«Սոթքում իրավիճակն այս պահին հանգիստ է, եթե փոքր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ էլ կան, ապա դա միջդիրքային հատվածում է, որը 2021 թվականի մայիսից հետո մշտական բնույթ է կրում, բնակիչների համար սովորական է դարձել»,- այսօր
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք բնակավայրի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Բնակիչները զբաղված են իրենց առօրյա գործերով․ «Մարդիկ զբացված են գյուղատնտեսական աշխատանքներով՝ վարուցանքով»։
Իշխանության ներկայացուցիչներն արդյոք այցելո՞ւմ են բնակավայր, ինչ վերաբերմունք են ցուցաբերում բնակավայրի և բնակիչների նկատմամբ․ հարցրինք Սևակ Խաչատրյանին։
«Գրեթե ամեն շաբաթ համայնքի ղեկավարն է այցելում մեզ, նաև Գեղարքունիքի մարզպետ պարոն Սարգսյանն է հաճախակի այցելում, իշխանությունն այնքան չի եղել Սոթքում, որ մոռացել ենք իրենց։ Վերջերս ՄԻՊ Անահիտ Մանասյանն է 2 անգամ իր աշխատակազմով եկել Սոթք։
Արդյոք Սոթքում պետական ծրագրեր իրականացվո՞ւմ են․ հարցրինք Սևակ Խաչատրյանին․
«Համայնքը բոլոր սահմանապահ բնակավայրերին առանձնակի ուշադրություն է դարձնում։ Վերջերս մարզպետի միջնորդությամ ՄԱԿ-ի ծրագրով արևային 20 կիլովատտ կայան է տեղադրվել Սոթքում, խոստացել են, որ վարչական շենքը վերանորոգեն։ Համայնքի ղեկավարի և մարզպետի ջանքերով շուտով կսկսվի ավերված ջրագծի շինարարությունը։
Հարցին՝ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասված շինությունների վերանորոգման ուղղությամբ, արդյոք ավարտվե՞լ են աշխատանքները, Սևակ Խաչատրյանը պատասխանեց, որ վերանորգման աշխատանքների մեծ մասն ավարտվել է։
«Կառավարության կողմից հատկացված գումարները 2 փուլով քաղաքացիները ստացել են, այդ գումարներով վերանորոգել են։ Նշեմ նաև, որ Տաշիր գրուպը մեծ ներդրումներ է արել Սոթքում, գյուղի բնակարանների տանիքների մի մասն արդեն փոխել են, մյուսները ընթացքի մեջ են, նախատեսվում է այս տարի ավարտին հասցնել։ Օրերս շատ ուրախալի նորություն ունեցանք, այն բնակարանները որոնք հիմնովին ավերվել էին, մարզպետի հետևողական ջանքերի շնորհիվ հիմքից կկառուցվեն»։
Տևական ժամանակ է, ինչ թշնամու կրակոցների պատճառով Սոթքի հանքավայրի մի մասում աշխատանքները դադարեցվել են, հարյուրավոր բնակիչներ մնացել են անաշխատանք, ուստի Սևակ Խաչատրյանից նախ հետաքրքրվեցինք, թե նշված աշխատակիցներից քանի՞սն են Սոթքից, և արդյոք նրանց նոր աշխատանքով ապահովելու քայլեր իրականացնո՞ւմ է համայնքապետարանը․
«Սոթքից շուրջ 30 բնակիչ ունեինք հանքում աշխատող, հիմա նրանք լուրջ խնդրի առաջ են կանգնել, հարցը միայն իր ընտանիքը պահելու մեջ չէ։ Մարդկանց հարևան-բարեկամները բանկային գործարնքների համար երաշխավոր է կանգնել՝ մտածելով, որ կայուն եկամուտ ունի և կվճարի, բայց հիմա կայուն եկամուտ չունի, ու հարևան-բարեկամը սև ցուցակ են ընկել»։
Ամփոփելով զրույցը Սևակ Խաչատրյանին հարցինք, թե բնակիչների մոտ ի՞նչ տրամադրություններ են, արդյոք եղե՞լ են մարդիկ, որ թշնամու կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների հետևանքով լքել են գյուղը․
«Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ամբողջ գյուղը դատարկվել էր, բայց մոտավոր 90 տոկոսը վերադարձան, իսկ հակառակորդի վերջին սադրանքի ժամանակ գյուղից գրեթե մարդ դուրս չեկավ։
Բնակիչները կպած են իրենց հողին, չեն լքի իրենց տները, մնում է, որ բարձր իշխանավորներն էլ հիշեն, որ Երևանով չի ավարտվում Հայաստանը»։