Ուղիղ եթեր
Մարդ ինչքա՜ն պիտի անբան-անասուն լինի, որ ձեռք բարձրացնի այս հրաշալիքների վրա․ Թումանյանի այցը Անի
copy image url

Մարդ ինչքա՜ն պիտի անբան-անասուն լինի, որ ձեռք բարձրացնի այս հրաշալիքների վրա․ Թումանյանի այցը Անի

Մշակույթ 1 տարի առաջ - 16:42 03-09-2023
Ավետիք Իսահակյանն իր հուշերում պատմում է, թե ինչպես են Հովհաննես Թումանյանի հետ եղել Անիում։ 1901 թ․ Թումանյանը Աբասթումանից, որտեղ բուժում էր ստանում, ժամանում է Ալեքսանդրապոլ, որտեղ էլ հանդիպում է Իսահակյանին։

-Անիում դեռ չեմ եղել, բայց շատ եմ ուզում տեսնել, անպատճառ գլուխ բեր էդ բանը, շատ եմ խնդրում,- ասել է Թումանյանը։

Իսահակյանը պատմում է․ «Մի երկու օր անց բանաստեղծ Հովհաննես Կոստանյանի հետ, որն իմ մորաքրոջ որդին էր, ճանապարհ ընկանք դեպի Անի։ Կանգ առանք մեր տանը՝ Ղազարապատում՝ հանգստանալու և մորս տեսնելու։

Օհաննեսը մեր ջրաղացի վարպետին ու գյուղացիներին, որոնք հեքիաթներ և ժողովրդական երգեր գիտցողներ էին, հարցնում էր «Հազարան բլբուլի» մասին, գիտեի՞ն արդյոք, և ուրիշ ֆոլկլորի նյութերի մասին։ Ժամով զրույց էր անում նրանց հետ և լսածները գրում տետրակի մեջ։



Մեր գյուղից մինչև Անի հազիվ 25 կիլոմետր լիներ։ Այցելեցինք Հոռոմոսի նշանավոր վանք, որի նախագավիթը սքանչելի էր։ Հովհ․ Կոստանյանը մեզ նկարեց՝ Աշոտ Ողորմած թագավորի դամբարանի աջ և ձախ կողմերում կանգնած։

Մոտենում ենք Անիի հոյակապ պարիսպներին և բուրգերին․ Օհաննեսը հուզված է, ոչինչ չի ասում, միայն արագացնում է քայլերը, հայացքը շարունակ պարիսպներին։

-Ի՞նչ ես շտապում,- ձայնում եմ ես,- Սմբատ թագավորը դեռ քո գալու մասին լուր չունի։

Օհաննեսը դառնում, խոժոռ նայում է ինձ և լայն քայլեր նետում։

Վերջապես ավագ դռան առաջն էինք․․․

Օհաննեսը կանգնեց և ուղղակի բևեռվեց իր տեղում։ Երկար, լռելյայն նայեց և, գլուխը շարժելով, դարձավ դեպի մեզ։



Արդեն մութն էր, որ հասանք վանահայր վարդապետի բնակարանը, որն այցելողների հյուրանոցն էր միաժամանակ։ Մի սարսափելի ճիչի հետ մթության մեջ պայթեց հրացանը, որի գնդակն ուղղակի անցավ մեր երեքիս առաջով, եթե մի քայլ առաջ լինեինք, ով գիտե ինչ պիտի լիներ մեր վիճակը։

Պարզվեց, որ վանահայրը բացակա է, և ծառան վախենալով, թե եկողները ավազակներ են, դիմել է անտեղի ինքնապաշտպանության։

-Տո՛,- ասաց Օհաննեսը ծառային՝ բերդանկա հրացանը տեսնելով,- մի գյուլով երեք բանաստեղծ պիտի սպանեի՞ր։

-Լավ պրծանք, ըսել է՝ ձեր վերջը չէր եկել,- ամենայն անտարբերությամբ պատասխանեց ծառան։

Անին իր վեհասքանչ ճարտարապետությամբ շատ մեծ տպավորություն թողեց Օհաննեսի վրա։ Երբ մեկնում էինք Անիից և պարիսպներից դուրս էինք արդեն, Օհաննեսը վերջին անգամ նայեց Անիին և ասաց․

-Մարդ ինչքա՜ն պիտի անբան-անասուն լինի, որ ձեռք բարձրացնի այս հրաշալիքների վրա․․․»։

Ամենից շատ դիտված

12:42 Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ինքնազգացողությունը վատացել է
19:49 ՀՀ վարչապետն առաջարկել է սեռական օրգանը ցույց տալ եկեղեցու առաջնորդին. Euronews
23:55 Հեշտ չի լինելու, բայց իրավիճակ փոխվելու է. Ալեն Ղևոնդյան
21:22 Դուք վնասում եք ձեզ ու ձեր անշուք «ապագային». աջակցությունս եմ հայտնում Սրբազանին. Ռուբեն Մխիթարյան
20:57 Հրահանգված է այսօր երեկոյան ներխուժել Վեհարան 
23:13 Ոչ մի սրբապիղծ չի ներխուժի Վեհարան. «ՀայաՔվեի» անդամները հավաքվել են Մայր Աթոռում
22:00 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 39․8 մլն փոխառություն, 96․3 մլն եկամուտ․ Ժաննա Անդրեասյանի և Պետրոս Ղազարյանի ունեցվածքը
22:30 Երթևեկության կանոնները փոխել են, որ մարդկանց տուգանեն․ սա անելու բան չէր․ հարցում
21:11 Էս մարդիկ վախենում են կորցնել իշխանությունը, որովհետև կանչվելու են պատասխանատվության. քահանա
20:47 Մոսկան լավագույնս մարմնավորում է Փաշինյանի կերպարը. Սուրեն Սուրենյանց

Ձեզ գուցե հետաքրքրի