Ներքին 3 տարի առաջ - 19:17 02-01-2023

Հայ ազգային կոնգրեսի ցավակցականը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի մահվան կապակցությամբ

Հայ ազգային կոնգրեսի ցավակցականը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի մահվան կապակցությամբ.

«Կյանքից անժամանակ հեռացավ «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի» անդամ Սամսոն Սերյոժայի Ղազարյանը։

Սամսոն Ղազարյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 18-ին Արթիկի շրջանի Տուֆաշեն գյուղում։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Զբաղվել է լրագրողական աշխատանքով, աշխատել պատմության ուսուցիչ Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում։

Ղարաբաղյան շարժման ակունքներում է եղել եւ առաջին կազմակերպիչներից մեկը։

Հենց որպես այդպիսին է, որ 1988 թ. փետրվարի 20-ից Հայաստանում ծայր առած հանրահավաքների առաջին իսկ օրվանից նա Ազատության հրապարակի հարթակում էր։ Երբ հանրահավաքների կազմակերպական մասն ապահովելու համար հաջորդ օրերին ստեղծվեց Շարժման առաջին ղեկավար մարմինը՝ «կազմակերպական կոմիտեն», Սամսոն Ղազարյանն ընտրվեց դրա կազմում։

Նա առաջին հանրահավաքների հիմնական վարողներից էր։

Երբ իշխանությանը հաջողվեց խաբեությամբ ցրել կես միլիոնի սահմանագիծն անցած հանրահավաքները, որոշ ժամանակ անց` մայիսի վերջերին Շարժումը կանգնեց մի ճամփաբաժանի առջեւ, եւ ոմանք, տրվելով հույզերին, փորձ արեցին այն տանել արկածախնդրական ճանապարհով։ Սամսոն Ղազարյանը «Կազմկոմիտեի» այն յոթ անդամներից մեկն էր, որոնք վճռականորեն կանգնեցին դրա դեմ հատուկ հայտարարությամբ։ Այս յոթին ավելացնելով եւս չորս հոգի` մինչ այդ արդեն հայտնի դարձած եւ ավանդ ունեցող ակտիվիստների, ստեղծվեց Շարժման նոր ղեկավար մարմին՝ «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն» (կարճ՝ «Ղարաբաղ» կոմիտե)։

1988 թ. հուլիսի 4-5-ին կազմակերպվեց շատ լուրջ ու վտանգավոր մի սադրանք, ինչի հետեւանքով բազմահազար ցուցարարներ հայտնվեցի Երեւանի օդանավակայանում՝ խոչընդոտելով նրա աշխատանքը։ «Ղարաբաղ» կոմիտեի երեք անդամների, որոնց մեջ էր նաեւ Սամսոն Ղազարյանը, համառ ջանքերով հնարավոր եղավ դժվարությամբ հանգուցալուծել մեծ կորուստներով հղի իրավիճակը։

1988 թ. դեկտեմբեր-հունվարին ձերբակալվեցին «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամները եւ տեղափոխվեցին մոսկովյան բանտեր։

1989 թ. հունվարի վերջին շարժման ակտիվին հաջողվեց իր առաջնորդներից, որ նաեւ կալանքի տակ էին, մեկ տասնյակից ավելի մարդկանց առաջադրել ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների մեկնարկած ընտրություններում որպես պատգամավորության թեկնածու։ Նրանց մեջ էր նաեւ Սամսոն Ղազարյանը։

Քաղաքական գործունեությանը զուգահեռ, Սամսոնը Շարժման տարիներին զբաղվել է նաեւ պաշտպանական խնդիրներով. նա «Մուշ» կամավորական ջոկատի հիմնադիրներից է։

Սամսոն Ղազարյանը 1989 թ. նոյեմբերին Հայոց համազգային շարժման 1-ին համագումարում ընտրվեց ՀՀՇ ղեկավար մարմնի՝ վարչության անդամ։ 1990 թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՀՇ-ն հաղթանակ տարավ Կոմունիստական կուսակցության նկատմամբ, ԳԽ պատգամավոր դարձավ նաեւ Սամսոն Ղազարյանը եւ իր քաղաքական գործունեությունը շարունակեց խորհրդարանում։

Սամսոնն իր ողջ կարողություններով ակտիվորեն մասնակցեց նաեւ 2008 թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ ծայր առած համաժողովրդական շարժմանը։

Հայ ազգային կոնգրեսը խորը վիշտ է ապրում սիրելի ընկերոջ վաղաժամ կորստյան առիթով, ցավակցում նրա հարազատներին ու մերձավորներին»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան