Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:00 13-12-2023

Արցախցի կինը հիմնել է «MIN TAQUN TEGH» բրենդը

Արցախից Հայաստան բռնի տեղահանված լրագրող Սրբուհի Վանյանի «MIN TAQUN TEGH» բրենդը մինչև սպառողներին ներկայանալը նախապատրաստական երկար փուլ է անցել: Գաղափարը ծագել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ նա գրելուն զուգահեռ նաև սկսել էր նկարել ու որոշել իր սիրողական արվեստը կիրառելի դարձնել՝ այն տպագրելով տեքստիլի վրա։

«2020 թվականի մայիսն էր՝ քովիդի օրերը, երբ սկսեցի նկարել։ Պատերազմի ժամանակ՝ արդեն Երևանում, դա միակ զբաղմունքն էր, որ փրկում էր խելագարվելուց։ Գրել արդեն չէի կարողանում, բառերն իմաստազրկված էին թվում ու լռության մեջ նկարում էի։ Հետո որոշեցի, որ այդ նկարներով արժե պայուսակներ, սփռոցներ նկարազարդել։ Սիրով նվիրում էի մտերիմներիս, ընկերներիս։ Ապա առաջարկություն ստացա այն նաև վաճառելու։ Մասնակցեցի արցախցիների համար կազմակերպված բիզնես հմտությունների դասընթացների ու ստացած դրամաշնորհով էլ հիմնեցի իմ փոքրիկ գործը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Սրբուհին։

Արցախի շրջափակման ողջ ընթացքում ընտանիքը կիսված էր. ամուսինն ու ավագ դուստրը Երևանում էին, Սրբուհին' կրտսերի հետ՝ Ստեփանակերտում:

«Վերջին ամիսներին չէի դիմանում. մի կողմից կարոտը, մյուս կողմից' հոգսաշատ առօրյան, որը ստիպված էի նաև ամուսնուս փոխարեն հաղթահարել... Մի խոսքով՝ ասում էի՝ աշխարհից ուրիշ բան չեմ ուզում, մենակ ընտանիքս նորից միավորվի... Եղավ... Խոսքերի հետ զգույշ պիտի լինել փաստորեն. փոքրիկ դետալ էի բաց թողել, չճշտեցի՝ որտեղ»,- ասում է մեր զրուցակիցը։

44-օրյա պատերազմից հետո Սրբուհու ընտանիքն ամեն ինչ արել է, որպեսզի բիզնեսը գործի հենց Ստեփանակերտում։ Գործել է ընդամենը 1 տարի, որից 10 ամիսը՝ շրջափակման պայմաններում։

2023 թվականին Սրբուհին մյուս արցախցիների նման հայրենազրկվեց։ Նա նույնիսկ չի ուզում խոսել այն ամենի մասին, ինչը մնացել է Ստեփանակերտում․ այն, ինչ տեղի է ունեցել մեզ հետ, վեր է նյութականից, ասում է, դրա համար չեմ էլ ուզում նշել այնտեղ մնացած տարիների վաստակի մասին։

Բայց, ինչպես բազմիցս ենք համոզվել, արցախցին կոտրվող տեսակ չէ, ու Սրբուհին որոշել է նորից փորձել՝ իր չիրականացած երազանքը նպատակ դարձնելով ու դրա հետևից գնալով:
Ասում է՝ հեշտ չէ ամեն ինչ նորից սկսել, բայց նաև՝ անհնարին չէ։

«Այցելեք Մին թաքուն տեղ, որտեղ հետաքրքիր իրեր ենք պատրաստում և կհամոզվեք»,- իրեն հատուկ հումորով ու լավատեսությամբ ասում է մեր զրուցակիցը։

Սրբուհին 20 տարուց ավելի զբաղվել է լրագրությամբ։ Երևանում ևս շարունակում է իր աշխատանքը Հայաստանի հանրային ռադիոյում։

Արցախցի կնոջ բրենդից չքնաղ ձեռագործ իրերը կարող եք ձեռք բերել զանգահարելով +374 77209551 հեռախոսահամարին, կամ գրել «MIN TAQUN TEGH» ֆեյսբուքյան էջին։

Հիշեցնենք, որ Սրբուհի Վանյանն իր մտորումներն էր ներկայացրել նաև Oragir.News-ի տաղավարում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան