Հայաստանն ազատ աշխարհի մաս դառնալու մտադրություն, կարծես՝ չունի։ Այսպիսի ենթադրություն կարելի է անել, ծանոթանալով Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 16-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձին, որի հայրերեն տարբերակը չկա ո՛չ վարչապետի կայքում, ո՛չ նրա ֆեյսբուքյան էջում։
Հարկ է հիշեցնել, որ ԵԱՏՄ հիմնական առաքելությունը ռուսական երբեմնի ազդեցության գոտիները պապանելն է։ ԵԱՏՄ-ում անկախ Հայաստանն անելիք չունի, ԵԱՏՄ-ին գործակցությունը ՀՀ ազգային շահերի հետ ընդհանրություն չունի։ Այդպես էին մտածում իշխանությունները մինչև 2013-ի սեպտեմբերի 3-ը։ Սակայն մեկ գիշերվա մեջ պարտադրվեց հակառակ որոշումը։ Տնտեսությունը կրկին կապվեց ռուսական սայլին։ Իսկ Փաշինյանի ուղերձը պաշտոնական աղբյուրներում չհրապարակելով, ՔՊ-ական իշխանությունը կարծես՝ուզում է թաքցնել, որ ՀՀ-ն չի ուզում ազատվել ռուսական կապվածությունենրից և զարգացնել գործընկերությունն ազատ աշխարհի հետ։
Ուշագրավ է ուղերձի այս հատվածը, որտեղ նշվում է Հնդկաստանի հետ գործընկերության մասին. «Ողջունում եմ նաև Հնդկաստանի հետ տնտեսական օրակարգի շուրջ համապարփակ երկխոսության զարգացումը և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, աշխատանքների շարունակումը այնպիսի գերակա և հեռանկարային ուղղություններով, ինչպիսիք են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը»:
Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերին Դելիում անցկացված G20-ի բանաձևում պարզ նշվել է, որ միջազգային տնտեսական նոր ճանապարհներ են գործարկվելու առաջիկայում։ Նշվել է, թե ինչ տեղ ու դեր ունի այդ ծրագրերում Հնդկաստանը։ Ըստ այդմ՝ Հնդկաստանն առաջիկայում դառնալու է առևտրային խոշոր գործընկեր Եվրոպայի համար։ Ճանապարհներից մեկն անցնելու է ՀՀ-ով՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան, որտեղից Սև ծովով Եվրոպա։
Այս ճանապարհը նախատեսվում է գործարկել 2024 թվականի մայիսի 24-ին։ Այսինքն՝ առաջին բեռներն առաջիկա ամիսներին անցնելու են նաև ՀՀ-ով, մասնավորապես՝ Մեղրիով։ Սա ՔՊ-ական իշխանությունները ներկայացնում են որպես խաղաղության խաչմերուկ կոչվող ծրագրի մի մաս, որի արդյունքում ՀՀ տնտեսությունը կարող է աճել։
Խաղաղության խաչմերուկը, սակայն, կարող է դառնալ պատերազմի խաչմերուկ, եթե ռուս-թուրք-ադրբեջանցի դաշնակիցները փորձեն խոչընդոտել G20-ի նախանշած ծրագրին։ Պատահական չէ, որ վերջին օրերին ռուս-թուրք-ադրբեջանցի գործիչները թարմացրել են այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Այդպիսով՝ նրանք ակնարկում են, որ եթե G20-ի ծրագրերում իրենք չներգրավվեն, ապա կփորձեն կտրել Մեղրիով անցնելիք ճանապարհը, բացել «Զանգեզուրի միջանցքը» և ռուս-թուրքական ճանապարհները դարձնել միջազգային տնտեսական ուղիներ։ Մասնավորապես՝ եթե Հնդկաստանն ուզում է առևտրային հավելյալ ուղի ունենալ դեպի Եվրոպա, ապա այն կարող է լինել ռուս-թուրքական վերահսկողությամբ գործող ճանապարհը։ Թերևս՝ այս ակնարկն է արտացոլված նաև Փաշինյանի՝ ԵԱՏՄ-ին ուղղված ուղերձում։
Կարճ ասած՝ ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցությունը շուտով լուրջ փորձության է ենթարկվելու։ Ռուսաստանը պաշտպանում է Մեղրու նկատմամբ թուրք-ադրբեջանական հավակնությունները, հղում անելով Նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Եվ չի բացառվում, որ առաջիկայում ՀՀ-ն կանգնի լուրջ երկընտրանքի առաջ՝ մնա՞լ ԵԱՏՄ-ում և զիջել Մեղրին, թե՞ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ընտրել ազատ աշխարհի հետ տնտեսությունը զարգացնելու ճանապարհը։
Թաթուլ Մկրտչյան