաքրքրությունը շարժելու իրական ազդակներ կիրառել։

Առաջին տարբերակը ռացիոնալ է։ Եթե մարդիկ չեն ուզում «կրթվել» Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի բանախոսություններով, ապա արդարացված չէ կազմակերպչական միջոցներ ու ժամանակ ծախսելը։ Սակայն հարկ է հաշվի առնել, որ «Կրթվելը նորաձև է» քողի տակ մարդ են հավաքագրում ԱԺ 2026-ի ընտրությունների համար։ Այս առումով՝ արշավը դադարեցնելը ռիսկային է, քանի որ քաղաքական մյուս հավակնորդները կարող են որսալ չկողմնորոշված մարդկանց, դարձնել իրենց կամավորը, համախոհն ու ընտրողը, իսկ ՔՊ-ն կարող է պարտվել։

Հետևաբար՝ Փաշինյանն ընտրելու է երկրորդ տարբերակը։ Եթե գովազդն էլ չաշխատի, ապա ենթադրաբար, կգործարկեն գայթակղիչ առաջարկներ՝ դրմաշնորհային նախագծեր, մրցույթներ, կրթաթոշակներ, երիտասարդներին աջակցելու, խարխուսելու նոր ծրագրեր, որոնց մասնակից քաղաքացիները շոշափելի դրամային շահ կամ շահի իրական ակնկալիք կունենան։ Այսկերպ տարբեր ծրագրերով ու պատրվակներով կփորձեն մարդկանց հավաքել իրենց շուրջը, նրանց ներգրավել «Կրթվելը նորաձև է» արշավին, հետո էլ 2026-ի ընտրարշավին։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը գովազդային առաջարկով ապացուցեց, որ ոչ թե «Կրթվելը նորաձև է» արշավի հրավիրյալ բանախոս է, այլ գլխավոր շահառու և կազմակերպիչ։ Իսկ արշավն էլ զուտ կրթական չէ, այլև ՔՊ-ի վերընտրվելու համար մարդկանց հավաքագրելու նպատակ է հետապնդում։ Սա հասկացել են գրեթե բոլորը։ Եվ եթե գովազդից ու գայթակղիչ առաջարկներից հետո էլ քիչ մարդ կարևոր համարի Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի բանախոսությունները, ապա «Կրթվելը նորաձև է» արշավի մութ դահլիճները կդատարկվեն, ու ՔՊ-ի քարոզարշավը կտապալվի։ Իսկ եթե ռուսներն էլ «գցեն», ապա Փաշինյանը կպարտվի 2026-ին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
22:52 Ադրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին
20:48 Ռուբեն Վարդանյանի կինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար
23:32 Արթուր Օսիպյանն ազատ արձակվելուց հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցի մասին
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան