«ՊԵԿ նախագահի տեղակալ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ մեր խնդրանք-պահանջների մի փոքրիկ մասը կարող են իրականացնել։ Խոսքը վերաբերում էր բացառապես այն ավտոմեքենաներին, որոնք գտնվում են ՀՀ տարածքում, մեզ առաջարկեցին 3 օրվա ընթացքում՝ այսինքն մինչև դեկտեմբերի 1-ը, բոլոր հաճախորդներին հարկային հաշիվ դուրս գրել, այսպես ասած՝ թղթի վրա կատարել առք ու վաճառքը, դրանից հետո, երբ հաճախորդները իրենց մեքենաները այն վիճակին բերեն, որ հնարավոր լինի ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում գրանցել, ստանալ համապատասխան պետական գրանցում և համարանիշ, այդ մեքենաների մասով մեր վրա որևէ հարկային հետին թվով պատասխանատվություն չի լինի»,- այսօր Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ավտոներկրող ընկերություններից մեկի սեփականատեր Վարդան Օնանյանը։
Ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող քաղաքացիներին մոտեցավ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը և ասաց, որ հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ հնչեցրել է ավտոներկրողների խնդրանք-պահանջը, սակայն ապարդյուն․ «Ես առաջարկում էի գոնե օրենքի պահանջը պահպանելով 6 ամիս ժամանակ տվեք, դա էլ չընդունվեց։ Իրենց հիմնական փաստարկն այն է, որ ստվեր կա ոլորտում դրա համար են անում այս ամենը։ Ով պետությանը խաբում է, թող գնան գտնեն այդ տնտեսվարող սուբյեկտին և կիրառեն համապատասխան օրենքը՝ իր ողջ խստությամբ»։
Ըստ Թադևոս Ավետիսյանի՝ 2022 թվականին ավտոարտահանումը 8․3 անգամ աճել է և դրա շնորհիվ ավելացել է երկրի ՀՆԱ-ն։
Հիշեցնենք, որ ավտոներկրմամբ զբաղվող քաղաքացիները բազմաթիվ անգամներ բողոքի ակցիաներ են իրականացրել ինչպես Կառավարության շենքի մոտ, այնպես էլ նախագահականի։ Նրանք նամակ էին հանձնել ՀՀ նախագահին՝ խնդրելով չստորագրել Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին նախագիծը, որով ավտոներկրողները պետք է 20 տոկոս շահույթ ցույց տան և հարկ վճարեն։