Վերջին օրերին մեր տարածաշրջանը տարերային աղետի մեջ է, նախ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, որի հետևանքով զոհվել է մոտ 30 հազար անձ, ապա Սիրիայում գրանցված երկրաշարժը, որի հետևանքով մոտ 10 հազար զոհ կա։ Իսկ արդեն մի քանի օր է՝ լսում ենք Վրաստանում արձանագրված երկրաշարժերի մասին։ Ինչպես ասում են՝ կամաց-կամաց աղետը մոտենում է մեր տներին։
Երկրաշարժերի մասին լուրերը սոցցանցերում, մեդիաներում տարածվող լուսանկարները շատ վատ են ազդում հանրությանը հոգեկան վիճակի վրա։
Շատերն են այս օրերին գանգատվում սրտի աշխատանքից, ճնշման տատանումներից, թե «ամբողջ օրը երկրաշարժի մասին լուրեր ենք կարդում, անընդհատ զգացողություն ունենք, թե ահա ցնցվեց, ահա, երկրաշարժ է»։
Առանձնացրել ենք մեկնաբանություններից մի քանիսը.«Մենք երկրաշարժ տեսած սերունդ ենք, ես անգամ սարսափում եմ պատկերացնել, որ դա կարող է կրկնվել, այդ մտքից միայն ուզում եմ մեռնել, ամբողջ օրը լուրերն եմ կարդում, նկարները նայում եւ ավելի վատանում․․․ես չգիտեմ՝ ինչ է լինելու, բայց զգում եմ, որ երկրաշարժի մասին մտքերը հյուծում են ինձ, իրերս պատրաստ եմ պահում, մտածում՝ ինչ պետք է անեմ, ախր ինչքան մտածում ես, էնքան գժվում ես․․․ոչ սեյսմակայուն շենքեր ունենք, ոչ նորմալ պետական համակարգ, Սուրմալուի զոհերին տեսանք քանի օրում գտան․․․Աստված մի արասցե․․․գոնե հիմա քայլեր ձեռնարկեն, տեխնիկական կանոնների, անվտանգության հարցը լուծեն, ուսուցանեն երկրաշարժի դեպքում առաջին կանոնները, հոգեբանական աշխատանքներ տան, խորը դեպրեսիայի մեջ է հասարակությունը, կարծես մեր վերջը եկել է, պարզապես խնդիրը մահվան ձեւի ընտրության մեջ է՝ պատերազմ, վիրուս, թե երկրաշարժ․․․»։
Ժեստ հոգեբանական կենտրոնի տնօրեն, հոգեբան Արկադի Մեհրաբյանն
Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է մարդկանց մոտ նման զգացողություններ առաջանում՝ պատասխանեց. «Եթե խոսքը վերբերում է դեպրեսիային, վատ տրամադրություններին և այլն, կապ չունի երկրաշարժը, պատերազմը և այլն։ Կարծում եմ՝ այս ամենը հենց իր մտքերից է նման տրամադրություն ունենում, հետևաբար, մարդկանց մտքերը կարող են առաջացնել և՛ դրական, և՛ բացասական տրամադրություն։ Մեխանիզմ է աշխատում, իսկ հույզն առաջանում է մտածական պրոցեսի ընթացքում։ Մի խոսքով, խորհուրդ եմ տալիս՝ լավ բան մտածել։ Ոչ թե պետք է վատ երևույթը ներկայացնել լավ, ռացիոնալ պոզիտիվով, այլ՝ վատ երևույթի վրա չկենտրոնանալով։
Երկրաշարժը, որ եղավ, չէ՞, մարդիկ սկսեցին բացասական արտահայտություններ կամ հայհոյախառը արտահայտություններ անել, թե ինչո՞ւ ենք Թուրքիա օգնություն ուղարկել, ասում էին՝ ինչո՞ւ են ուղարկել, զայրանում էին, ու նման մտածելակերպ ունեցող մարդը ո՞նց կարող է դրական մտքեր ունենալ։
Այստեղ երևույթից է կախված, թե ով ինչ է մտածում։ Որ Արցախ չեն ուղարկում օգնություն, դա արդեն շատ վատ է, բայց լավ է, որ, օրինակ՝ փլատակում գտնվող հինգ տարեկան երեխայի համար են բան ուղարկում։ Այսինքն՝ այստեղ խնդիրը ոչ թե Թուրքիա օգնություն ուղարկելն է, այլ՝ մարդ երևույթին օգնելը։
Այս դեպքում ոչ մի բան պետք չէ ազգայնականացնել, մերոնք ամեն բան խառնում են իրար, դրա համար ոչ մի բան չի ստացվում։ Թշնամուն մարտի դաշտում պետք է ոչնչացնել ու դա այլ հարց է, իսկ լրիվ ուրիշ հարց է մարդասիրական օգնություն ուղարկել փլատակների տակ գտնվող մարդկանց»։
Մեհրաբյանի խոսքով՝ մարդասիրական օգնություն ուղարկելը կարող է մարդկանց մոտ առաջացնել զայրույթ, արհամարհանք, ու թե ով ոնց կմեկնաբանի, նույն մտքերն ու զգացողություններն էլ կունենա. «Ինչ մտածում են, դրա արդյունքում էլ այդ զգացողություններն են, այսինքն՝ ուրիշ աղբյուր չկա էլ կյանքում։ Այն մարդիկ, ովքեր ամեն օր պանիկայի մեջ են, իրենք ամեն օր բազմոցին պարապ նստած են ու, օրինակ՝ վատ մեկնաբանություններ են գրում ու բացասական հույզերը տարածում, այսինքն՝ այստեղ գնահատականի խնդիր է, իրենց մոտ չկա դրական զգացողություն հերիք չի, մի բան էլ՝ դա տարածում են։ Դրանից էլ կարող է առաջանա ախորժակի խնդիրներ, ճնշման տատանումներ, անգամ՝ մազաթափություն, տրամադրության կտրուկ անկում, ու մարդիկ չեն պատկերացնում, որ դա կարող է այդ սին վախերից լինել։ Նույնն էլ՝ երկրաշարժի վերաբերյալ մեկնաբանություններն են»։