Ուղիղ եթեր
ՀՀ-ի նկատմամբ ճնշումներն ավելի կմեծանան, և Թուրքիան կփորձի մաքսիմալ զիջումներ կորզել
copy image url

ՀՀ-ի նկատմամբ ճնշումներն ավելի կմեծանան, և Թուրքիան կփորձի մաքսիմալ զիջումներ կորզել

Խոսք Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 21:30 05-06-2023
Թուրքիայում հունիսի 3-ին կայացավ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, ով մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում հինգ տարի ժամկետով վերընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում։ Էրդողանը նույն օրը ներկայացրեց նոր կառավարության կազմը, որն ուշադրություն գրավեց այն հանգամանքով, որ Թուրքիայի նախագահը փոփոխել էր կառավարության ամբողջ կազմը՝ բացառությամբ երկու նախարարի։

Էրդողանի երդմնակալությանը մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Հայաստանում բուռն քննարկումների և իրարամերժ տեսակետների առաջացման պատճառ էր դարձել։ Հայաստանը 2014 թվականին նույնպես մասնակցել էր Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, սակայն ոչ ամենաբարձր մակարդակով. այն ժամանակ Անկարա էր մեկնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Oragir.News-ի հետ զրույցում թյուրքագետ Նելլի Մինասյանը նշեց, որ ընտրություններից հետո Էրդողանը սովորաբար փոփոխել է կառավարության կազմը, սակայն առաջին դեպքն էր, երբ նա փոփոխեց գրեթե ամբողջ կառավարությունը։ Նրա համոզմամբ՝ նման քայլով Թուրքիայի նախագահը երկու կարևոր խնդիր պետք է լուծի՝ առաջինը կապված է երկրի ներքաղաքական կյանքի, մասնավորապես ճգնաժամի հաղթահարման և ներդրումների ներգրավման, իսկ երկրորդը՝ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների հետ, երբ տեղի են ունենում որոշակի զարգացումներ, որոնց պայմաններում Թուրքիան փորձում է իր տեղն ու դերն ավելի բարձրացնել։

Անդրադառնալով արտաքին գործեր նախարարի պաշտոնում Հաքան Ֆիդանի նշանակմանը, ով 13 տարի շարունակ զբաղեցնում էր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնը, թյուրքագետն ընդգծեց, որ Ֆիդանի նշանակումը պայմանավորված է նախևառաջ աշխարհաքաղաքական զարգացումներով և այս գործընթացներում Թուրքիայի դիրքավորմամբ։ Մինասյանի խոսքով՝ Հաքան Ֆիդանն իր գործունեության ընթացքում կենտրոնացած է եղել, որ Թուրքիան կարգավորի և անգամ լավ հարաբերություններ հաստատի իր հարևան և տարածաշրջանային երկրների հետ։ Նա այս համատեքստում նշեց հատկապես Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի հետ հարաբերությունները։ «Սա վկայում է այն մասին, որ Թուրքիան իր արտաքին քաղաքական կուրսը գերազանցապես կփորձի ուղղել դեպի արևելք՝ այսինքն դեպի թյուրքական աշխարհ, արաբական երկրներ»,- նշեց նա։

Թյուրքագետը նաև ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Թուրքիայում գուցե չգտնվեր որևէ այլ պաշտոնյա, ով նրանից լավ կտիրապետեր տեղի ունեցող զարգացումներին, ամբողջ զարգացումներին։ «Այն, որ Թուրքիան իր առջև դրել է նոր Թուրքիայի տեսլականը, որտեղ երկիրն առնվազն պետք է լինի տարածաշրջանային գերտերություն, Ֆիդանի նշանակումը միտված է սրան, քանի որ նա լավագույնս տիրապետելով իրավիճակին, կարող է Թուրքիայի համար այդ բոլորն ապահովել։ Բացի այդ նրան համարում են Էրդողանի հնարավոր ժառանգներից մեկը»,- կարծում է նա։

Հարցին, թե Թուրքիայի նոր կառավարության օրոք ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների և Հայաստանի նկատմամբ Անկարայի քաղաքականության համատեքտում՝ մեր զրուցակիցը նշեց, որ արմատական զարգացումների հնարավորություն չի տեսնում՝ չբացառելով, որ գուցե որոշ ժամանակ հետո ինչ-որ փոփոխություններ տեղի ունենան։ Նա ընդգծեց, որ արմատական զարգացումներ ասելով նկատի ունի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։

Մինասյանի համոզմամբ՝ առաջին ուղերձներից պարզ դարձավ, որ Թուրքիան նայելու է դեպի արևելք, կարևոր տեղ է հատկացվելու թյուրքալեզու երկրների հետ համագործակցությանը, իսկ այդ պարագայում Հայաստանի նկատմամբ ճնշումները էլ ավելի կմեծանան, և կփորձեն Հայաստանից մաքսիմալ զիջումներ կորզել։ Նա կարծում է, որ նախկինում մեկնարկած հայ-թուրքական կարգավորման գործընթացը որոշ չափով կվերսկսի, կարելի է որոշ քայլերի սպասել հատկապես տնտեսական ոլորտում՝ սահմանների բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար և այլն, սակայն արմատական փոփոխությունների մասին խոսելը դեռ վաղ է։

Հարցին, թե Հայաստանի կողմից ճի՞շտ որոշում էր Էրդողանի երդմնակալությանը ամենաբարձր մակարդակով մասնակցելը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 2014 թվականին նույն միջոցառմանը ՀՀ-ն մասնակցում էր արտաքին գործերի նախարարի մակարդակով՝ թյուրքագետը նշեց, որ այս հարցը պետք է դիտարկել տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Նրա խոսքով՝ առաջին հայացքից ճիշտ կլիներ, որ Հայաստանը կրկին արտգործնախարարի մակարդակով մասնակցեր, սակայն մյուս կողմից Հայաստանի ներկայիս սահմանափակ հնարավորությունների պայմաններում սա դիվանագիտական ժեստ էր, որին հետագայում կտեսնենք, թե Թուրքիան ինչպես կպատասխանի՝ քայլ առաջ կանի՞, թե՞ ոչ։ Մինասյանը վերահաստատեց, որ արմատական փոփոխություններ չեն լինի, սակայն որոշ գործընթացների այնուամենայնիվ տեղի կունենան։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն