Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ վերջին տարիներին Հայաստան են եկել մեծ թվով ռուսներ։ Վերջին շրջանում տարբեր ֆեյսբուքյան օգտատերեր դժգոհում են, որ Հայաստանում ռուսախոսներն ավելացել են, և հայերենը երկրորդ պլան է մղվել ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ գրել էր.

Վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ դա անընդունելի է, քանի որ ՀՀ Սահմանադրությունը ասում է, որ ՀՀ քաղաքացին պարտավոր է իմանալ հայերեն և իրավունք ու պարտականություն ունի խոսել հայերեն՝ անկախ ազգությունից, ծագումից և այլ լեզուներ իմանալու փաստից։
«Ե՛վ պետական, և՛ հանրային գործառույթները պետք է բացառապես հայերեն լինեն, իսկ սահմանապահ ցանկացած գործողություն, մաքսային, պետական գործառույթներ են։ ՀՀ-ն մեզ հետ պետք է շփվի միայն հայերեն և պահանջի, որ մենք էլ իր հետ շփվենք միայն հայերեն։ Եթե ինչ-որ պայմանագրեր ունեն այլ երկրների հետ, ասենք՝ սահմանապահ գործառույթների, ապա պարտադիր պետք է լիներ կետ, որը կապահովեր մեր իրավունքը՝ բացառապես հայերենով շփվել ՀՀ պետության հետ․ դա ֆունդամենտալ իրավունք է»։
Վերլուծաբանը նշեց, որ Երկիր մոլորակի վրա չկա մի երկիր, որտեղ հայ մարդը կարող է իրականացնել, իրացնել իր այդ իրավունքը։
«ՀՀ-ի գոյության կարևորագույն իմաստներից մեկն այն է, որ հայ մարդը հայերենով կարողանա ամբողջությամբ ապահովել իր կենսագործունեությունը»։
Վերլուծաբանը շեշտեց նաև, որ եթե կա մի հիմնարկություն, որում չկա հայերենով սպասարկող աշխատող, ապա այդ հիմնարկության գործունեությունը ապօրինի է, որով խախտվում է մեր ֆունդամենտալ իրավունքը։
«Նման տեղեր չպետք է գնալ, և ասեմ ավելին՝ պետք է բողոքել տարբեր մարմինների»։
Հովհաննիսյանը ասաց նաև, որ եթե 100-150 հազար մարդ ենք ընդունել մեր երկրում, պետք է նրանց ցույց տանք իրենց կենսագործունեության շրջանակները, մեր կանոնները, մեր օրենքի պահանջները։
Վերլուծաբանը նշեց, որ այլ երկրներում նման իրավիճակ չկա, նա նկատեց, որ մենք առանց ռուսերենի իմացության կարող ենք և՛ սոված, և՛ ծարավ մնալ Ռուսաստանում, ինչի համար չի կարելի մեղադրել ՌԴ-ին, քանի որ դա տրամաբանական է։
«Եկել ես Հայաստան, փորձի՛ր այդ հարցը ինչ-որ կերպ լուծել, եթե հայերեն դեռ չես հասկանում, և դժվար է հայ մատուցողի հետ շփվել, որոշ սրճարաններ կարող են իրենց մրցունակությունը բարձրացնելու համար ռուսախոս աշխատող պահել։ Բայց երբ ՀՀ քաղաքացին մտնում է մի տեղ, պարտավոր են իրեն ապահովել սպասարկում բացառապես հայերենով, այստեղ այլ որևէ բացատրություն լինել չի կարող, քանի որ երբ դա չի ապահովում, ՀՀ քաղաքացուն ֆունտամենտալ իրավունքից զրկում են»։
Դիտարկմանը, որ վերջին շրջանում շատացել են այլազգի առաքիչները, ովքեր ո՛չ նորմալ ռուսերեն, ո՛չ էլ անգլերեն են խոսում, Հովհաննիսյանը արձագանքեց. «Ես հասկանում եմ, որ էժան աշխատուժ են գտել, բայց նույնպես պետք է հասկանալ, որ առաքիչը, գոնե այն մասով, որ շփվում է մարդկանց հետ, պիտի ինչ-որ բառապաշար ունենա հայերենի, եթե չունի, պետք է ունենա հասանելի հեռախոս, որով գործատուն կկարողանա այդ հարցերը լուծել»,- ասաց Հովհաննիսյանը և ավելացրեց, որ մեր երկրում հանրային առաջարկը բացառապես պետք է լինի մեր լեզվով։
Հարցին, թե Լեզվի կոմիտեն նման իրավիճակներում անելիք չունի, Հովհաննիսյանը պատասխանեց, որ վերջին տարիներին կոմիտեի գործառույթները շատ սահմանափակ են. «Լեզվի կոմիտեն դարձել է խորհրդատվական մարմին, որը ասում է, թե որ բառն է ավելի գեղեցիկ»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ նրանց գործառույթը պետք է լիներ հայերենի անմրցելի գերակայությունը ապահովելը։