Երևան +10°
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 18:00 05-12-2023

Բրյուսովի ռեկտո՞րն է «բռնել տալիս» իր պրոռեկտորներին. Դավիթ Գյուրջինյանի արձագանքը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Տևական ժամանակ է, ինչ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Չնայած դեռևս նախորդ տարի կայացած ռեկտորի ընտրություններում ընտրվել ձայների 12։8 հարաբերակցությամբ ընտրվել էր գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը, այնուամենայնիվ ժողովրավարության բաստիոնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չհաստատեց Հարությունյանի ընտրությունը, և նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց պարտված թեկնածուին՝ Դավիթ Գյուրջինյանին։

Այս նշանակումից հետո Գյուրջինյանն առ այսօր շարունակում է պաշտոնավարել, սակայն համալսարանի շուրջ իրավիճակը չի խաղաղվում։ Մասնավորապես հոկտեմբերին ձերբակալվել էին համալսարանի աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր Սահակ Մանուկյանին ու նրա ընկեր, համալսարանի ամբիոններից մեկի վարիչի պաշտոնակատար Հակոբ Մադոյանին՝ թմնրանյութ պահելու կասկածանքով։

Սահակ Մանուկյանն ավելի ուշ հայտնել էր, որ ընկերոջ հետ Նոր Նորքում են եղել, իր ինքնազգացողությունը վատացել է, ընկերոջը խնդրել է կանգնել, մեքենայից իջել են, հետո ինքը տեսել է, որ ընկերոջը ձերբակալում են։ Ըստ պարեկների՝ Մանուկյանի ընկերոջ մոտ թմրամիջոց է եղել, որը վերջինս գցել է գետնին։ Մանուկյանի խոսքով՝ հետո իրենց տարել են ոստիկանություն, ենթարկել անձնական խուզարկության ու ոչինչ չեն հայտնաբերել և 6 ժամ պահելուց հետո իրենց ազատ են արձակել։

Նոյեմբերի 30-ին ձերբակալվել էր նաև Բրյուսովի պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։ Վերջինս մեղադրվում է իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար։ Դատախազության պնդմամբ` նա 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից ընդունել է լուծարային քննություններն ու նշանակել դրական գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը։ Հաջորդ օրը Ցոլակ Ակապյանն ազատ արձակվեց, քանի որ դատարանը վերջինիս նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը:

Ակոպյանը և իր փաստաբանական թիմի անդամները պնդում են, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումներ են իրականացվում քաղաքական դրդապատճառներով։ Վերջին շրջանում Ակոպյանը խիստ քննադատության է ենթարկում գործող իշխանություններին` Արցախի հարցում վարած կողմից կործանարար քաղաքականության համար։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Ակոպյանի, ինչպես նաև մյուս պռոռեկտորների նկատմամբ քրեական հետապնումներն իրականացվում են անձամբ ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանի ուղղորդմամբ։ Վերջինս, ով առ այսօր չի կարողացել ընտվել ռեկտորի պաշտոնում, և շարունակում է պաշտոնավարել ԺՊ-ի կարգավիճակով, փորձում է համալսարանից հեռացնել բոլոր անկանկալի անձանց և իր համար ճանապարհ հարթել՝ ամեն գնով ընտրվելու համար։ Ավելին՝ նշվում է, որ նախորդող տարիների տեղեկագրերը նույնպես ստուգվել են Գյուրջինյանի հանձնարարականով, ով հրահանգել է ամեն գնով «Ակոպյանի վրա կեղտ բռնել»։

Հատկանշական է, որ մի խումբ ուսանողներ, այդ թվում նաև Բրյուսովի անվան պետական համալսարանից, նշում են, որ համալսարաններում բավականին տարածված երևույթ է, երբ քննությունները, կամ ստուգարքները դասավանդող դասախոսի փոխարեն ընդունում են դեկանը, կամ նրա տեղակալները, սակայն երբևէ դա քրեական հետապնդման պատճառ չի դարձել։ Իշխանությունները նման կերպ հերթական անգամ ապացուցում են, որ օրենքը կիրառում են ընտրողաբար՝ քաղաքական հակառակորդներին լռեցնելու և վերջիններիցս ազատվելու համար։

Oragir.News-ը Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանից փորձեց պարզաբանում ստանալ իրեն ներկայացվող մեղադրանքների վերաբերյալ, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։ «Ես Ձեզ ոչինչ չունեմ ասելու նման մեղադրանքներ ներկայացնողները կարող են դիմել դատարան և ապացուցել»,- ասաց Գյուրջինյանը։

Ռեկտորի պաշտոնակատարից փորձեցինք հետաքրքրվել նաև, թե արդյոք դեկանն իրավունք չո՞ւնի այլ դասախոսի փոխարեն քննություն նշանակել, բայց Գյուրջինյանը նշեց, որ հարցազրույց չի տալիս և ընդհատեց հեռախոսազանգը, իսկ մեր հետագա զանգերը մնացին անպատասխան։