copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 17:00 31-01-2024

«Առաջարկում եմ առարկան վերանվանել «Իջևանի շրջանի Ենոքավան գյուղի պատմություն»․ e-draft.am-ում քվեարկությունը շարունակվում է

Հունվարի 22-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում զետեղել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որը հանրային շրջանակներում ավելի հայտնի է, որպես «Հայոց պատմություն» դպրոցական առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» վերանվանելու որոշում։

Նախագիծը տեղադրվել է հանրային քննարկման հունվարի 22-ին, քննարկումը կավարտվի փետրվարի 7-ին։
Հոդվածը պատրաստելու դրությամբ քվեարկությանը մասնակցածների ընդհանուր թիվն անցել է 6400-ից․ «կողմ» ձայները կազմում են 44%, իսկ «դեմ» է 56%-ը։

Ընդհանուր առմամբ, հունվարի 31-ի դրությամբ նախագծի վերաբերյալ կայքում առկա է ավելի քան մեկուկես հարյուրյակ մեկնաբանություն-առաջարկություն, բոլորը՝ հստակ արտահայտված դեմ կամ նման բովանդակությամբ։ Ներկայացնում ենք դրանցից որոշները, որոնք, մեր կարծիքով, ուշագրավ բովանդակություն ունեն։

Արվել են միայն ուղղագրական միջամտություններ։

«Հաշվի առնելով առաջիկա զարգացումները («սահմանադրական փոփոխություն», «արտահերթ ընտրախաղեր», «խաղաղության պայմանագիր», «խաղաղության խաչմերուկ» և համանման այլ աղետաբեր ու կործանարար գործընթացների անկանգ ու աննահանջ ծավալման առնչությամբ), առաջարկում եմ, և ամենայն լրջությամբ, «Հայոց պատմություն» առարկան վերանվանել ոչ թե «Հայաստանի պատմություն», այլ «Ալմա-Աթիի հռչակագրով «միջազգայնորեն ճանաչված» ՀԽՍՀ Իջևանի շրջանի Ենոքավան գյուղի պատմություն», ինչն իրապես ավելի արդարացի և, միաժամանակ, շոյիչ ժեստ կլինի սույն խեղափոխումը նախաձեռնողի անձի և գործի նկատմամբ։ Ու խնդրում եմ՝ առաջարկիս դիմաց չճպպացնել «Ձեր դիտարկումը նախագծի բովանդակության հետ կապված չէ» ստանդարտ կլիշեն, քանզի իմ էս առաջարկ֊դիտարկումն իրականում, լիովին և ամբողջապես հենց իսկ ուղղակիորեն կապված է նախագծի ողջ փաթեթի՝ ոչ միայն բովանդակության, այլև՝ ոգու, տառի և բուն մտադրությունների հետ։ Մնացյալը, ինչպես ընդունված է ասել, փափախավոր «քրդերին» փորձեք համոզել (թեպետև, ըստ իս, նույնիսկ նրանց համոզել չի հաջողվի)»․ Աշոտ Հովսեփյան։

«Կտրականապես դեմ եմ այս հակագիտական, հակահայկական մոտեցմանը, հուսով եմ, որ հետ կկանգնեք այս վտանգավոր գաղափարից․ Ավետիք Չալաբյան։

«Լուրջ եմ ասում, մի նախաձեռնություն առաջ չեք քաշել, որը չէր հակասի Հայաստանի և հայկականության շահերին։ Թեև, ինչ ակնկալել հակահայաստան իշխանությունից։ Մենք դեռ հույս ունենք ձեր իշխանությունից հետո էլ Հայաստան ունենալ»․ Հասմիկ Երեմյան:

«Հիմնավորման մեջ ձեր բերած օրինակները՝ «Ֆրանսիայում դպրոցներում ուսուցանում են Ֆրանսիայի պատմություն, ոչ թե ֆրանսիացիների, Լեհաստանում՝ Լեհաստանի պատմություն և այդպես շարունակ», ամենևին էլ տեղին չէ, քանի որ ՀԱՅՈՑ բառը չի նշանակում միայն ՀԱՅԵՐ․ այն նշանակում է նաև ՀԱՅՔ, այսինքն ՀԱՅՔԻ պատմություն»․ Ռուզաննա Ավագյան:

«Փոփոխության գլխավոր փաստարկը հիմնավորված չէ: Պատմություն ուսումնասիրելը բացառապես պետությունների պատմություն ուսումնասիրել չի նշանակում: Պետություններ՝ զանազան դրսեւորումներով, գոյություն ունեցել են անցյալում: Արդի պետություններն ընդամենը մի քանի հարյուր տարվա պատմություն ունեն: Միայն մեծ երկրներ կամ նախկին կամ ներկա կայսրություններ կարող են իրենց թույլ տալ սոսկ պետություններին արժևորել՝ անտեսելով հասարակական, մշակութային, կամ այլ շերտեր մարդկային կյանքի մեջ». Նարեկ Սէֆէրեան:

«Հայաստանի պատմությունը» շատ ճոխ ա, գրեք` «Արևմտյան Ադրբեջանի պատմություն». Սարո Այվազյան։

«Պետք չէ բառախաղով հերթական կեղծիքի հիմքը դնեք, ինչպես հրապարակեցիք 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը․․․ նման կեղծիքներով Հայոց պատմություն կարող էր գրել միայն հայի թշնամին»․ Մերի Սողոմոնյան։

«Հայոց պատմություն» առարկան անվանել «Հայաստանի պատմություն» առաջարկը համարում եմ անտեղի, քանի որ Հայոց պատմությունն ավելին է, քան Հայաստանի պատմությունը։ Առաջարկում եմ առարկան ներկայացնել ընդգրկուն և գիտականորեն ճիշտ համապատասխանությամբ դասագրքով ուսուցանվող վերանվանված «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»․ Գայանե Մադաթյան։

«Չեմ կարծում, որ նախագծի հեղինակները, չեն գիտակցում, թե ինչ է նշանակում Հայոց պատմություն և ինչ է նշանակում Հայաստանի պատմություն։ Հայաստանի պատմությունը դա կոնկրետ Հայաստան պետության պատմությունն է, իսկ Հայոց պատմությունը, դա մեր ժողովրդի պատմությունն է, որը գալիս է անհիշելի ժամանակներից։ ուղղակի կա պատվեր վերացնելու Հայոց պատմությունը և դա արվում է»։ Արթուր Միքայելյան։

«Կասկածում եմ «Կողմ» արտահայտվածների թվին։ Ինչպե՞ս է ստացվել, որ բոլոր առաջարկություններում նշվում է ԴԵՄ արտահայտվածների կարծիքը, սակայն այդքան մեծ թվով ԿՈՂՄ արտահայտվածներից մեկը ԿԱՐԾԻՔ չունի։ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ եմ համարում ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ առարկայի անվան փոփոխությունը։ ԴԵՄ ԵՄ»․ Սուսաննա Ավագյան։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված