Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:26 05-04-2023

Հետախույզ Ազնավուրի շիրիմը մնաց թուրքի ձեռքում․ եղբայրը վրեժով է լցված

28 ամյա Ազնավուր Բալայանը անմահացավ 2016 թվականի ապրիլի 4-ին։

Ազնավուրը հետախույզ էր և պայքարում էր հայրենի Հադրութի սահմանների պաշտպանության համար։ «Ազնավուրը Հադրութի ամբողջ շրջանում հայտնի էր, որպես մաքուր սիրտ ունեցող հայ և բանակին նվիրված զինվորական։ Փոքր տարիքում միշտ ասում էր, որ նմանվելու է մորեղբորս, ում հետ շատ կապված է եղել։ Մորեղբայրս նույնպես զոհվել է։ Որոշեց մորեղբորս գործը շարունակել և հետախույզ դարձավ»,- պատմում է եղբայրը՝ Հայաստանի Հանրապետությունում Արցախի «Ֆիդայիներ» կառույցի ղեկավար Ռոման Բալայանը։

Ազնավուր Բալայանը զինծառայությունից հետո պայմանագրային հիմունքներով ծառայության է անցել Հադրութի դիվիզիայում, որտեղ ծառայությունն իրականացրել է հատուկ նշանակության դիվիզիայում։

2008 թվականից մինչև 2016 թվականը եղել է գաղտնի հետախույզ և իրեն մի անգամ փորձել են ներառել սպորտային առաջխաղացման մեջ, բայց նա հրաժարվել է՝ ասելով, որ իր մասնագիտությունը հետախուզությունն է և չի ուզում, որ իր դեմքը շատերի, այդ թվում նաև թշնամու համար հայտնի լինի։



«Բոլորը գիտեին նրա ուժի մասին։ Նրա կամքը և ֆիզիկական ուժը համարժեք էին։ Որ դիրքում գտնվեր Ազնավուրը, կամք և ոգի էր փոխանցում զինվորներին։ Արցախում բոլորը գիտեին նրա տեսակի մասին։ Նա իսկական հայորդի էր, որը ծնվել էր Արցախը պահելու և պաշտպանելու համար։ Կատարեց իր խոստումը և նմանվեց մորեղբորս։ Ազնավուրը զոհվել է տանկի նետած արկի պատճառած մահացու վնասվածքներից»,- պատմում է Ռոման Բալայանը։

Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղում ծնված խիզախ Ազնավուրը ապրում էր նույն շրջանի Մոխրենես գյուղում։ Նա շարքային զինվոր եղած ժամանակ էլ հայտնի է եղել իր բացառիկ ուժով, ծանր առարկաներ բարձրացնելու հատկությամբ։

«Ազնավուրը միշտ ասում էր, որ իրեն փամփուշտը չի կարող սպանել, միայն իր ուժերից վեր, ծանր հրետանին կարող է խոցել և այդպես էլ եղավ։ Ծանր հրետանիով խփել են և այդ ընթացքում հզոր տղաներ են զոհվել»,- հայտնում է Ռոման Բալայանը։



Ազնավուր Բալայանի հետ միասին զոհվել են նաև Նվեր Սիմոնյանը, Ղարիբ Սահակյանը։ Ապրիլյան պատերազմում նրանք մարտնչում էին ռազմաճակատի ամենածանր հատվածներից մեկում և զոհվեցին հերոսի մահով՝ պաշտպանելով կարևորագույն մարտական դիրքը։

Ազնավուր Բալայանը հուղարկավորվել է Մոխրանես գյուղում։ Եղբոր նախաձեռնությամբ կանգնեցվել է նրա հիշատակն հավերժացնող տուն-թանգարան։



«44-օրյա պատերազմում զոհվեց նաև քրոջս ամուսինը։ Մեծ ցավ է, որ տնից ու հողից բացի թշնամու ձեռքի տակ անցավ նաև հարազատներիս շիրիմները։ Հարթաշեն (Հախուլու) համայնքում մնաց զոհված հորս շիրիմը, Մոխրենեսում՝ Ազնավուրի և մորեղբորս շիրիմները։ Այս իրականության հետ հաշտվելն անհնար է և պետք է պայքարենք մեր հողերը նորից ազատագրելու համար»,- հավելեց Ռոման Բալայանը։

Երեկ՝ ապրիլի 4-ին, Ռոման Բալայանը, ի պատիվ հերոս եղբոր, Եռաբլուր է բարձրացել և խնկարկել, հավատալով, որ եղբայրը վերևից օրհնում է մեր հայրենիքը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին