«Նոր թատրոն ես սարքում: Ամեն անգամ հիշելիս ժպտում եմ: Տնաշեն, ոտից գլուխ թատրոն ես, թատրոնը քո հոգում սարքած պրծած է, էդ ի՞նչ ես տանջվում: Բա դու ափսո՞ս չես, մեխ ու տախտակով զբաղվես: Աստված քեզ ազատ է ստեղծել: Դու անսանձ ու անթամբ ձի հեծնող, քո արվեստը կաղապար չունեցող, ինքդ քեզ ինչո՞ւ ես կապանում: Թող ծառա լինի ձիդ, խրխնջա զրնգուն… մրցանակներ շահես ազգիդ համար…
Ուրիշի գործով թող ուրիշը զբաղվի, բարձունքներին սովո՛ր մարդ…»,- իր ընկերոջ մասին այսպիսի ջերմագին խոսքեր է ասել հայ թատրոնի և կինոյի մի ուրիշ հսկա՝ Սոս Սարգսյանը։
1930 թ․ հենց այս օրն է ծնվել տխուր աչքերով մեծ կատակերգուն՝ Մհեր Մկրտչյանը։

Ծանր է եղել Ֆրունզի մանկությունը, բայց ինչքա՜ն ջերմ են նրա հուշերն իր աղքատիկ, ծանր, բայց ջերմ մանկության մասին։
«Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու, այն ինձ ներկայանում է հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիների միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որ այդպես էլ չունեցա: Ախր առանց հեծանիվ ի՞նչ մանկություն:
Մանուկ հասակում ես երազում էի փայլուն, պսպղան հեծանիվ ունենալ. անգամ ժամերով կանգնում էի խանութի ցուցափեղկի առաջ ու նայում… երազումս էլ էի տեսնում…
Եվ, վերջապես, տնեցիները խոստացան, որ հեծանիվ կառնեն: Վրա հասավ հանդիսավոր օրը: Մեր ամբողջ ընտանիքը մորս՝ Սանամի գլխավորությամբ շարժվեց դեպի խանութ: Մայրս հագել էր իր միակ տոնական զգեստը և գլխավորում էր երթը: Նրա հետևից քայլում էի ես՝ ձեռքիս ինձ վստահած դրապանակը: Հետո դրամապանակից հանեցի փողը և ամուր սեղմեցի ափիս մեջ. այդպես երազանքս ասես ավելի մոտ էր թվում ինձ, ու ջերմանում էր հոգիս: Իմ հետևից քայլում էին քույրերս և բակի բոլոր երեխանները՝ փոքր եղբորս՝ հպարտ-հպարտ քայլող Աբոյի գլխավորությամբ, ով ժամանակ առ ժամանակ մոտենում էր ինձ ու նայելով աչքերիս մեջ՝ խնդրում. «Կտա՞ս քշեմ»: Ես խորիմաստ լռում էի, քանի որ չէի ուզում կաշկանդել ինձ ավելորդ խոստումներով: Ու հանկարծ ինչ-որ տեղ՝ շատ մոտիկ, հնչեց. «Խոսում է Մոսկվան, խոսում է Մոսկվան…»:

…Ես երկար կանգնած էի ցուցափեղկի մոտ, ուր փայլում էր իմ երազանքը՝ «Սեզա՛մ, բացվի′ր…», իսկ դռան վրա մեծ կողպեքն էր ու ինչ-որ մեկի արագ ձեռքով գրված թուղթը. «Փակ է պատերազմի պատճառով»: Չորսուկես տարի իմ մանկության երազանքը մնաց փակ դռան հետևում…»։
Թեև պատերազմը խլեց մշեցու ու վանեցու ընտանիքում ծնված այս երեխայի վաղ մանկական երազանքը, բայց չկոտրեց երազի թևերը,և դեռ մանկուց իր տաղանդով փայլող Ֆրունզիկը 1947 թ․ արդեն ընդգրկվել էր Մռավյանի անվան ստուդիայի խմբում։
Եղբայրը՝ Ալբերտ Մկրտչյանը, հիշում է, որ հայրը չէր ուզում, որ Ֆրունզիկը դերասան դառնա․ «Եվ ոչ միայն հայրս, այլև հորս ընկերները ծիծաղում էին, որ Մուշեղի տղան պետք է դերասան դառնա:
Շատ դժվար էր նրա համար տեսնել այդ. միշտ ասում էր. «Դերասան ես, հա՞, կապիկություն կենես, հա՞»:
Ու նյարդայնանում էր. շատ էր ուզում, որ Ֆրունզիկը նկարիչ դառնար:

… Դեռ Լենինականում մի ներկայացման ժամանակ հանկարծ լռության մեջ տեսա, որ հայրս գնում է դեպի բեմ:
Վախեցած նայում էի. ինձ թվաց՝ պիտի բարձրանա բեմ և սկսի Մհերին ծեծել:
Գնաց, կանգնեց շատ մոտ, երկար նայեց Մհերին: Զգում էի, որ Մհերը շփոթված, վախեցած շարունակում էր խաղալ:
Երեկոյան հայրս ուշ եկավ տուն: Մհերը պառկած էր: Ոտքերից վերմակը քաշեց և ասաց. «Ֆրո՛ւնզ ջան, ապրի՛ս, կուզեմ այս գիշեր ոտքերիդ տակ պառկիմ, քնիմ»»:
Ջուլյա անունով մի շատ գեղեցիկ աղջկա էր սիրում, բայց թույլ չտվեցին ամուսնանալ Ֆրունզիկի հետ ու բաժանեցին սիրահարներին: Հետո նա ամուսնացավ երկու անգամ, բայց երկու ամուսնություններն էլ չերջանկացրին նրան: Նրա աղջիկը՝ Նունեն, տարիներ անց մահացավ ավտովթարից, իսկ փոքրիկ տղան մորից ժառանգած հոգեկան հիվանդություն ուներ: Եվ ծանր ընտանեկան կյանքը այնքա՜ն էր մտահոգում Ֆրունզիկին: Նրա աչքերը միշտ տխուր էին․․․
Ֆրունզի յուրահատկությունը հայկական մեծ քիթն էր: Նա թերարժեքության բարդույթ չուներ։

«Դեռ փոքրուց ես ավելի շատ մտածում էի ոչ թե այն մասին, թե ինչու է իմ քիթը մեծ, — կատակով ասում էր Ֆրունզիկ Մկրտչյանը, — այլ թե ինչու են մյուսների քթերն այդքան փոքր»։
Ֆրունզիկի երջանկությունն իր ֆիլմերն էին, որոնք մեծ հռչակ բերեցին դերասանին ողջ Խորհրդային Միությունում։
Մհեր Մկրտչյանը խաղաց «01-99», «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Խաթաբալա», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» և մի քանի տասնյակ այլ ֆիլմերում՝ կերտելով հավասարը չունեցող կերպարներ։
1978 թվականին Մկրտչյանն արժանացավ ԽՍՀՄ, իսկ 1979-ին՝ ՀԽՍՀ Պետական մրցանակների: 2001 թվականին հետմահու պարգևատրվեց ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Օվսաննա Իսրայելյան