Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:50 05-02-2024

Ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվորեն զբաղված է արցախցիներին պառակտելով

Վերջին օրերին ադրբեջանական մամուլն աննախադեպ առատությամբ քարոզչանյութեր է ներկայացնում օկուպացված Արցախի մայրաքաղաքից։

Մասնավորապես, տարածվող տեսանյութերում ցուցադրվում են Կարմիր մահիկի աշխատակիցների հսկողությամբ՝ քաղաքացիական անձանց՝ ընդգծված «երջանիկ», ժպտուն դեմքերով օգնություն ստանալիս։

Դժվար է, իհարկե, հասկանալ, թե այդ անձինք իրապես ինչքանով են կապված Ստեփանակերտի հետ․ մեր տեղեկություններով, նրանք Արցախի մայրաքաղաք են բերվել տարբեր տեղերից, օրինակ՝ Ասկերանի, Մարտակերտի շրջաններից, և կենտրոնացվել մի վայրում՝ «ֆոտոսեսիայի» համար։

Այդ տեսանյութերում առանձնացված լուսաբանվում է Լարիսա Ստեփանյան անունով մի կին։ Փետրվարի 4-ին ադրբեջանական հեռուստատեսությունը ծավալուն ռեպորտաժ է ներկայացրել նրա մասին։

Լարիսան իբր ապրում է Ստեփանակերտի Անդրանիկի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի նկուղում։ Նա զոհված զինծառայողի մայր է, որը դեռևս 2020 թվականից օկուպացված Հադրութի շրջանի Տող գյուղից է, բավական վարժ խոսում է ադրբեջաներեն, հայհոյում Ռոբերտ Քոչարյանին, Արայիկ Հարությունյանին, նրանց անվանում ահաբեկիչներ։

Այնուհետև ցուցադրվում է նրա կացարանը՝ լի տարբեր իրերով, և տպավորություն է, որ այս կնոջը թույլատրել են կենցաղի համար մերձակա տներից անհրաժեշտ առարկաներ բերել նկուղ, որն, ի դեպ, ջեռուցվում է փայտի վառարանով, ինչը նշանակում է, որ Ստեփանակերտում բնակվողներին ադրբեջանական իշխանությունները մասնակի կամ ամբողջովին զրկել են էլեկտրաէներգիայից և գազամատակարարումից։

Հրապարակվում են նաև տեսանյութեր, որտեղ երևում են ամայացած Ստեփանակերտի տարբեր թաղամասեր՝ «Կոլցևոյ»-ը, Առաքելյանի, Մանուկյանի փողոցները․․․ Պարզ երևում են լքված քաղաքում ադրբեջանցիների կատարած կողոպուտի հետքերը։




Ըստ ամենայնի՝ ադրբեջանցիները թույլատրել են քաղաքից արված նկարահանումները տեղակայել համացանցում՝ խաղալով տեղահանված արցախցիների կարոտի զգացման վրա, քանի որ բազմաթիվ մարդիկ, սոցիալական հարթակներում հանդիպելով այդ նյութերին, գրառումների միջոցով արտահայտում են Արցախ վերադառնալու իրենց ցանկությունը։

Արցախցիներն իրենց վերադարձը պայմանավորում են հատկապես հայաստանյան իշխանությունների վատ վերաբերմունքով․

«Ավելի լավ է գնանք, քանի որ այստեղ վերածվել ենք Փաշինյանի կողմից մեզ շպրտված 50 հազար դրամի սպասող թափառաշրջիկների։ Շատ մարդիկ կան, որ Հայաստանում են, գտնվում են անտանելի պայմաններում»,- նշում է Անդրանիկ Գրիգորյանը։

Ի պատասխան Ստեփանակերտում գտնվող մարդկանց դատապարտող մեկնաբանությունների, Արման Գրիգորյանը նշում է․ «Ոչ մեկին մի քննադատեք, մարդիկ իրենց հարազատների գերեզմանները չեն կարողացել թողնել»։

«Տարօրինակ է նվիրվածություն պահանջել նրանցից, ում դավաճանել են»,- գրում է Ռինե Բադալյանը։

Նման տեսանյութերը տարածվում են մի նպատակով՝ պառակտել արցախյան հասարակությանը, տպավորություն առաջացնել, որ Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվող Արցախ տեղափոխվելը ոչ մի ռիսկ չի ստեղծում հայերի համար, և գոնե համացանցի հարթակներում արդեն երևում է տրոհումը, ինչը շատ վտանգավոր միտում է, որովհետև բռնի տեղահանված արցախցիների մաս-մաս վերադարձի դեպքում առմիշտ կփակվի Արցախին երբևէ առանձին կարգավիճակ տրամադրելու գոնե տեսական հնարավորությունը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
16:59 «ՀԷՑ-ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն-ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
11:56 Ընտրեցինք Փաշինյանին, որ մեզ էս օրը քցի՞․ ակցիայի մասնակից
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ