Ներքին 11 ամիս առաջ - 09:10 09-06-2025

Դավիթ Համբարձումյանը կընտրվի՞ ՀՀԿ նախագահ

Հունիսի 7-ին «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու առաջադրեց Դավիթ Համբարձումյանին։ Ընդդիմադիր տրամադրված հանրության մեծ մասի համար սա անակնկալ էր։

Ինչո՞ւ ՀՀԿ-ն առաջադրեց Դավիթ Համբարձումյանին։

Նրա առաջադրումը իմպիչմենտի գործընթացի պահանջն է։ Թվաբանական առումով՝ այն անիրագործելի է։ Ընդդիմությունն այդքան ձայն չունի ԱԺ-ում։ Այսինքն՝ իմպիչմենտի գործընթացում ՀՀԿ թեկնածուի հաջողությունն անհավանական է։ Հետևապես՝ քաղաքական հետաքրքրությունը պետք է փնտրել այլ տեղ։

Նախընթաց 7 տարիներին Մասիսի համայնքապետը քաղաքական հայտարարություններով հանդես չի եկել, քաղաքական իրադարձությունների վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել։ Նա, որպես քաղաքական գործիչ, քիչ է հայտնի։ Այսինքն՝ Փաշինյանի համար հարմար, թույլ մրցակից է։ Փաշինյանի և Համբարձումյանի համեմատությունը որոշ տեսանկյունից վերջինիս օգտին չէ։ Եվ չնայած՝ վարչապետի թեկնածուն համախմբման կոչ է արել բոլոր ընդդիմադիր ուժերին, վճռականություն ներշնչել, սակայն չի բացառվում, որ նույնիսկ խորհրդարանական ընդդիմության շարքերում կլինեն մարդիկ, որոնք նախապատվությունը Դավիթ Համբարձումյանին չեն տա։ Այս առումով՝ լավատեսները կարծում են, թե Դավիթ Համբարձումյանին առաջադրելը պարունակում է ակնարկ, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է աջակցել Նիկոլ Փաշինյանին, ինչպես 2018-ին հանձնեց իշխանությունը, ինչպես 2021-ին դարձավ ՔՊ-ի համար հարմար ընդդիմություն, այնպես էլ առաջիկայում է աջակցելու։

Դավիթ Համբարձումյանի առաջադրումը նաև խորհրդանշական է։ Թեկնածուն բոլորին է հայտնի Թավշյա հեղափոխության օրերին հեղափոխականներին ծեծելու գործով։ Գրեթե բոլորը նրա անունը կապում են Փաշինյանի համակիրներին ծեծելու փաստի հետ։ Ենթադրելի է, որ նրա թեկնածության առաջադրմամբ ակնարկ է հղվում հանրությանը, թե գալիս են՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների ջարդը տան։ Եթե այդպիսի բան ասեր, օրինակ՝ Էդմոն Մարուքյանը, ապա մարդիկ չէին հավատա։ Իսկ եթե Դավիթ Համբարձումյանն ասի, թե գալիս է հեղափոխականների ջարդը տա, բոլորն էլ կհավատան, քանի որ մեկ անգամ նա ապացուցել է, որ կարող է անել։

Դավիթ Համբարձումյանն ունի լոկալ ժողովրդականություն։ Մասիսում նա կարողացել է մնալ իշխանության, քաղաքապետի պաշտոնում, շարունակում է պաշտոնավարել, ի հեճուկս ՔՊ-ական կառավարության։ Սա վստահություն է ներշնչում, որ և շատ հավանական է, որ 2026-ի ընտրություններում Դավիթ Համբարձումյանը կգլխավորի ՀՀԿ ցուցակը։

Հարկ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, թե ՀՀԿ-ն իշխանության չի ձգտում։ Այնինչ՝ իշխանափոխությունը ներքաղաքական նպատակ չէ։ Սա կարող է ապացուցել ցանկացած քաղաքագետ։ Իշխանափոխության կարող են ձգտել Սիրիայում, Իրաքում, բայց Հայաստանում հայկական քաղաքական ուժերը իշխանության են ձգտում։ Եվ անհասկանալի է, թե ինչու փորձառու ՀՀԿ-ն չի ձգտում իշխանության։ Լավատեսորեն ենթադրելի է, որ նրանք կարծում են, թե ներկա իրավիճակում Սերժ Սարգսյանը չի կարող իշխանության հասնել։ Հոռետեսական վարկածով՝ Սերժ Սարգսյանը չի ուզում առաջադրվել, որ չխանգարի Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ՀՀԿ-ին լրիվ կբավարարի այն, որ 2026-ին նրանք կրկին անցնեն ԱԺ, նորից զբաղեցնեն իրենց 5-6 աթոռները, վարեն ՀՀԿ-ի գաղափարախոսության հետ առնչություն չունեցող թույլ ռուսամետ կուրս։ Այս առումով՝ Դավիթ Համբարձումյանն ամենահարմար թեկնածուն է։

Կարճ ասած՝ 2026-ի ընտրություններից 1 տարի առաջ հանրությանը ներկայացվեց վարչապետի նոր թեկնածու, հանրությունը հուսադրվեց՝ հեղափոխականների ջարդը տվողն է եկել։ Սակայն հիշողությունը թարմ է։ Բոլորն են հիշում, թե ինչպես Սերժ Սարգսյանը իշխանությունը հանձնեց Փաշինյանին։ Եվ նույնիսկ հեղափոխական ծեծողին վարչապետի թեկնածու առաջադրելը չի փոխի այս պատկերը։ Այն որոշակի կփոխվի, երբ վարչապետի թեկնածուն ընտրվի նաև կուսակցության նախագահ, ինչպես անում են նորմալ երկրներում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան