Վիրավորներին առաջին բուժօգնություն էի ցուցաբերում․ ցավոք, ստիպված էի շատերին վերջին հրաժեշտը տալ
copy image url

Վիրավորներին առաջին բուժօգնություն էի ցուցաբերում․ ցավոք, ստիպված էի շատերին վերջին հրաժեշտը տալ

Ներքին 1 տարի առաջ - 11:40 26-12-2023
Արցախցի Սվետլանա Մովսիսյանը 15 տարեկան էր, երբ 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամու կողմից օկուպացվեց հայրենի գյուղը՝ Մադաթաշենը: Ընտանիքը նախընտրեց հաստատվել Ստեփանակերտում, որտեղ էլ Սվետլանան հաճախեց «Մունք» տեխնոդպրոցը՝ դառնալով դպրոցի առաջին ուսանողներից մեկը: Կարճ ժամանակ անց՝ Սվետլանան «Մունք»-ի լավագույն ուսանողներից էր և որպես կամավոր միացավ «տեխնոառաքյալներին»:

«2022-ի աշնանը ես համալրեցի «տեխնոառաքյալների» շարքերը՝ դառնալով այդ պահի դրությամբ ամենաերիտասարդ խմբավարը: Այդ ընթացքում փորձում էի դպրոցիս և աշխատանքիս զուգընթաց, զբաղվել նաև կամավորական աշխատանքով»,- Oagir.News-ի հետ զրույցում ասում է Սվետլանան։

Երիտասարդ աղջնակը, հայրենի գյուղը կորցնելուց հետո, որոշեց, որ ընկերների հետ պիտի ստեղծեն ռազմահայրենասիրական կառույց, որտեղ արցախցի երիտասարդներն ու պատանիները կսովորեն առաջին բուժօգնություն ցուցաբերելը և կտիրապետեն ողջ մնալու արվեստին։

«Կառույցն անվանեցինք ԱԲՕ/ՈՄԱ (Առաջին բուժօգնություն/ Ողջ մնալու արվեստ)»,- ասում է մեր երիտասարդ զրուցակիցը, ով նույնիսկ Արցախի շրջափակումից հետո ոչ միայն հասցնում էր այս ամենը համատեղել, այլև անտեսելով տրանսպորտի հետ կապված բոլոր դժվարությունները, իր առաքելությունը կատարելու համար յուրաքանչյուր շաբաթ հասցնում էր գնալ նաև Մարտունու շրջանի համայնքներ: Սեպտեմբերի 19-ին՝ պատերազմը սկսելուց անմիջապես հետո, 18-ամյա Սվետլանան գնաց Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց և որպես կամավոր բուժքրոջ ծառայության անցավ:

«Մինչև Արցախից դուրս գալու վերջին օրը ես Հանրապետական հիվանդանոցում վիրավորների և բենզինի պայթունի հետևանքով տուժածներին առաջին բուժօգություն էի ցուցաբերում։ Ցավոք, ես ստիպված եղա նաև շատերին վերջին հրաժեշտը տալ»,- ցավով է պատմում այդ մասին Սվետլանան։

Արցախցու հերոսական գեներն իր մեջ կրող 18 ամյա աղջիկն անգամ այսքանից հետո չի կոտրվել։ Ավելին, որոշել է, որ ավելի մեծ եռանդով պիտի շարունակի իր առաքելությունը:

«Բռնագաղթումից հետո «Մունք»-ի ամբողջ թիմով հաստատվել ենք Տաշիր քաղաքում և շարունակում ենք «տեխնոառաքյալի» մեր գործը: «Մունք» տեխնոդպրոցը Տաշիրում և Վանաձորում վերաբացելուց հետո հաջորդ դպրոցը բացելու ենք Կապանում։ Դրամահավաքն արդեն մեկնարկել է, և ամեն ինչ պետք է անենք, որպեսզի «Մունք»-ի ընձեռնած հնարավորությունները հասանելի լինեն նաև Կապանում»,- ասում է Սվետլանան, ով արդեն հանձն է առել երկար ժամանակով տեղափոխվել Կապան և դառնալ Կապանում առաջին «տեխնոառաքյալը»։

««Մունք»-ը մեկ կամ մի քանի մարդու նախագիծ չէ, այն հազարավոր մարդկանց միավորման և համատեղ ջանքերով ստեղծված ու զարգացող նոր կենսունակ կրթական մոդել է: Մենք սկսել ենք մեր գործը փոքր գյուղում, բայց դարձրել մեծ երազանքներ իրականացնող նախագիծ»,- ասում է Սվետլանան, ով համոզված է, որ իր շուրջ ձևավորելու է միջավայր և թիմ, որը Կապանում բազմաթիվ նոր փոփոխությունների հիմք է դնելու։

Ամենից շատ դիտված