Ներքին 3 տարի առաջ - 15:29 20-04-2023

«Ես սիրո երգիչ կլինեմ». այսօր գյումրեցի Հենրիկ Ասատրյանը կդառնար 22 տարեկան

Հենրիկը Ասատրյանների ընտանիքի ավագ որդին էր, իրենից 4 տարով փոքր քույր ունի: Հասուն, նպատակասլաց, խաղաղ, հանգիստ, համբերատար, հավասարակշռված, ընկերասեր. այսպես են նկարագրում արցախյան պատերազմում զոհված հերոսի ծնողներն իրենց որդուն:

Կրտսեր սերժանտ Հենրիկ Աշոտի Ասատրյանը ծնվել է 2001թ.-ին ապրիլի 20-ին Գյումրիում: Հենրիկը մասնագիտությամբ երաժիշտ էր: 2019 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի վոկալ բաժինը:

2019 թվականին վերցնելով տարկետում՝ հուլիսի 11-ին զորակոչվել է բանակ: 6 ամիս Լուսակերտի զորամասում անցնելով ականանետի ուսումնական դասընթացներ՝ ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Այնուհետև ծառայությունը շարունակել է Արցախի Թալիշի զորամասում:

Գյումրեցի հերոսը մորն ասել է, որ Վարդան Աճեմյանի անվան թատրոնի բեմում երգելու է «Մայրիկ» երգը, հետո իջնելու է բեմից և մորը ծաղիկներ է նվիրելու:

Տիկին Անահիտն ասում է՝ Հենրիկը միշտ թախծոտ երգեր է երգել, Վահան Տերյան է շատ սիրել կարդալ: Ինչ-որ բանից միշտ տխուր է եղել, բայց երբեք չի ասել այդ մասին:

Մայրը երբ ասել է՝ ախր, Հենրիկ ջան, շատ տխուր երգեր ես երգում, ասել է՝ ոչինչ, մամ, ես սիրո երգիչ կլինեմ:

Հենրիկը սեպտեմբերի 27-ին տագնապով բարձրացել է «Սիս» մարտական հենակետ: Հենրիկ Ասատրյանը աննահանջ կռվել է թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների դեմ, զոհվել է սեպտեմբերի 27-ին: Ասատրյանների ընտանիքին ամիսներ անց է հաջողվել գտնել որդու մարմինը: Որդու մասին տևական ժամանակ լուր չեն ունեցել, հույս են ունեցել, որ որդին կարող է գերեվարված լինել: Հենրիկ Ասատրյանի աճյունը գտնվել է նրա ծննդյան 20-ամյակից օրեր անց:



«Հենրիկը ծառայությունից երբեք չէր դժգոհում, ուղղակի վերջին ամիսներին շատ էր կարոտել, ասում էր՝ մամ ջան, գոնե մի 5 օրով տուն գամ, տեսնեմ ձեզ, կարոտս առնեմ:

Պատերազմից տասը օր առաջ երազ տեսա՝ Արցախում պատերազմ էր… արթնացա, շատ վատ զգացի ինձ: Երազիս մեջ տանկեր էին, ինքնաթիռներ ու մեր զինվորների արյունոտ դեմքերը: Պատմեցի երազս, ասացին՝ էս դարում ինչ պատերազմ: Ես երազիս մեջ էդ պատերազմում իմ Հենրիկին էի կորցրել, ես անընդհատ փնտրում էի, փնտրում: Երկար միջանցք էր, ու էդտեղից վերջապես գտա իմ բալին: Ու էդ նեղ միջանցքում միայն Հենրիկը չէր, էլի զինվորներ կային: Մտածում էինք, որ երեխեքին գուցե գերի են պահել, Հենրիկը դեմքիս չնայեց, բայց այտին արցունքի կաթիլ կար:

Հետո, երբ մեկնաբանում եմ երազս, հասկանում եմ, որ երկար միջանցքը սառնարաններն էին, որտեղ մեր երեխեքի մարմիններն էին գտնվում: Ասում էր՝ մամ ջան, լավ ծառայեմ, որ զինվորական գրքույկս ինձ շատ է պետք գալու: Հենրիկը ինչ-որ բան զգում էր, ասում էր՝ մամ, ես բախտ չունեմ, ես գնացի բանակ, պատերազմ կլինի:

Բանակ գնալու վերջին օրերին ասաց՝ մամ, երգեր եմ թողել, որ մահանամ, կլսես էդ երգերը: Ինքը շատ ծանր էր տանում, երբ իմանում էր ինչ-որ մեկը մահացել է, ասում էր՝ մեղք են, բայց ինքն ամենամեղքը եղավ»,- շարունակում է հերոսի մայրը:

Գյումրեցի 19-ամյա հերոսը հայրենիքին մատուցած անձնվեր ծառայության դիմաց հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան