Ներքին 3 տարի առաջ - 20:05 25-12-2022

Կամավոր Արման Վարդանյանի օրագիրը

Հետախույզ Արման Վարդանյանը «Արծիվ 30 Արարատ» մահապարտների կազմում մասնակցել է 44֊օրյա պատերազմին` որպես հրամանատարի` մարտական գծով տեղակալ։ Oragir.News-ի հետ զրույցում պատմում է` ինչպես է պատերազմի լուրը լսելուն պես մեկնել առաջնագիծ. «Վստահ էի, որ նորից ջարդելու ենք, հետ ղրկենք իրենց, ու նորից աղերսելու են հաղթանակ», - ասում է։

Հարցին, թե ինչու չստացվեց, դառնությամբ պատասխանում է. «Չստացվեց ավելորդ ինքնավստահ լինելու ու գիտելիքների պակասի պատճառով։ Պատերազմից հետո էլ չի շտկվում իրավիճակը, սահմանն անտեր է»։ Բանակը քայքայում են։ Փոխանակ խոսենք` ինչ ենք անում նորից հզորանալու համար, խոսում ենք թշնամուն ճանապարհներ տալու մասին. «Ես դա գնահատում եմ լկտիություն»,֊ասում է։

Արման Վարդանյանը նշում է, որ երկպառակության մի տեսակ էլ պետությունը զինվորների մեջ մտցրեց պատերազմի համար տարօրինակ տրամաբանությամբ վճարելով. առաջնագծում 44 օր կրակի տակ կռվողին տրվեց մոտ 200 հազար դրամ, Արարատի կամ Արմավիրի զորամասերում տաք֊տաք նստածին` 600֊700 հազար։

Հիմա էլ, երբեմն հին զինվորականները թողնում են ծառայությունը. երբ հարցնում ես` ինչու, նշում են, որ անձրևին, քամուն, ցրտին վտանգի մեջ կանգնելով, տուն֊տեղ չտեսնելով վաստակում էին շատ ավելի քիչ, քան` օրինակ, որպես պարեկ քաղաքի փողոցներում շրջելով նոր ու տաք մեքենայով, երեկոյան տուն գնալու, երեխեքին գրկելու հնարավորությամբ։

Արման Վարդանյանն ամուսնացել է պատերազմից հետո. հարսանիք չի արել. թանկ ընկերներ կորցնելուց հետո մեծ հարսանիքով ամուսնանալ չէր կարող, բայց որոշել է, որ պիտի ընտանիք կազմի, որ ի՛ր երեխաները վայելեն ի'ր պահած հայրենիքը... Պատերազմի մասին պատմելիս նա հիշում է, որ ամեն օր կռվել են հաղթանակի վստահությամբ. գնացել են ուրախ, կատակներով, իսկ արդեն զոհեր, վիրավորներ տալուց հետո` զայրույթով, ցավով, բայց մինչև վերջ ամուր, պայքարող, չհանձնվող։ «Մեր ուժերով հասանք առաջնագիծ, ուրախ էինք ճանապարհին, գնում էինք հաղթելու, ազատագրելու մեր պատմական տարածքները»։

Արմանը պատմում է ինչքան քիչ էին իրենք, ինչքան էին ուրախանում ամեն նոր օգնական ուժ ստանալիս, ինչքան մեծ գործ են արել այդ քչով... ու նորից զայրանում֊խենթանում` ինչպես գրչով չպահեցին իրենց արյունով պահածը։ «Իսկ հետո թշնամուն հանձնեցինք այն, ինչ ինքը երբեք չէր կարող վերցնել. սկուտեղի վրա հանձնեցինք Քարվաճառը, Շուշին, Բերձորը` Մեհրիբանի ծննդի նվերը»։

Արդեն 2021֊ին Արավուսի դիրքերում Արման Վարդանյանը բանակցություններ է վարել կորպուսի հրամանատար թուրք գեներալի հետ, ով պահանջում էր նահանջել իրենց դիրքից` ցույց տալով ինչ֊որ GPS քարտեզներ։

Հրաժարվել է կտրուկ, առավել ծանր սպառնալիքներ ներկայացրել նրա սպառնալիքների դեմ, պահել դիրքը։ Արդեն հաջորդ օրը «մեր կողմից» են փորձել հանձնել դիրքը. մեր բանակի մի գեներալ Արման Վարդանյանին փորձել է զինաթափել և իջեցնել դիրքերից։ Ինքն առավել կտրուկ է արձագանքել, պահել իրեն վստահված տարածքը։

Արման Վարդանյանը դիմում է նորակոչիկների ծնողներին` պահանջելով չտալ խելացի հեռախոս նրանց, քանի որ զինվորները հաճախ այնպես են տարվում մոլախաղերով, որ չեն նկատում մոտեցողներին։ Իսկ այդպես կարող են դիվերսիոն խմբի զոհ դառնալ և պատճառ` ընկերների գերեվարման։ Եվ ընդհանրապես, անդադար ՊՆ֊ից պահանջել բարենորոգել բանակը, ոչ թե միայն սեփական երեխայի ծառայության օրերը հաշվել, թեթևացած շունչ քաշել, երբ զոհն ինքը չէ։

«Բանակում հաշված թվով սպաներ կան, որ մտածում են իրենց զինվորի, երկրի մասին... Չեմ հարգում գեներալիներին, իրենց համար ավելի լավ կլիներ շինարար լինեին»,֊ ասում է զայրույթով։ Ծանր բեռ է վերցնում իր վրա Արման Վարդանյանը. բարձրաձայնում է գերիների մասին այն, ինչ մտածում են զինվորները, բայց, սովորաբար, չեն ասում... Նա նշում է, որ շատ կուզեր լուրերից տեղեկանալ, թե ինչ ենք անում պատերազմին պատրաստվելու համար, բայց փոխարենը բոլորովին այլ տրամադրությամբ այլ բաների են խոսվում։

«Ու մենք նորից ունենալու ենք տարածքի կորուստ ու զինվորների կորուստ... ցավոք սրտի, դա ունենալու ենք,֊ ասում է` ընդգծելով,֊ շուտով»։

Ամենից շատ դիտված