Միտք Ներքին 2 տարի առաջ - 22:36 13-03-2024

Օդին Արշակ կուպիլ իշակ. ով է այս պատմության «ընթրիքի տխմարը»

Նիկոլ Փաշինյանն իր երեկվա «բացահայտումների» շրջանակներում չխնայեց և «մերկացրեց» նաև պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին։

ՀՀ վարչապետի խոսքով՝ Կարապետյանը, որին 2021 թվականի հուլիսի 20-ին իր առաջարկությամբ նշանակել էին պաշտպանության նախարար, նույն թվականի նոյեմբերի 14-ին իրեն, փաստորեն, խաբել էր՝ զեկուցելով, թե սահմանային իրավիճակը հանգիստ է։ Դա էլ պատճառ դարձավ, որ հաջորդ օրը Կարապետյանը պաշտոնանկ արվի։

Ցանկացած բանական արարածի համար իրեն վերագրվող կամ վերաբերող փաստերի նմանօրինակ ներկայացումը խայտառակություն է և արդարանալու կամ պատասխան «հարված» հասցնելու անհետաձգելի շարժառիթ, ինչը և մղեց Արշակ Կարապետյանին՝ նույն օրը հանդես գալու սեփական «բացահայտմամբ»։

Հետաքրքիր է, որ Կարապետյանը, իր տեսանյութում մի քանի անգամ Փաշինյանին «ղեկավար» անվանելով հանդերձ, նրան մեղադրեց ստախոսության մեջ։ Այսինքն՝ «ստախոս ղեկավարը» տեղյակ չէր, որ իր ենթական՝ Հայաստանի պաշտպանության նախարարը, թշնամու հարձակման օրերին Դուբայում էր։ Գուցե, եթե հավատանք Կարապետյանին, Էմիրաթներ նրա այցելությունն օգտակար էր, իսկ գուցեև՝ ոչ այդքան, քանի որ հետագայի զարգացումները, մասնավորապես պաշտպանության ոլորտում, ոչ մի մխիթարական բան իրենցից ոչ այն ժամանակ, ոչ հիմա չեն ներկայացնում։

Բայց ըստ փոքրիշատե առողջ դատողության, որը պետք է հիմնված լիներ իրադարձությունների որևէ վերլուծության վրա (ընդ որում, վերլուծելը, գնահատելը և եզրակացնելը Կարապետյանին չպետք է անծանոթ լինեն, ըստ նրա զբաղեցրած պաշտոնների), Կարապետյանի՝ այդ օրերին Դուբայ գործուղումն ինքնին մեծ հարցեր է առաջացնում, ինչքան էլ կարևոր արդյունքներ ակնկալվեին արաբ գործընկերներից։

Ավելորդ չէ նշել, որ Արշակ Կարապետյանի զինվորական կարիերան սրընթաց վերելք և անկում է ապրել Փաշինյանի օրոք։ Եվ, եթե ելնենք այն՝ տարիների ընթացքում ամրապնդվող մտայնությունից, որ Փաշինյանի հետ աշխատող կամ աշխատած ցանկացած ոք հենց միայն դրա բերումով պետք է պատասխանատվություն կրի երկիրը «հայրենիքի մնացորդ» դարձնելու հանցավորության մեջ, ապա նույն Կարապետյանի կողմից իրեն առաջ քաշած Փաշինյանին «մերկացնելը» նույնչափ անհեթեթություն է, ինչչափ՝ Փաշինյանի կողմից Կարապետյանին «մերկացնելը»։

Ֆրանսիական «Ընթրիք տխմարի հետ» տրագիկոմեդիան ներկայացնում է որոշ անձանց կողմից, զվարճանքի նպատակով, պարբերաբար ինչ-որ մեկին գտնելու և ծաղրելու սյուժեն։ ՀՀ նախկին Պնախարարը հենց այս ֆիլմի գլխավոր հերոսի տեղական՝ նիկոլփաշինյանական իրականության մարմնավորումն է, և եթե հիմա նա «վերագտել» է իրեն «ընդդիմադրի» դերում, դա բոլորովին չի նշանակում, թե իրերի հարմար դասավորության դեպքում «դարձի չի գա»։

Կարևորը՝ թե «մոլորյալին» ինչով են շահագրգռելու, մնացածն արդեն «տեխնիկայի հարց» է։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը