copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 21:23 27-03-2023

Բացառիկ հրատարակություն. Վասակ իշխանի ավետարանի մանրանկարները թվայնացվել են

Լույս է տեսել Էմմա Չուգասզյանի «Վասակ իշխանի Ավետարանը եւ Կիլիկիայի Հայոց արքունական ձեռագրերի պատկերագրական ավանդույթները» գիրքը։

Սա Մոնպելիեի Պոլ Վալերիի համալսարանի միջնադարյան պատմության դոկտոր, Հայաստանի Ամերիկյան համալսարանի արվեստի պատմության դասախոս, միջնադարագետ և հայկական մանրանկարչության փորձագետ Էմմա Չուգասզյանի անդրանիկ գիրքն է։



Հայ ընթերցողին շատ քիչ պատմական տեղեկություններ են հայտնի Վասակ իշխանի մասին։ Հեղինակն իր մենագրությունում մի ամբողջ գլուխ է նվիրել նրա կյանքին ու գործունեությանը։ Վասակը եղել է Կիլիկյան թագավորության Հեթում 1-ին թագավորի համահայր եղբայրը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա կես հայ, կես ֆրանկ է։ Վասակի և նրա հարազատ եղբայր Հովհաննեսի իրական մայրը՝ Բեատրիսը, շատ աղբյուրներում ներկայացվել է որպես այս երկուսի ստնտու, մինչդեռ մենագրությունը փաստերով ապացուցում է, որ դա այդպես չէ։ Վասակը հայտնի է եղել որպես Կիլիկյան Ճանճո բերդի տեր, ժամանակին որպես գերի՝ ուղարկվել է Եգիպտոս, որպեսզի գերությունից հետ բերվի ապագա թագաժառանգ Լևոն 2-րդը՝ Հեթում 1-ի որդին։

Գերությունից վերադառնալով՝ Վասակը պատվիրել է իր առաջին հայտնի ավետարանը, որը նկարազարդել է Թորոս Ռոսլինը, իսկ ահա ուսումնասիրության առարկա հանդիսացող ավետարանի մանրանկարիչները անհայտ են։



«Այս ձեռագիրը, երբևէ չլինելով առանձին ուսումնասիրության առարկա, կարծես առիթ ստեղծեց լույս սփռելու հենց այս պատմական կերպարի վրա»,- հավելեց նոր լույս տեսած գրքի հեղինակը։

Առհասարակ այս ավետարանն առաջին անգամ է տպագրվում գունավոր տեսքով․ մինչ այժմ շրջանառվել է միայն դրա սևուսպիտակ տարբերակը՝ բացառությամբ մի քանի նկարների։ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի հատուկ թույլտվությամբ գրքում տեղ են գտել այս բացառիկ Կիլիկյան ձեռագրի գունավոր լուսանկարները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել արքունական այս մատյանի մանրանկարների մանրամասն ուսումնասիրությունը։

«Գեղագիտական իմաստով՝ սա հիանալի հնարավորություն է՝ տեսնել ու վայելել այս մանրանկարների բարձրորակ թվայնացված տարբերակները,- նշում է Էմմա Չուգասզյանը,-իսկ ահա գիտական իմաստով՝ մենագրությունը լույս է սփռում ձեռագրի ճիշտ թվագրության վրա»։



Հեղինակը հանգել է այն եզրակացության, որ ամենայն հավանականությամբ՝ ավետարանը պատվիրվել է 1280-ականներին։ Մինչ այժմ այն մշտապես համեմատվել է 1272-ի «Կեռան թագուհու ավետարան»-ի հետ։ Մենագրության հեղինակը մանրամասնորեն ցույց է տալիս այն ակնհայտ տարբերությունները, որոնք կան Կեռանի և Վասակ իշխանի ավետարանների միջև՝ հիմք ընդունելով նրանց աշխարհաքաղաքական կողմորոշումները։

Գրքի առանձնահատկությունը կայանում է նաև նրա մատուցման ձևի մեջ։ Հեղինակի խոսքով՝ նա հետևել է համաշխարհային գիտական միտումներին, որտեղ նման թեմաները փորձում են արդիականացնել՝ ուսումնասիրելիս զուգահեռներ անցկացնելով այժմյան իրականության հետ, մինչդեռ հայ իրականության մեջ նման ուսումնասիրություններին մոտենում են հին գիտական մեթոդաբանությամբ։



Հեղինակը հավելում է, որ տարիներ շարունակ այս ձեռագիրը կամ հենց պատվիրատուի մասին ուսումնասիրությունները հիմնված են եղել պատմական խիստ նեղ տեղեկությունների վրա, իսկ այդ տեղեկությունների համադրությունը երբեմն շատ անտրամաբանական եզրակացության է հանգեցնում ու կասկածի տեղիք տալիս։

Ահա նման տրամաբանական-վերլուծական շղթա ստեղծելով՝ Էմմա Չուգասզյանը տվել է ձեռագրի պատմական, ոճական և պատկերագրական համապարփակ վերլուծություն։

Արմինե Մուրադյան