Ներքին Խոսք 2 տարի առաջ - 19:00 16-12-2023

Բանակցելը ճիշտ է. ՀՌՀ նախագահը դեմ է ռուսական ալիքները փակելուն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսական հեռուստաալիքների հետ կապված վերջին միջադեպը հայ հասարակության շրջանում մեծ դժգոհություն էր առաջացրել, երբ դրանց եթերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատության և ծաղրանքի էր ենթարկվել։ Անկախ վարչապետի անձի հանդեպ ունեցած վերաբերմուքից, երևույթն անընդունելի էր, քանի որ այստեղ անհարգալից մոտեցում էր ցուցաբերվում ոչ միայն Փաշինյանի անձի, այլ Հայաստանի Հանրապետության և նրա ղեկավարի հանդեպ։

Այս միջադեպից հետո հանրության մի մեծ հատվածը պահանջում էր առհասարակ ՀՀ-ում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, իսկ իշխանական պատգմավորներն էլ ավելի էին բորբոքում այս տրամադրությունները և նշում, որ հարցը քննարկման առարկա պետք է դառնա։

Օրերս սակայն Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտարարեց, որ ռուսական կողմն ընդունել է Զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագրի խախտումների փաստը, իսկ ներկայումս ռուսական ալիքները փակելու հարց չի քննարկվում։

Oragir.News-ը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեց, թե արդյոք կառավարությունը դուրս չի՞ եկել իր լիազորությունների շրջանակից, քանի որ հեռուստաալիքները փակելու հարցը պետք է որոշի իր ղեկավարած հանձնաժողովը, ինչին ի պատասխան նա նշեց, որ ՀՌՀ-ն լիազորություն ունի փակելու միայն այն հեռուստաընկերությունները, որոնց ինքն է լիցենզիա տվել։ Նա նշեց, որ ռուսական ՀԸ-ները հանրային մուլտիպլեքսում գործում են համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գործող միջպետական պայմանագրի, ուստի ՀՌՀ-ն ռուսական հեռուստաալիքները փակելու ոչ մի լիազորություն չունի։

«Մեր հանձնաժողովի միակ լիազորությունը պարբերաբար մշտադիտարկում իրականացնելն է և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը փոխանցելը, ինչը մենք պարբերաբար անում ենք։ Համաձայնագրի իրականացման մնացած մասի պատասխանատուն ԲՏԱ նախարարությունն է, և մյուս հարցերը պետք է նրանց ուղղել։ Մեր ասելիքը վերաբերում է միայն մեր հեռուստառադիոընկերություններին, որոնց լիցենզիա ենք տալիս և լիցենզիան հետ կանչելու լիազորություն ունենք, օտարերկրյա ՀԸ-երի հանդեպ որևէ լիազորություն չունենք»,- ասաց նա։

Անդրադառնալով ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվող հակահայկական քարոզչությանը և երկրի ղեկավարին ուղղված վիրավորանքներին՝ Հակոբյանը նշեց, որ խնդիրը ոչ այնքան դրանց հակահայկական բնույթն է, ինչը նույնպես անընդունելի է, այլ ընդհանրապես այն բովանդակությունը, որը մեր օրենսդրությամբ պատժելի է։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ իրենք հայկական ալիքներին պատժում են ոչ թե հակահայկական բովանդակության, այլ, օրինակ բռնություն, ազգային կամ ռասայական խտրականություն քարոզելու համար և այլն։

«Ընդհանրապես ռուսական ալիքների բովանդակության մեջ օրենսդրության խախտման դեպքեր շատ կան, և քանի որ կառավարություններն են պատասխանատու, նրանք պետք է գտնեն ինչ-որ եղանակներ, որպեսզի այդպիսի բաներ չկրկնիվի։

Ուրբաթ օրը տարածված հայտարարության մեջ ես կարդացի, որ այսուհետ կփորձեն այնպես անել, որ նման միջադեպեր չլինեն։ Սա առաջին քայլն է, հետագայում եթե կրկնվի, հայկական կողմը հարցն ավելի կոշտ կդնի և, ըստ համաձայնագրի դրույթների, կարող է այն առհասարակ չեղյալ հայտարարել, ու ռուսական ալիքներն այլևս չեն հեռարձակվի»,- ասաց նա։

Տիգրան Հակոբյանը հույս հայտնեց, որ խնդիրը դրան չի հասնի, և կողմերը կսկսեն համաձայնագրի դրույթները պահպանել։ Նա նաև համոզմունք հայտնեց, որ չէր ցանկանա, որ ռուսական ալիքները փակվեին, քանի որ, իր համոզմամբ, եթե մի բան բացում ես, փակելը սխալ է։

Մեր հարցը, թե որքանո՞վ է պատվաբեր, որ նման տհաճ միջադեպից հետո հայկական կողմը շարունակում է բանակցությունները, այլ ոչ թե կտրուկ քայլեր ձեռնարկում, ինչը հանրության մի մեծ հատվածը պահանջում է, Հակոբյանը փիլիսոփայական որակեց։ «Առհասարակ մեզ պատիվ բերո՞ւմ է ինչ-որ մի հարցով բանակցությունների մեջ մտնելը, կոմունիկացվելը. պե՞տք է ամբողջ աշխարհից խռովել և պատերազմ հայտարարել, հարաբերություններն այդպես չեն լինում։

Ընդհանրապես, գլոբալ առումով, այո՛ ինչ-որ բաներ պետք է կուլ տաս և այնպես անես, որ հետագայում դրանք չկրկնվեն, այլ ոչ թե քեզ այնպես պահես, որ ալիքները փակվեն, քեզ պատերազմ հայտարարեն, հայաթափեն։ Գլոբալ պատասխանն այն է, որ այո՛, բանակցությունները միշտ հարկավոր են, որովհետև, կարծում եմ՝ բանակցությունները, կոմունիկացիան, փոխհամաձայնությունն ու փոխզիջուները իրար հասկանալու և կոնֆլիկտները մեղմելու միակ ճանապարհն են»։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան