Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը համաձայնել 1975 թ․-ի քարտեզներով սահմանազատմանը, ինչով են դրանք մեզ համար գրավիչ, այն դեպքում, երբ 1963-88 թթ․-ին փոփոխություններ են կատարվել հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով և մոտավորապես 25 տարի շրջան առ շրջան, տնտեսություն առ տնտեսություն ճշգրտումներ են կատարվել։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը։
Նա ընդգծեց, որ այն ժամանակ սեփական հողեր չկային, բացի տնամերձերից, իսկ տնամերձերը գտնվում էին բնակավայրերի տարածքներում, ոչ թե բնակավայրերից դուրս։ «Այսինքն, պետությունը Հայաստանի և հարևան Ադրբեջանի հետ կատարել է ճշգրտումներ։ Այդ արձանագրությունները կան, այդ արձանագրություններին կից կան գծագրեր, կան նկարագրություններ, ինչպես մարդիկ ասում են՝ թուփ առ թուփ։
Երկու օրինակ բերեմ, նման օրինակներ բոլոր շրջաններում էլ կան։ Ասենք՝ 1986 թ-ին, երբ Կապանի, Զանգելանի ու Կուբաթլուի հարակից շրջանների ճշգրտման ժամանակ հայկական կողմը Ադրբեջանին վերադարձրեց 200 հեկտարը, Ադրբեջանից ստացավ 1000 հեկտար։ Այսինքն՝ մենք այդտեղ ստացանք 800 հեկտար։ 1975 թ-ի քարտեզում այդ փոփոխությունը ներառված չէ։ 1971 թ-ին Հայաստանի հյուսիս- արևելքում սկսեցին Ադրբեջանի հետ սահմանագծում ջրամբարի կառուցումը, որի ջրերը հոսելով անցան Հայաստանի տարածք։ Այդ ջրամբարի 1/3-ը գրավեց Հայաստանի տարածքը։ ԽՍՀՄ կառավարության որոշմամբ և ցուցումով Ադրբեջանից պահանջեց, որպեսզի փոխհատուցում լինի թե տարածքային առումով, թե հողի որակի առումով։
Ընդ որում՝ դեպքը տեղի է ունեցել մինչև 1975 թ․-ի քարտեզի հրապարակումը, կառավարության որոշումը եղել է 1976 թ․-ին։ Այսինքն՝ լիճը, որը զբաղեցրել էր բնական հոսքով Հայաստանի տարածքը, նկարագրվում է 1975-ի քարտեզով իբր Ադրբեջանին պատկանող, բայց 1976 թ․-ի կառավարության ցուցումով դրա փոխանցման ակտը և սահմանի ճշգրտման որոշումը կայացվեց։
Նույնը վերաբերում է Տիգրանաշենի այսպես կոչված՝ անկլավին։ Դա անկլավ չէ։ Հայաստանի կառավարությունը պետք է դուրս բերի փաստաթղթերը, դուրս բերի որոշումները և ապացուցի, որ դա եղել է հողազավթում։ Մեզ 1975 թ․-ի քարտեզը պետք չէ, քանի որ դա օրինականացնում է այդ հողազավթումը»։
Նա ընդգծեց, որ երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ եղած քարտեզներում Արծվաշենը նշվում է փոքրիկ «աղիքով» Հայաստանի հետ կապված տարածք։ Հետագայում այդ «աղիքը» կտրվել է։ «Եթե եկել է ժամանակը արմատապես հայ ադրբեջանական սահմանները ճշտելու, ապա պետք է սկսել սկզբից։
Կան այլ փաստեր, այդ նույն հանրագիտարան կոչվածում վկայակոչվում է, որ Հայաստանի տարածքը եղել է ոչ թե 29,8 հազար, այլ 30,9 հազար քառակուսի կիլոմետր։ 70 տարվա ընթացքում առնետի պես քերելով տարել են մեր հողերը, կտոր-կտոր բզկտել են։
Յուրաքանչյուր հայ, հատկապես սահմանամերձ շրջաններում, իր ծնողներից ու պապերից լսել է, թե նախկինում որտեղով էր անցնում սահմանը և ինչպես այդ ամբողջը կորցվեց։ Դա նրանց քաղաքականությունն է, 100 տարի նրանք դրանով են զբաղված եղել և հիմա նույնն են անում»։
Սահակյանն ընդգծեց, որ պետք է քարտեզագիրներին հավաքել, հավաքել բոլոր հին քարտեզները, Ադրբեջանի հետ, նույն մասնագետների հետ մասնագիտական խումբ կազմել ու սկսել մասնագիտական աշխատանք։ Սա քաղաքական վճռով չի լինի։ Քաղաքական վճիռը կլինի հակասահմանադրական և հակաօրինական։ Իրավունք չկա քաղաքական վճիռներ կիրառել այստեղ, սա տեխնիկական, փաստահավաք հսկայական աշխատանք է պահանջում։
Պետության ղեկավարը կոմպետենտ չէ այս հարցում։ Նա առանց խորանալու, առանց փորձագիտական եզրակացություն ունենալու հիմք է ընդունում 1975 թ-ի քարտեզը։ Ավելին, եթե 1975 թ․-ի քարտեզներով առաջնորդվի՝ իր համար ցանկալի 29,800 քառակուսի կլիոմետր տարածքը երազում անգամ չի տեսնելու։
Ադրբեջանը Ադրբեջան չի լինի, Ալիևն էլ իր հոր տղան չի լինի, եթե այդ սահմանների ճշտումը չօգտագործի Հայաստանից նորից հողեր կորզելու նպատակով, ինչպես որ իր հայրն է դա արել, ինչպես որ իր հոր քաղաքական հայրերն ու նախահայրերն են արել»։