ԵՄ դիտորդական առաքելությունն ավարտվում է, անկատար են մնում իշխանության հույսերը
copy image url

ԵՄ դիտորդական առաքելությունն ավարտվում է, անկատար են մնում իշխանության հույսերը

Ներքին 2 տարի առաջ - 12:48 13-12-2022

Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ․ երեկ հայտարարեց Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ նման որոշում է կայացվել Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելում երկու օր առաջ տեղի ունեցած նիստին։

Բորելի գնահատմամբ՝ առաքելության աշխատանքն «արդյունավետ» էր․ նա չխոսեց առաքելության ժամկետը չերկարաձգելու որոշման պատճառների մասին՝ նշելով, որ «և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ պայմանավորվածության համաձայն»՝ առաքելությունն իր գործունեությունը կավարտի դեկտեմբերի 19-ին։ Սակայն նա մանևրելու միջակայք թողեց․ «Որպես Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության միջնորդ՝ մեր հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ․ այն կնախապատրաստի հնարավոր քաղաքացիական առաքելության այցը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի»:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը Հայաստան-Ադրբեջան փաստացի շփման գծում դիտորդական երկամսյա առաքելություն է տեղակայել ադրբեջանական զինված ուժերի սեպտեմբերյան հարձակումից մոտ մեկ ամիս անց Պրահայում կայացած՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման արդյունքում:

40 անզեն դիտորդ, ըստ Եվրամիության, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային շրջաններում պիտի դիտարկեին իրավիճակը՝ նպաստելու երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։ Առաքելությունը հետաքննություն չէր կարող իրականացնել, չէր կարող դատավճիռ տալ, քաղաքական բնույթի եզրակացություններ անել, այլ միայն պիտի փոխանցեր իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները եվրոպական կառույցներին ու ծառայություններին:

Թե ինչ տեղեկատվություն են փոխանցում դիտորդները, հայտնի չէ․ չկա որևէ պաշտոնական տեղեկատվություն, որ հղում կաներ դիտորդների զեկույցներին։

Օրեր առաջ ԵՄ դիտորդական խմբի մանդատի երկարաձգման անհրաժեշտության մասին խոսեց պաշտոնական Փարիզը՝ նշելով, որ դա ոչ միայն իրենց համոզմունքն է, այլև՝ հայերի ցանկությունը։ «Լարվածությունը երկու երկրների միջև պահպանվում է՝ ինչպես սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում․ և դա ցույց է տալիս բացակայությունը անվտանգության երաշխիքների, որոնք Ռուսաստանը հավակնում է բերել տարածաշրջան»,- նշել էր Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։

Իսկ մենք նշենք, որ երբ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում որոշվեց Հայաստան ուղարկել Եվրամիության դիտորդական խումբ, իսկ հոկտեմբերի 20-ին, խումբը ժամանեց Հայաստան, ոչ միայն արևմտամետ քաղաքական գործիչները, այլև՝ իշխանության բարձր օղակներից շատերը ոգևորությամբ ընդունեցին այդ փաստը՝ ԵՄ առաքելությունը դիտարկելով ռուսական ներկայությանը հակակշիռ։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարևորեց ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ներուժը՝ տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համատեքստում:

ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը ևս կարևորեց ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ համոզմունք հայտնելով, որ այն իր նպաստը կբերի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին ծավալված ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանային անվտանգության նոր ներդրված կարևոր մեխանիզմ է՝ հատուկ շեշտելով, որ կարիք կա դրա ծավալման ժամկետների երկարացման, ինչը թույլ կտա առավել երկար ժամանակով կայունություն բերել տարածաշրջան, որպեսզի հնարավոր լինի հասնել երկարատև խաղաղության երկու երկրների միջև։

Եմ դիտորդների մասին հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Շատ կարևորում եմ, ուզում եմ բարձր գնահատել ԵՄ դիտորդների ներկայությունը, կարծում եմ, որ նրանք իրենց գործունեության արդյունքում ավելի խոր հետևություններ պիտի անեն, և այդ հետևությունները պիտի փոխանցեն դելիմիտացիայի գործընթացում ներգրավված պաշտոնյաներին և միջազգային հանրությանը: Կարծում եմ և վստահ եմ, որ այդ հետևությունները կլինեն օբյեկտիվ, այսինքն՝ նրանք հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգ չեն իրականացնում, նրանց առաքելության էությունն ավելի խորն է. Պրահայի հայտարարության համատեքստում, երբ կա ըստ էության ճանաչված սահման, նրանք պետք է ճշտեն հարաբերություններն այդ ճանաչված սահմանի հետ»։

ԵՄ դիտորդների աշխատանքը բարձր գնահատեց նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ վերահաստատելով առաքելության աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ասաց․ «Լիահույս եմ, որ ԵՄ դիտորդների ներկայությունը մարզում հնարավորություն կտա՝ ավելի օբյեկտիվ գնահատել առկա իրավիճակը և նպաստել խնդիրների խաղաղ կարգավորմանը»։

Այժմ, Երևան-Ստեփանակերտ ճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից փակվելու հետնանկարին կայացվում է ԵՄ դիտորդական առաքելություն չերկարաձգելու որոշումը, և մոտ մեկ շաբաթ անց մեր երկրից կհեռանան դափնիներով ժամանած դիտորդները, որ այդպես էլ չիմացանք՝ ինչ արեցին և ինչ արդյունավետությամբ։

Ամենից շատ դիտված