Խոսք 4 տարի առաջ - 19:04 30-06-2021

Կան պայքարի և հաղթանակի ճամփաներ, կան հայրենիքի և դրա փրկության համար զոհվելու ճամփաներ. պատերազմի մասնակցի օրագիրը

Օրագիր.news-ի զրուցակիցն Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Վազգեն Գրիգորյանն է։ Նրա պատմությունը դեռ շարունակություն ունի։ Ասում է՝ կպատմի այն ժամանակ, երբ ամեն բան իր հունի մեջ ընկնի։

Անցնում էին օրերն առանց օրացույցի և ժամերն առանց ժամացույցի․․․
- Փորեք, տղերք, ինչքան խորը փորեք, էդքան անվտանգ կլինեք։
Փորում էր մեկը, երկուսը... բոլորս էինք փորում։
Խրամա՞տ, փո՞ս, թե՞ գերեզման․ հարցին, թե ի՞նչ եք փորում, տղերքից մեկը պատասխանեց՝ եղբայրական գերեզման ենք փորում։


Հոգնած դեմքերիս մի պահ ժպիտ իջավ։ Փորելը շարունակում էինք։ Քրտինքը միախառնվում էր անձրևին ու կաթում հողին։ Խոնավ հողը չէր ջերմացնում մեր փորելը, այլ ծանրացնում էր մեզ՝ դժվարացնելով տեղաշարժը։ Առանց այն էլ ծանրացած էր մեր հոգին։ Ամեն մի բահի նոր աշխատանք իր հետ բերում էր տխուր խոնավություն, հողի կանչ և ՎՐԵԺ։


Ես առաջին անգամ ատեցի կիսալուսինը։ Տասը օր դեռ չէր անցել հոկտեմբեր ամսից։ Կիսալուսինը, որը նման էր մանգաղի, կախվել էր Քարվաճառի երկնքից, գույժ կար կիսալուսնի լուսավորության մեջ։ Թուրքի նամազ էր ծորում նրա լուսավորությունից, որը պարգևելու էր նրանց հաղթանակ. իրենց հաղթանակը, բայց ոչ ՄԵՐ պարտությունը։


Աստվածաշնչում նկարագրված դժոխքն ավելի լուսավոր էր, քան գիշերվա ժամը 03։15-ի կիսալուսնի լուսավորությունը, քանի որ թուրքի աղոթք էր դիպել այդ մահիկի լուսավորությանը։ Փորում էի ու դիտարկում։ Փորում էի ու երազում։ Փորում էի ու մտածում. Ի՞նչ է, քի՞չ է աշխարհի հողը, որ ամեն մի մեռնող այդ հողն է դառնում։ Հող, որ խնձորի կամ խաղողի այգի էր, դարձավ խրամատ կամ սուրբ գերեզման։ Հող, որ շնչում էր վարդերի և մանուշակների բույրը, շնչեց վառոդի և ծխի հոտը։ Հող, որ լսում էր թռչունների դայլայլը և սրվող գերանդու ձայնը, լսեց ռումբերի պայթյունը և իսլամի ոռնոցը։ Հող, որին խառնվել էր գյուղացու արդար քրտինքը, խառնվեց արյունը։ Հող, որ զգացել էր մանկան առաջին քայլը, զգաց տանկի տեղաշարժը։

Գիշերն անցավ։ Ու կանցնեն գիշերներ․․․ Կգան առավոտները ու այն առավոտը, երբ նորից վարդերի և մանուշակների բույրը կտարածվի, երբ նորից խունկը կծխա եկեղեցիներից, այլ ոչ թե գերեզմաններից, երբ նորից կլսվեն ծիծեռնակների դայլայլը և սրվող գերանդու ձայնը, երբ հողը կզգա մանկան առաջին քայլը և ոչ թե տանկերի դղրդոցը։ Երբ խրամատները կդառնան այգիներ, և այս անգամ հողը կմշակվի, ու նորից միրգ կտան խնձորենիները և խաղողի վազերը, և չեն մնա ոչ մի դատարկ մառան ու ոչ մի դատարկ գինու բաժակ։ Մեզանից յուրաքանչյուրը յուրովի է ընկալում և պատկերացնում իր հայրենիքը։ Մեկի համար հայրենիքն իր գյուղն է, մյուսի համար՝ սահմանը կամ հայ զինվորը, երրորդի համար՝ իր աշխատանքը, մեկ ուրիշի համար՝ վարչապետը... վարչապետ Վազգեն Սարգսյանը. մենք մեր հայրենիքը չպետք է տեսնենք մեր տան պատուհանի բացվածքի չափով։
Հայրենիքը չի վերջանում դիմացի շենքով, այդ շենքի հետևում դեռ հազարավոր շենքեր կան։ Հայրենիքը չի վերջանում քո տան դիմացի մայթով։ Գոյություն ունեն հակառակ մայթեր, միակողմանի փողոցներ, ծուռ ու նեղ նրբանցքներ և խաչմերուկներ։ Ու ոչ բոլոր ճանապարհներն են տանում դեպի Հռոմ։ Կան պայքարի և հաղթանակի ճամփաներ, կան հայրենիքի և դրա փրկության համար զոհվելու ճամփաներ։ Եվ ի վերջո բոլոր ճամփաները տանում են մեր Շուշի...
Ես Վազգեն Գրիգորյանն եմ։
Ես ուսանող եմ։
Ես ՀԱՅ եմ։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան