Ներքին 3 տարի առաջ - 16:24 08-07-2023

ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունը՝ գերեվարված երկու հայ զինծառայողի դատապարտման վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողների դատապարտման վերաբերյալ.

«Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողներին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներ ենթադրաբար խախտելու համար և դատապարտել 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Համաձայն ծնողներից և հարազատներից ստացված տեղեկատվության՝ Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Կարեն Աշոտի Ղազարյանը (ժամկետային զինծառայող) և Հարություն Յուրիկի Հովակիմյանը (պայմանագրային զինծառայող) 2023 թվականի մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից գերեվարվել են ադրբեջանական զինուժի կողմից։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված տեղեկատվության համաձայն՝ երկու հայ զինծառայողները սնունդ և ջուր են տանելիս եղել ՀՀ զինված ուժերի մարտական դիրքեր, և Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից գերեվարվել են Հայաստանի Հանրապետության Ճակատեն և Շիկահող գյուղերի միջդիրքային ճանապարհից։

Այս առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գրանցված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանությունների գործողությունները` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից հայ զինծառայողներին գերեվարելը, այնուհետև կեղծ մեղադրանքներ առաջադրելը և անարդար դատաքննության ենթարկելը՝ միջազգային իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են։

Այս գործողությունները հակասում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին և միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնևյան երրորդ կոնվենցիայի պահանջներին:

Զինծառայողները գերեվարվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից չընդհատվող զինված հակամարտության ընթացքում։ Միջազգային մարդասիրական իրավունքը գործում է այսպիսի իրավիճակներում՝ անկախ ընդհարման պատճառներից կամ ինտենսիվության մակարդակից։

Ավելին, Ադրբեջանի իշխանությունների կողմից քարոզվող հայատյացության քաղաքականությունը ևս մեկ ապացույց է քրեական դատավարության անօրինականության վերաբերյալ։ Ակնհայտ է, որ այս պայմաններում վտանգված են հայ ռազմագերիների հիմնարար իրավունքները։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները գտվում են խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո, ինչի մասին են վկայում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրած տեղեկությունները։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում և ամփոփում է վերոնշյալ տեղեկատվությունը և ներկայացնելու է միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին, ինչպես նաև պետական իրավասու մարմիններին»,-ասվում է հայտարարության տեքստում:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին