Ներքին 3 տարի առաջ - 18:24 13-12-2022

Վոլկովը հանդիպման գնալ չի պատրաստվում, ռուսները ոչինչ չեն ասում, ամրանում են ճանապարհին

Երեկ առավոտից Ադրբեջանը փակել է Երևան-Ստեփանակերտ մայրուղին․ բնապահպանների անվան տակ՝ մի խումբ «ակտիվիստներ» պահանջում են հանդիպում ռուս խաղաղապահ առաքելության զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Վոլկովը հանդիպման չի գնում, ճանապարհը շարունակում է փակ մնալ, Արցախը՝ շրջափակման մեջ։

Վերջին ժամերին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահները մոդուլային տնակներ ու վրաններ են տեղադրում Երևան-Ստեփանակերտ մայրուղու փակված հատվածին։ Ամենայն հավանականությամբ,ռուս խաղաղապահները գիտեն, որ «բնապահպանների» պահանջով Վոլկովը չի գալու բանակցությունների, և այս ակցիան դեռ երկար է շարունակվելու։

Ռուսական կողմը նաև պաշտոնական հաղորդագրությամբ դիրքորոշում չի հայտնում․ դեռ առավոտյան հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և ս․թ․ հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների իրականացման որոշ գործնական ասպեկտներ, ներառյալ՝ Հարավային Կովկասում տնտեսական և լոգիստիկ կապերի վերականգնման ծրագրերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին»,- հաղորդել էր Կրեմլը։ Այլ հարցերի մասին մինչ այս ժամը լռություն է։

Իսկ ճանապարհի փակման արդեն երեսուներորդ ժամն է։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության՝ Ադրբեջանի այս գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի։ Ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման կամ վերագործարկման անհրաժեշտությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է՝ այս նպատակով առաջիկայում խորհրդակցություններ կսկսեն միջազգային գործընկերների հետ:
«Միջազգային պարտավորությունների, այդ թվում նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով ստանձնած հանձնառությունների անշեղորեն կատարումը, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարումը, հրադադարի ռեժիմի խստորեն պահպանումը, Լաչինի միջանցքում՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո տեղաշարժի անխափան իրականացումը առանցքային են ԼՂ հիմնախնդրի քաղաքական հանգուցալուծման, տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման, ժողովուրդների խաղաղ համակեցության համար», - նշված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Արցախի խորհրդարանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է պահանջել՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կանխարգելելու ուղղությամբ գործնական քայլեր կիրառելու համար։

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խնդրել է համախմբվել․ «Դիմում ենք ՀՀ իշխանություններին և ժողովրդին, սփյուռքահայությանը, Արցախում ապրող մեր հայրենակիցներին ՝ հանուն Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության պաշտպանության, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, այլապես վաղը ուշ կլինի»:

Այսօր Երևանում հրատապ ակցիա էին կազմակերպել արցախցի երիտասարդները, ովքեր ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ-ում գործող տարբեր երկրների դեսպանատների առաջ պահանջել են պարտավորեցնել Ադրբեջանին կատարել նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերը։ Արցախում շարունակում են ապրել առօրյա հոգսերով՝ անընդմեջ թարմացնելով լուրերի ժապավենը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ