Երևան +11°
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 13:40 28-02-2024

Ամիսը 120․000 տոկոս ենք վճարում, բայց թիվ 1 «հերոսը» չենք․ օնլայն տաքսու վարորդները բողոքի ակցիայի են պատրաստվում

Օնլայն ծառայություն իրականացնող տաքսու վարորդների մոտ դժգոհության ալիք է հասունանում, նրանք բողոքում են Ազգային ժողովի դեռ նախորդ տարի ընդունած նախագծից, ըստ որի՝ այս տարվա սեպտեմբերից իրենք պետք է հարկեր վճարեն պետությանը։

«Մեր աշխատածն ի՞նչ է, որ մի հատ էլ պետությանը հարկ տանք։ Կառավարությունը, Ազգային ժողովը ի՞նչ դրական բան են արել մեզ համար, որ հիմա էլ որոշել են մեզնից գումար հարկել։ Հասարակ մի բան, թող ճանապարհները նորմալ նորոգեն, խցանումների հարցը կարգավորեն, նոր անցնեն վարորդներից գումար քերելուն»,- ասաց մոտ 10 տարի օնլայն տաքսի ծառայությունում աշխատող վարորդներից մեկը։

Անդրադառնալով Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի՝ հարկ վճարելու վերաբերյալ աղմկահարույց հայտարարությանը, մեր զրուցակիցն ասաց․

«Փաշինյանը արտագնա աշխատանքի մեկնողներին, շոուբիզնեսի ներկայացուցիչներին ասում էր՝ ճանապարհ ենք սարքում և այլն, բա հարկե՞րը։ Նիկոլ Փաշինյան, այնպես չի, որ նշված մարդիկ կամ մենք՝ տաքսու վարորդներս հարկ չենք վճարում։ Այդ աշխատած գումարից գույքահարկ ենք վճարում, ավտոմեքենայի տեխսպասարկման գումար ենք վճարում, ԱՊՊԱ-ի գումար ենք վճարում, երեխեքի դպրոցի, համալսարանի համար ենք վճարում, կոմունալ ենք վճարում, դրանք բոլորը գնում են նաև պետական բյուջե»։

Դիտարկմանը, որ ըստ Նիկոլ Փաշինյանի ՀՀ թիվ 1 հերոսը հարկ վճարող քաղաքացին է, տաքսու վարորդը կարևոր խնդրի մասին բարձրաձայնեց։

«Եթե Նիկոլ Փաշինյանն այդքան շատ է ուզում մեզնից հարկ վերցնել, ապա թող այնպիսի օրենք մշակի, որ մեր աշխատածից տոկոսները գնան ոչ թե կազմակերպությանը, այլ հարկային, մենք էլ կհամարվենք գրանցված աշխատող։ Այլապես ստացվում է, որ մենք մեր աշխատածի 20 տոկոսից ավելին որպես տոկոս տալիս ենք ծառայությանը, բայց գրանցված աշխատող չենք, ոչ էլ հերոս։ Ամենաշատ տոկոսը երևի օնլայն տաքսու վարորդներն են վճարում։ Եթե օրը 20․000 դրամի պատվեր ենք կատարում, դրանից 20%-ը ծառայությունը պահում է, այսինքն՝ 4000 դրամ։ Մեկ ամսում ստացվում է, որ 120․000 դրամ իմ աշխատածից պահում է արվում, բայց ես դեռ հարկ չեմ վճարում։ Հիմա իշխանությունների այս օրենքը բերելով օնլայն տաքսի ծառայությունները այդ տոկոսն էլ ավելի են բարձրացնելու, մենք ավելի շատ տոկոս ենք վճարելու, բայց էլի,որպես հարկ վճարող չենք համարվելու ու Նիկոլի ասած թիվ 1 հերոս չենք լինելու։ Իրենց այս որոշումից միայն շարքային քաղաքացին, հասարակ վարորդն է տուժում, քանի որ օնլայն տաքսի ծառայությունը տոկոսը բարձրացնելու է ու նորից իր կայուն եկամուտն ունենա, իսկ մենք նույն 20․000 դրամի պատվել կատարելու դեպքում արդեն որպես տոկոս վճարելու ենք ոչ թե 4000, այլ 5000 դրամ»,- ասաց մեր զրուցակիցը,ապա հավելեց, որ վարորդներով քննարկումներ են իրականացնում և առաջիկայում հնարավոր է բողոքի ակցիաների դուրս գան։

Հիշեցնենք, որ օնլայն տաքսի ծառայությունները 2024-ի սեպտեմբերից հարկային դաշտ կմտնեն ու պետությանը տուրք վճարեն։

Ոլորտի նկատմամբ վերահսկողություն սահմանելու նախագիծը երկարատև քննարկումներից հետո նախորդ տարեվերջին է ընդունվել Ազգային ժողովում։

Սեպտեմբերի 1-ից օնլայն տաքսի ծառայություններն իրականացրած յուրաքանչյուր պատվերի դիմաց ստացած գումարի մի մասը պետք է հարկայինին փոխանցեն։ Սկզբում գումարը փոքր կլինի, հետագայում կաճի։ Ընդ որում՝ կանխիկով պատվեր կատարելիս գանձվող գումարն ավելի մեծ կլինի։

Այս տարի դրույքաչափերը 2 տոկոս և 1․5 տոկոս կկազմեն։ Օրինակ, եթե ուղեվարձը 1000 դրամ կազմի, պետական տուրքը կանխիկի դեպքում՝ 20 դրամ կլինի, անկանխիկի դեպքում՝ 15 դրամ։

Տոկոսներն աստիճանաբար կավելանան և 2026-ին վերջնական մակարդակին կհասնեն՝ 5 տոկոս կանխիկի, 4՝ անկանխիկի դեպքում, փոխանցումները վարորդները չեն իրականացնելու, այլ հենց կազմակերպությունները։